Մատչելիության հղումներ

Թիվ 04/23-ի ընտրողը եւ հանձնաժողովի անդամը կկանգնեն դատարանի առջեւ


Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները ընտրատեղամասերից մեկում
Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները ընտրատեղամասերից մեկում
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, գործը ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Լ. Միրզոյանը ընտրատեղամասում փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է երկու ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված մեկական քվեաթերթիկ։ Սակայն ընտրողը չի կարողացել քվեարկել` իր կամքից անկախ պատճառներով, քանի որ նրա այդ փորձը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից, փոխանցում է Հայաստանի դատախազության մամուլի ծառայությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Միրզոյանին քվեաթերթիկներ եւ ծրարներ տվել է թիվ 04/23 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Ա. Հարությունյանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով` «հանցակցություն մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն եւ քվեարկելու փորձին», Միրզոյանին` Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով` «մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ»:

Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG