Մատչելիության հղումներ

Ղեկին նստած շրջանավարտը կտուգանվի 20 հազար դրամով


«Վերջին զանգ»-ի կապակցությամբ ճանապարհային ոստիկանության տեսուչները մայրաքաղաքի բոլոր ավագ դպրոցների բակերում եւ հարակից փողոցներում վաղ առավոտից ծառայություն կիրականացնեն:

ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանն ասաց, որ այս տարի ճանապարհային ոստիկանությունը նախկին տասնօրյակի փոխարեն մայիսի 23-ից հունիսի 23-ը հայտարարում է անվտանգ երթեւեկության միամսյակ:

Մինչեւ միամսյակի վերջին օրը տեսուչները կշարունակեն իրենց աշխատանքները դպրոցների եւ հարակից բակերում: Սարգսյանի խոսքով՝ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ անկախ իրենց հորդորներից, շատ ծնողներ «Վերջին զանգ»-ի օրը ղեկը հանձնել են իրենց շրջանավարտ երեխաներին: Նախորդ տարի միայն մայրաքաղաքում գրանցվել է այդօրինակ խախտումների 30 դեպք եւ 4 ճանապարհատրանսպորտային պատահար:

Ղեկին նստած շրջանավարտը կտուգանվի 20 հազար դրամ, իսկ մեքենայի սեփականատերը ղեկը շրջանավարտին հանձնելու համար՝ 10 հազար դրամով:

Նորիկ Սարգսյանն ասաց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 22 պատահար երեխաների մասնակցությամբ եւ եղել է 1 զոհ:

Զրուցեցինք նաեւ շրջանավարտների ծնողների հետ: Նրանք ասում էին, որ անգամ տեւական խնդրանքներից հետո թույլ չեն տալու, որպեսզի երեխաները մեքենա վարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG