Մատչելիության հղումներ

«Բարեւ, Երեւանը» կդիմի ոստիկանություն. Դատարանը մերժեց դաշինքի հայցը


Լարված իրավիճակ երեւանյան ընտրատեղամասերից մեկում, 5-ը մայիսի, 2013
Վարչական դատարանը երկուշաբթի հրաժարվեց անվավեր ճանաչել Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները, որի պահանջով հանդես էր եկել ընդդիմադիր «Բարեւ Երեւան» դաշինքը:

Դատարանը մերժեց դաշինքի դիմումը, որով «Բարեւ, Երեւանը» վիճարկում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մայիսի 12-ի որոշումն առ այն, որ ընտրական գործընթացում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա: Հանձնաժողովի որոշումը դատարանը իրավաչափ համարեց:

Դաշինքը ներկայացրել էր մոտ 1000 էջից բաղկացած 9 հատոր նյութ Երեւանի 13 ընտրատարածքներից 10-ում ընտրախախտումների վերաբերյալ` օգտվելով
տեղամասային հանձնաժողովների գրանցամատյանների պատճեններից, հատուկ կարծիքների եւ արձանագրությունների պատճեններից, վերահաշվարկի ընթացքում արձանագրած դիտարկումներից եւ Transparency International կազմակերպության դիտարկումներից:

Սակայն եւ դատարանի, եւ ԿԸՀ-ի դիրքորոշումն այն էր, որ հանձնաժողովն իր որոշումը կայացնելիս հենվել է ընտրատարածքային հանձնաժողովների որոշումների վրա, որոնք «Բարեւ, Երեւան»-ը չի բողոքարկել:

«1000 էջ ներկայացված նյութերը բոլորը ընտրական հանձնաժողովներում քննված նյութեր են. էսպես հանիրավի քանակ ստեղծելու միջոցով ֆոն ստեղծելը հարիր չէ քաղաքական ուժին: Բերվել էր բոլոր, օրինակ, 464 տեղամասերի գրանցամատյանների պատճենները, ինչ նպատակ ուներ դա, ոչ ոք չկարողացավ հասկանալ, որովհետեւ այդ գրառումները բոլորը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները մեկ առ-մեկ ուսումնասիրել են եւ դրանց վերաբերյալ կայացրել են որոշումներ», - ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Հարցին` մերժել են գրառումներում ներկայացվածը՞, Սմբատյանը պատասխանեց. - «Այո, մերժել են, եւ կայացրել են որոշումներ, որ այդ գրառումներով արծարծված խնդիրները ընտրության արդյունքների վրա չեն ազդում: Եվ այդ որոշումներից ոչ մեկը քաղաքական այս ուժի կողմից չեն բողոքարկվել»:

«Ազատություն» ռադիոկայանի հաջորդ հարցին, թե խախտումների վերաբերյալ մատյաններում հանձնաժողովների անդամների ու վստահված անձանց գրառումները արդյոք փաստե՞ր չեն, Սմբատյանը հակադարձեց, որ այդ գրառումները կարող են լինել երեւույթների վերաբերյալ այդ անձանց «սուբյեկտիվ մեկնաբանությունները»:

«Բարեւ, Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նման պատճառաբանությունների վրա հենվելով դատարանն այդպես էլ չուսումնասիրեց խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ իրենց վկայակոչած կոնկրետ փաստերը, որոնք ըստ դաշինքի` «զանգվածային եւ պարբերական» բնույթ են կրել: Այժմ «Բարեւ, Երեւանը» կդիմի ոստիկանություն:

«Ընտրախախտումները ոչ ոք չի կարողանում հերքել, իսկ ընտրախախտումները քրեական խրոնիկա են: Եվ այդ բոլոր խախտումները մի կողմ թողնելով ասել, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, բնականաբար, ոչ մի բանականության եւ ոչ մի բարոյականության չի համապատասխանում», - ասաց Պետրոսյանը. - «Մեր հաջորդ քայլերից մեկը կլինի ոստիկանություն դիմելը, որովհետեւ այդ խախտումների մի ստվար մասը հաղորդումներ են հանցագործության մասին»:

«Բարեւ, Երեւան դաշինքի» հայցի մերժումից մերժելուց մեկ ժամ անց Վարչական դատարանում մեկնարկեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայցի քննությունը: Քննությունը վարում են հինգ դատավորներ: Կոնգրեսը ներկայացրել է Երեւանի ընտրատեղամասերի 1/3-ում` 146 տեղամասերում արձանագրված կոնկրետ փաստեր` ուրիշի փոխարեն բազմակի քվեարկությունների, քվեարկությունից առաջ կնիքների անհետացման, Երեւանի գրանցում չունեցող քաղաքացիների քվեարկության փորձերի, ընտրողների ուղղորդման, կարուսելի, այլ ընտրատեղամասերից ընտրողների բերելու, կեղծիքները բարձրաձայնած վստահված անձանց խոչընդոտելու եւ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու, ընտրողներին դեղին գույնի, կարմիր, կանաչ թանաքով գրիչներ բաժանելու վերաբերյալ: Ընդ որում` հայցադիմումում մեկ առ մեկ վկայակոչված են ընտրատեղամասերի համարները, կասկածելի անձանց անուն ազգանունները, ուրիշների փոխարեն քվեարկածների անձնագրերի համարները: Բացի այդ, Կոնգրեսը վերահաշվարկի ընթացքում օգտվելով քվեարկած անձանց ցուցակներից քաղվածքներ անելու հնարավորությունից, չորս ընտրատեղամասերում ուսումնասիրել եւ հայտնաբերել է ընտրությանը մասնակցած 37 անձանց ստորագրություններ, ովքեր, իրենց տեղեկություններով, Հայաստանից մշտապես բացակայում են եւ բնակվում են արտերկրում: Այս անձանց անուններն ու հասցեները մեկ առ մեկ ներկայացված են դատարանին:

Դատարանում Կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ այս պատկերը ստացել են ընտրանքային կարգով պատահական 200 հասցեներ ստուգելու արդյունքում, ուստի ինչ պատկեր կստանային, եթե հնարավորություն լիներ Երեւանի բոլոր քվեարկածների տվյալներն ուսումնասիրել:

«200-ի դեպքում 37 բացակայող ստորագրած քաղաքացին մեզ հիմք է տալիս ենթադրել, որ այդպիսիք բազմաթիվ են ընտրություններին մասնակցած ավելի քան 450 հազար ընտրողների մեջ», - ասաց Խաչատրյանը:

Կոնգրեսը համոզված է, որ ընտրությունների ողջ գործընթացը անցկացվել է Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, գործող մի շարք օրենքների կոպիտ եւ բացահայտ խախտումներով, որոնք կրել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող եւ պարբերական բնույթ, ազդել են ընտրությունների արդյունքների վրա, հետեւաբար այդ արդյունքներն անհրաժեշտ է անվավեր ճանաչել:

«10 տոկոս արդարադատության դեպքում մեր հայցը պետք է ամբողջությամբ բավարարվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը:

Դատարանը վճիռ պետք է կայացնի մինչ մայիսի 22-ը:
XS
SM
MD
LG