Մատչելիության հղումներ

Մայիսի 23-ի մամուլ


«168 ժամ»-ը գրում է. - «Արմավիրի մարզ այցելելով` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը հաջողվել է լուծել ամենագլխավոր հարցը: Ինչպես հայտնի է, մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է այցելի Սարդարապատի հուշահամալիր, եւ գյուղացիները հայտարարել էին, որ այդ օրն իրենք փակելու են մայրուղին, որպեսզի կարողանան անձամբ հանդիպել Սերժ Սարգսյանին: Բայց գյուղացիները խոստացել են, որ չեն փակելու Սերժ Սարգսյանի ճանապարհը: Փաստորեն, Տիգրան Սարգսյանը, ըստ էության, կատարել է իր առաքելությունը. գյուղացիները կարող են գոհ չմնալ Տիգրան Սարգսյանից, բայց այն, որ Սերժ Սարգսյանը գոհ կլինի Տիգրան Սարգսյանի` Արմավիր կատարած այցից, ակնհայտ է»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «ԱԺ վերջին նիստերին հետեւող ՀՀ քաղաքացիները, կարծում եմ, ծանր ապրումներ ունեցան: Այդքան ցինիզմ, անամոթություն, չպատճառաբանված ինքնավստահություն մեկ դահլիճում՝ աննկարագրելի է: Գրեթե ամեն օր հանրապետության մի տեղանքում կայծ է բռնկվում՝ բողոքի հուսահատ մի ճիչ, որից հասկանալի է, որ մարդկանց համբերության պաշարն սպառվում է, իսկ իշխող կուսակցությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, թե՝ հաշտվեք այն իրողության հետ, որ առաջիկա 5 տարիներին Հանրապետականն է իշխելու»:

Կասկածի տակ առնելով Հատուկ քննչական ծառայության անաչառությունը` «Ժամանակ»-ի խմբագրականը նշում է, թե հնարավոր կլիներ մտածել, որ այդ ծառայությունն իսկապես անաչառ է, եթե ՀՔԾ-ն չմերժեր Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին ՀԱԿ-ի դիմումի քննությունը: Թերթը գրում է. - «Այս տեղեկատվության ֆոնին, մեղմ ասած, դժվար է հավատալ, որ ՀՔԾ-ն իսկապես լինելու է անկաշկանդ, իսկապես գործելու է անկախ եւ որեւէ մի ազդեցության չի ենթարկվելու: Այս ամենի լավագույն ապացույցը կարող էր լինել Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ դիմումի քննությունը, որը սակայն Հատուկ քննչական ծառայությունը մերժեց, եւ փաստորեն, ըստ էության, սրանով տապալվեց նաեւ Սերժ Սարգսյանի այցը ՀՔԾ եւ այնտեղ արված աղմկոտ հայտարարությունները, որոնք տեղի ունեցան մի քանի շաբաթ առաջ: Այսինքն` սրանով պարզ է դառնում, որ ՀՔԾ-ն լինելու է զուտ քաղաքական գործիք Սերժ Սարգսյանի ձեռքին, եւ քանի դեռ, օրինակ, Տարոն Մարգարյանը Սերժ Սարգսյանի մոտ դժգոհություններ չի առաջացրել, ՀՔԾ-ն նրան ձեռք չի տա: Կարելի է չկասկածել, որ հենց Տարոնը սկսեց դուրս մնալ Սերժ Սարգսյանի շահերի շրջանակից, Հատուկ քննչական ծառայությունն անպայման ինչ-որ բան կգտնի նրա դեմ գործ հարուցելու կամ քննություն սկսելու համար: Ինչպես ասում են, այս ամենն այն է, ինչ պետք էր ապացուցել»:

«Առավոտ»-ի մեկնաբանն անդրադառնում է Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանը. - «Թե ինչն է հիմք հանդիսացել, որ ՌԴ ԱԳ նախարարը վստահեցնի, որ ստատուս-քվոն անընդունելի է կողմերի համար՝ նա չի հստակեցրել: Երկար տարիներ կարգավորման գործընթացին հետեւող լրագրողները, փորձագետներն ու քաղաքական գործիչները միշտ էլ փաստել են, որ կողմերն իրականում ցանկություն չունեն փոխել ստատուս-քվոն, նույնիսկ Ադրբեջանը, որը առանձնանում է կոշտ հռետորաբանությամբ եւ ռազմաշունչ հայտարարություններով: Իսկ այն, որ՝ ՌԴ-ն ստատուս-քվոն անընդունելի է համարում՝ սա արդեն բավական անսպասելի ամրագրում է: Ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման գնալու ամենա ոչ շահագրգիռ միջնորդը մշտապես դիտարկվել է Մոսկվան՝ ի տարբերություն արեւմտյան երկրների, որոնք այս խնդրի լուծումը կապել են տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների, Հայաստանի եւ հարեւանների հետ սահմանների բացման հետ: Հիմա հարց է ծագում՝ այդ ո՞ր օրվանից ստատուս-քվոն անընդունելի դարձավ Մոսկվայի համար․․․ Սա Կրեմլի կողմից փոփոխված դիրքորոշման արդյո՞ւնք է, (եթե այո, ապա ՌԴ-ն վստահաբար կունենա հիմնավոր պատճառներ ու ակնկալիքներ), թե՞ հերթական ակնարկը, որն առավելապես կարելի է ճնշման փորձ համարել հայկական կողմի նկատմամբ․․․ Իհարկե, ՌԴ-ի պաշտոնյաները երբեք չեն էլ հայտարարել, որ կողմնակից են ստատուս-քվոյի պահպանմանը, սակայն Մոսկվային համարել ԼՂ կարգավորման ամենամոլի ջատագովը՝ չափազանցություն կլինի»:

«Կառավարությունը դատի է տվել «Արմավիային»՝ պահանջելով չվճարված «օդի փողը» վերնագրի ներքո «Օրակարգ» թերթը գրում է. - ««Արմավիա» ավիափոխադրողը մարտի 29-ին հայտարարեց, որ ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները եւ նախաձեռնում սնանկացման գործընթաց։ Ընկերությունը, սակայն, առայսօր չի դիմել դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու մասին դիմումով։ Գործընթացի ձգձգման պայմաններում դատարան դիմել է կառավարությունը՝ ընկերությունից պահանջելով մարել «օդի տուրքի» գծով կուտակած 7 միլիարդ դրամի հարկային պարտավորությունները»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG