Մատչելիության հղումներ

ՌԴ նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ նորանշանակ դեսպանին, հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում եւ հույս հայտնել, որ իր գործունեության ժամանակահատվածում դեսպան Վոլինկինն առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների առավել ամրապնդման ու փոխգործակցության ընդլայնման գործում:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները տարեցտարի խորանում են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմա-տեխնիկական, հումանիտար, հաջողությամբ է զարգանում համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ, ինչպես նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում:

ՌԴ նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ իր գլխավորությամբ դեսպանության ամբողջ անձնակազմը կանի ամեն հնարավորը՝ ի նպաստ Ռուսաստանի եւ եղբայրական Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման: Նշելով, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունն առանձնանում է փոխըմբռնման աննախադեպ մակարդակով, դեսպան Վոլինկինն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկան նպաստում է հարուստ եւ կառուցողական քաղաքական երկխոսությանը, որի զարգացման գործում մեծ դեր ունեն երկու պետությունների ղեկավարների մակարդակով մշտական քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակի հաճախակի շփումներն ու փոխայցելությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG