Մատչելիության հղումներ

Ներքաղաքական նոր սկանդալ Վրաստանում


Վրաստան - Նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին ժամանում է շրջանային դատախազություն` հարցաքննության, որից հետո հայտարարվեց նրա ձերբակալության մասին, Քութաիսի, 21-ը մայիսի, 2013թ.
Վրաստան - Նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին ժամանում է շրջանային դատախազություն` հարցաքննության, որից հետո հայտարարվեց նրա ձերբակալության մասին, Քութաիսի, 21-ը մայիսի, 2013թ.

Ձերբակալվեց Միխեիլ Սաակաշվիլիի ամենամերձավոր զինակիցներից մեկը` Վանո Մերաբիշվիլին:

Աշնանը կայանալիք նախագահական ընտրություններից ամիսներ առաջ Վրաստանում կրկին ներքաղաքական սկանդալ է հասունանում: Երեքշաբթի օրը իրավապահները հայտարարեցին, թե ձերբակալել են նախագահ Սաակաշվիլիի ամենամերձավոր աջակիցներից մեկին՝ նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար, ներկայումս՝ Միացյալ ազգային շարժման գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին, ով մեղադրվում է մի քանի աղմկահարույց գործերով:

Դատախազությունը, մասնավորապես, պնդում է, թե 2012 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, նախկին վարչապետը՝ սոցապ նախարարի հետ, բյուջեից ավելի քան 3 միլիոն դոլար է վճարել՝ իբրեւ թե հազարավոր գործազուրկների աշխատանքով ապահովելու համար: Իրականում, սակայն, ըստ դատախազության, «գործի են տեղավորվել» նախագահ Սաակաշվիլիի կուսակցության ակտիվիստները՝ քաղաքական այս ուժի օգտին քարոզչություն ծավալելու համար:

Նախկին վարչապետից բացի ձերբակալվել է նաեւ սոցապահովության նախկին նախարար, Եվրախորհրդում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Չիաբերաշվիլին:

«Երկու բարձրաստիճան պաշտոնյաներն էլ ծրագրել եւ իրականացրել են ապօրինի գործողություններ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Միացյալ ազգային շարժման օգտին ձայներ գնելու, ինչպես նաեւ պետբյուջեից այս կուսակցության գործունեությունը ֆինանսավորելու համար», - հայտարարեց դատախազության ներկայացուցիչ Շոթա Տկեշելաշվիլին:

Կոռուպցիայից ու լիազորությունները չարաշահելուց բացի նախկին վարչապետը մեղադրվում է նաեւ հափշտակության մեջ: Իրավապահները, մասնավորապես, պնդում են, թե 2009 թվականին՝ ներքին գործերի նախարար աշխատելու տարիներին, Մերաբիշվիլին յուրացրել է գործարարներից մեկին պատկանող շքեղ առանձնատունը եւ մինչեւ վերջերս այն պահել իր վերահսկողության տակ:

Այս մեղադրանքները ապացուցվելու դեպքում նախկին վարչապետին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում, սա, սակայն, դեռեւս ամբողջը չէ. դատախազությունը հայտարարում է, թե գրեթե հաստատված է նաեւ Մերաբիշվիլիի մեղքը ընդդիմադիրների դեմ բիրտ ուժ կիրառելու եւ նրա գործունեությունը խստորեն քննադատող բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործերով:

Ինքը` Մերաբիշվիլին, ներկայացված մեղադրանքները չի ընդունում, քաղաքական այս ճամբարում հայտարարում են, թե իշխանության եկած նոր ուժն ընդամենը քաղաքական հաշվեհարդար է տեսնում, ինչի արդյունքում, սակայն, տուժելու են Վրաստանի հարաբերությունները Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ:

«Ուկրաինայում նախկին վարչապետին շատ ավելի լուրջ մեղադրանքներ են ներկայացվել, եւ ինչ վիճակում է հայտնվել Ուկրաինան դրանից հետո. Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացը սառել է, արդեն երկու տարի է՝ այդ երկիրը որեւէ առաջընթաց չի արձանագրել Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի ճանապարհին եւ այժմ էլ խնդիրներ ունի եվրոպական առաջատար տերությունների ու Միացյալ Նահանգների հետ», - երեկ հայտարարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ ընդգծելով, որ սա պետք է խորհելու տեղիք տա ոչ միայն վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, այլեւ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու:

Վարչապետ Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը, մինչդեռ, կտրականապես հերքում է քաղաքական դրդապատճառների մասին պնդումներն ու կոչ անում սպասել մինչեւ դատավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG