Մատչելիության հղումներ

Ջհանգիրյանը իրեն գործարքի մեջ մեղադրողներին «անլուրջ մարդիկ» է համարում


ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյան
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյան
Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծի համահեղինակ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը համաձայն չէ այն պնդումներին, որ Ազգային ժողովում նախագծի քվեարկությունը տապալելով` իշխող Հանրապետականը «խաբեց» Կոնգրեսին. իսկ իրեն գործարքների մեջ մեղադրողներին Ջհանգիրյանը որակում է «անլուրջ մարդիկ»:

Հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ Կոնգրեսը հանդես եկավ անցած տարեվերջին, բայց իշխող կուսակցության հետ համաձայնության եկան հարցի քննարկումը տեղափոխել նախագահական ընտրություններից հետո: Գագիկ Ջհանգիրյանին այդ ժամանակ մեղադրեցին իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ: Այնուհետեւ մարտի 15-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը հանրապետական Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ դրական եզրակացություն տվեց որոշակի փոփոխությունների ենթարկված նախագծին: Հարությունյանը վստահեցրեց, որ գործընթացը վիժեցնելու ցանկություն չունեն, բայց անցյալ շաբաթվա լիագումար նիստում հանրապետական պատգամավորները նախագծին դեմ քվեարկեցին եւ տապալեցին հանձնաժողովի ստեղծումը:

Ջհանգիրյանը չի կարծում, որ ի սկզբանե եղել է հանձնաժողովի ստեղծումը ձախողելու քաղաքական որոշում, պարզապես իշխանությունները ժամանակ են ձգել մինչեւ ընտրական գործընթացների ավարտը:

«Քանի որ որպես նախագծի համահեղինակ` ես մասնակցում էի կառավարող կոալիցիայի հետ այդ քննարկումներին, իմ տպավորությունն այնպիսին է, որ ի սկզբանե եղել է որոշում այդ հանձնաժողովը ստեղծելու մասին, կոալիցիան այդպիսի որոշում ունեցել է, բայց հետո դա մտահոգություն կամ անհանգստություն է առաջացրել իրավապահ մարմինների որոշ պաշտոնատար անձանց մոտ, եւ այդ անհանգստությունը, վախը, գործադիրի խողովակներով փոխանցվել է Ազգային ժողովի մեծամասնությանը: Ես այսպես` լավատեսական վարկածով եմ առաջնորդվում եւ կարծում եմ, որ քաղաքական որոշումը, եթե ի սկզբանե չլիներ ի նպաստ հանձնաժողովի ստեղծմանը, այդ նախագիծը պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն չէր ստանա եւ առաջ չէր շարժվի: Հանրապետականի, կամ իշխող կոալիցիայի համար ավելի հեշտ էր այդ նախագիծը մերժել հանձնաժողովում, եւ ոչ թե լիագումար նիստում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց պատգամավորը` շարունակելով. - «Ինչ վերաբերում է ընտրական գործընթացների հետ կապի մասին հարցադրումներին, քանի որ արդեն նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին արդեն պարզ էր, որ Հայ ազգային կոնգրեսը թեկնածու չի ունենալու նախընտրական այդ փուլում, եւ փաստացի առաջադրված թեկնածուներից ոչ մեկը Մարտի 1-ի հարցը իր քարոզչության մեջ չէր օգտագործում, չեմ կարծում, որ դա որոշման փոփոխություն էր ընտրությունների արդյունքներից ելնելով, չեմ կարծում»:

«Գիտեք, մեզ որեւէ բան չէին անձամբ խոստացել, որ խաբեին»,- շարունակեց պատգամավորը. - «Ժողովրդին էին խոստացել, որ էդպիսի հանձնաժողով պիտի ստեղծեն եւ այդ հանձնաժողովը չստեղծեցին, իրենք իրենց խոսքը չեն հարգել, կամ չեն կարողացել իրենց խոսքը պահել: Մեզ ի՞նչ էին խոստացել: Որեւէ գաղտնի, անդրկուլիսյան բանակցություն չի եղել, պայմանավորվածություն չի եղել, ամեն ինչ եղել է հրապարակային: Խաբել-չխաբելու խնդիր չկա»:

Այն կարծիքներին, որ հանձնաժողովի խնդիրը նախագահական ընտրություններից հետո տեղափոխելու հարցում գո՞ւցե Դավիթ Հարությունյանի հետ ինչ-ինչ գործարքների են գնացել , պատգամավորը պատասխանեց. - «Ի՞նչ գործարք, ո՞րն է գործարքի առարկան: Եթե ես չհամաձայնեի, իրենք պետաիրավական հանձնաժողովով էին իրենք դեմ քվեարկելու եւ, բնականաբար, նախագիծը լիագումար նիստ չէր մտնելու: Հիմա մենք առնվազն ստացանք հնարավորություն այդ նախագիծը լիագումար նիստում ներկայացնելու, հարցերին պատասխանելու, հնչեցնելու` ի վերջո.. Ես այստեղ գործարքի առարկա չեմ տեսնում, կարծում եմ, այդպիսի անհեթեթ լուրեր տարածողները անլուրջ մարդիկ են»:

Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախագծին, ինչպես հայտնի է, կողմ արտահայտվեցին ինչպես ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանը», որին ընդդիմությունը նախկինում բազմիցս է մեղադրել Մարտի 1-ի բախումներում դերակատարություն ունենալու մեջ: Քաղաքական շրջանակները անմիջապես սկսեցին հայտարարել, որ Կոնգրեսը, «հեռանկար չունեցող նախագիծը» առաջ քաշելով, «մաքրեց» ԲՀԿ-ին:

«Ինչպե՞ս մաքրեցինք, Բարգավաճը «կողմ» քվեարկեց. Ես համաձայն էի, որ Հանրապետականը եւս կողմ քվեարկեր եւ մաքրվեր, ո՞վ էր Հանրապետականի կամ «Օրինաց երկրի» ձեռքերը բռնել: Եթե դա «գործարք» է Բարգավաճին մաքրելու համար, թող իրենք էլ մաքրվեին… Մենք որեւէ մեկին չենք ստիպել դեմ քվեարկել, կամ չքվեարկել», - ասաց Ջհանգիրյանը:

Մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով զոհվածների ծնողներն այսօր հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանին եւ քննարկել հետագա անելիքները: Առաջիկա ծրագրերը դեռ չեն հրապարակվում, բայց պատգամավորը վստահեցնում է, որ շարունակելու են հետամուտ լինել բացահայտման խնդիրը քաղաքական օրակարգում պահելուն:
XS
SM
MD
LG