Մատչելիության հղումներ

Խորվաթական զարմանահրաշ եւ թանկարժեք բիոզուգարանների ոդիսականը Հայաստանում


«Ազատություն» ռադիոկայանի թղթակցին այսօր ի վերջո բախտ է վիճակվել տեսնել Հայաստանի կառավարության կողմից ավելի քան 150 հազար դոլարով ձեռք բերված բիոզուգարանը:

Թանկարժեք այդ զուգարաններից մեկը տեղադրված է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, մյուսը` Տաթեւի ճոպանուղու հարեւանությամբ:

Այս զարմանահրաշ զուգարանների խնդրին կառավարության վերջին նիստում անդրադարձան անգամ վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը. այդ պատճառով որոշեցինք անձամբ այցելել եւ պարզել, թե ինչ ծառայություններ է մատուցում թանկարժեք այդ զուգարանը, որն ըստ կառավարության` պետք է խթանի զբոսաշրջությունը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ տեղակայված երկտեղանոց երկաթյա զուգարանի վրա մանրամասն գրված էր օգտվելու կանոնները, նաեւ այն, որ ծառայությունն արժե 200 դրամ: Սակայն որքան էլ փորձեցինք 200 դրամանոց մետաղադրամով բացել զուգարանի դուռը, չստացվեց: Եկեղեցում աշխատող կանանցից մեկից պատահաբար իմացանք, որ նախ պետք է դիմել հատուկ մի մարդու, ով պետք է միացնի զուգարանը:

«Պիտի աստիճան բերի, որ բացվի, չգիտեմ` աստիճանով բարձրանում է, որտեղից է միացնում: Օրվա մեջ մի անգամ միացնում է, մի անգամ էլ անջատում է», -ասաց եկեղեցում աշխատող կինը:

Զուգարանը միացնող անձը եկեղեցու տնտեսվարն է: Արթուրն ասաց, որ զուգարանը չի միացրել, քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է, ինքն էլ աշխատանքի չէր գալու, իսկ սովորաբար աշխատանքային օրերին զուգարանը միացնում է առավոտյան ժամը 8-ին եւ անջատում երեկոյան 8-ին: Արթուրի փոխանցմամբ` զուգարանը գտնվում է Ազգային մրցունակության հիմնադրամի հաշվեկշռում եւ դեռեւս չի հանձնվել շահագործման, այդ իսկ պատճառով դրա օգտագործման ֆիքսված գրաֆիկ դեռեւս գոյություն չունի, հետեւաբար երբ եկեղեցում աշխատանքը վերջացնում է, զուգարանն էլ փակում եւ տուն է գնում:

«Քանի որ պատասխանատվությունը իմ վրա է, իմ աշխատանքներն էլ շատ են, սա ուղղակի կողքից ես համակարգում եմ, ես ֆիզիկապես ի վիճակի չեմ ենթադրենք, մինչեւ քանիսը մնամ ստեղ», - ասաց Արթուրը` հավելելով, որ օրական մոտ 10-15 հոգի է օգտվում զուգարանից:

Մեր խնդրանքով Արթուրը միացրեց զարմանահրաշ զուգարանը, ապա պատմեց, որ այնտեղ ամեն ինչ սենսորային է, ջուրը ինքն իրեն գալիս է, օճառը ինքն իրեն հոսում է, ապա զուգարանը ախտահանիչ նյութերով ինքնալվացվում է: Ի դեպ, երբ զուգարանի դռները բացվեցին, այնտեղ հնչում էր ռուսական ռոմանտիկ «Նատալի»
երգը: Արթուրը հպարտացավ, որ անգամ կարող են ձայնասկավառակներ դնել, անգամ գովազդային վահանակներ կարելի է տեղադրել:

Նշենք, որ այս, ինչպես նաեւ Տաթեւի ճոպանուղու հարեւանությամբ տեղակայված մյուս զարմանահրաշ զուգարանները գնվել են Հայաստանի կառավարության 2010 թվականի որոշմամբ` էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին: Զուգարանի ձեռքբերումը հանձնարարել է իրականացնել Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնին` տրամադրելով դրա համար 100 միլիոն դրամ: Կենտրոնն էլ առքուվառաճքի պայմանագիր է կնքել Խորվաթիայում գտնվող «Եվրամոդուլ» ընկերության հետ` «SuperNova2C» եւ «SuperNova2CM» տեսակի ավտոմատ զուգարաններ ձեռք բերելու նպատակով: Ապրանքը Հայաստան է ներկրվել եւ մաքսազերծվել 2011-ին, սակայն ինչպես փաստում է Վերահսկիչ պալատը, Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը չի ապահովել այդ զուգարանների տեղադրումը: Բացի այդ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղակայված զուգարանները չեն շահագործվում եւ չի ապահովվել ծախսված գումարների վերադարձելիության պահանջի կատարումը, հետեւաբար կառավարության կողմից 100 միլիոն դրամի կատարած ծախսը որակվել է անարդյունավետ եւ աննապատակ:
Ընդհանուր առմամբ այս զուգարանների վրա կառավարությունը ծախսել է մոտ 124 միլիոն դրամ:

Տարօրինակ է, թե ինչու է կառավարությունը որոշել նման շքեղ զուգարաններ գնել, հատկապես, որ կարելի էր ավելի էժան տարբերակներ ձեռք բերել:

«Ազատություն» ռադիոկայանին հաջողվեց կապվել Խորվաթիայում գտնվող «Եվրոմոդուլ» ընկերության հետ, որից գնվել են «SuperNova» տիպի զուգարանները: «Եվրոմոդուլի» աշխատակիցը ասաց, որ իրենք ունեն, օրինակ, 10-20 հազար եվրո արժողությամբ զուգարաններ, բայց այն, ինչ իրենք ուղարկել են Հայաստան, շատ յուրահատուկ զուգարան է. այն ոչ միայն ավտոմատ է, եւ չժանգոտվող պողպատից, այլեւ ունի բանկոմատ տեղադրելու հնարավորություն, անգամ երաժշտական համակարգ:

«Դա էժան բան չէ, բարձ կարգի զուգարան է», - ասաց «Եվրոմոդուլի» ներկայացուցիչը` ընդգծելով, որ նմանատիպ զուգարանները ավելի քան 60 հազար եվրո արժեն:

Հարցին, թե կարո՞ղ է զուգարանը 100 հազար դոլարից ավելի արժենալ, աշխատակիցն ասաց` այո, ամեն ինչ կախված է գնորդի ցանկությունից, եթե ուզում է, կարող են նույնիսկ «սվարովսկի» թանկարժեք քարերով զարդարել զուգարանը:

Թե ինչու է Հայաստանի կառավարությունը ամենաթանկ զուգարաններից մեկը պատվիրել, անհայտ է: Հասկանալի չէ նաեւ, թե այդքան ծախսից հետո ինչու Տաթեւի ճոպանուղու հարեւանությամբ տեղադրված զուգարանը չի աշխատում, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ տեղադրված զուգարանի շահագործումը հանձնարարվել եկեղեցու տնտեսվարին: Մինչդեռ կառավարությունը նպատակ ուներ այս զուգարաններով երկրում զբոսաշրջությունը խթանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG