Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը ամռանը մի շարք հանդիպումներ կանցկացնի


Րաֆֆի Հովհաննիսյան. «Քաղաքացու պահանջը ժայթքելու է, Աստված տա` առանց զոհի»
please wait

No media source currently available

0:00 0:37:10 0:00

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը Նոր Հայաստան քաղաքացիական ազգային շարժումը կայացնելու նպատակով ամառային ամիսներն հանդիպումներ է անցկացնելու մարզերում եւ սփյուռքում:

Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, որ Նոր Հայաստան քաղաքացիական ազգային շարժումը կայացնելու նպատակով ամառային ամիսների ընթացքում հանդիպումներ է անցկացնելու մարզերում եւ սփյուռքում, իսկ արդեն աշնանը փորձելու է որոշակի ձեւաչափ տալ այս շարժմանը:

«Այս գործող օրենքից դուրս իշխանությունները վերեւից ներքեւ` մարզպետներ, գյուղապետեր հանդարտ ամառ չեն ունենալու: Մարզ առ մարզ, քաղաք առ քաղաք գալու ենք», ֊ նշեց ընդդիմադիր գործիչը։

Հովհաննիսյանն այսօր հերթական դահլիճային հանդիպումն էր կազմակերպել Երեւանում:

Հունիսի 15-ին «Ժառանգությունն» արտահերթ համագումար կհրավիրի: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց` իր գլխավորած կուսակցությունը նոր հանգրվանի մարտահրավերի առջեւ է կանգնած` ինչպես ապահովել համազգային պայքարի միասնական ճակատը:

Մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ եւս հանդիպումներ է անցկացնելու:

Իր այսօրվա ելույթում ընդդիմադիր գործիչը խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին գազի գնի հնարավոր բարձրացման համար, ասաց` խոստումները տվեցին, սպասեցին ընտրություններն անցնեն, հիմա էլ ամենամեծ խաբեությունն է, թե կառավարությունը 30 տոկոսով պետք սուբսիդավորի թանկացումը:

«Խնդրեմ, ռազմավարական գործընկերություն է, հարգանք բոլոր պետություններին, բայց ոչ նրանց ովքեր ուզում են մեր ժողովրդի իրավունքի, օրենքի, շահի հաշվին ստրուկ իշխանության միջոցով բանեցնել ռազմավարական գործընկերություն», ֊ ասաց Հովհաննիսյանը եւ ընդգծելով, որ հակառուսական տրամադրություններ չունի, հավելեց. ֊ «Միջազգային հարաբերությունների պրակտիկայում աննախադեպ է, որ սուվերեն` ինքնիշխան պետության հողերը, խարիսխները անվճար տրվեն որեւէ մեկին, անգամ ռազմավարական նշանակության գործընկերոջը: Իսկ այդ տվչության դիմաց պիտի բարձրացնեն գազի գինը ավելի քան 60 տոկոսով, եւ միաժամանակ նրանք, ովքեր պիտի բարձրացնեն, իրենց կուսակացական քրեաօլիգարխիկ շրջապատով մեր հաշվին պիտի հարստանան: Հայաստանը ժայթքելու է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ նստացույց անող ազատամարտիկների, կարկուտից տուժած գյուղացիների դժգոհություններին:

«Ինքս ինձ հետ ինչպե՞ս ապրեմ», - ասում էր ընդդիմադիր առաջնորդը:

Հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին անցած շաբաթ Տավուշի զորամասերից մեկում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հիշատակը:

«Ես չգիտեմ բանակում ավելի խոցող է, հակահայ է սպանությունը, թե ինքնասպանությունը, բայց որ մեր զինվորները խաղաղ պայմաններում իրենց զորամասում ամեն օր, օրը մեջ զոհվում են, մեկը մյուսին սպանում է կամ դրդում ինքնասպանության, արդյոք մեր հասարակության, պետության պատկերը չէ՞, այս իշխանության դատապարտագիրը չէ՞», ֊ հարցնում էր ընդդիմադիր գործիչը։

Այսօրվա հավաքին մասնակցում էին միայն Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունից որեւէ գործիչ չէր եկել` չնայած «Ժառանգության» ղեկավարի հնչեցրած կոչերին:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պատմեց, որ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում տոնական միջոցառումների ժամանակ իր եւ իշխանությունների այցի ժամը համընկել է, իրեն է մոտեցել ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը եւ նրանք կարճատեւ, բայց ուշագրավ երկխոսություն են ունեցել:

«Շնորհավորանքի փոխարեն ասաց, որ դու փորձում էիր ինձ գործից հանե՞լ ժողովրդի հետ», - պատմեց Հովհաննիսյանը ու հավելեց. - «Ես ընդհանրապես սովորություն չունեմ նման բաներ բարձրաձայնել, բայց կարծում եմ, որ տեղին է, որովհետեւ սա նախանշում է մեր պայքարը դեպի հաղթանակ: Ես պատասխանեցի, որ դուք ինչ անում եք իմ եւ ժողովրդի նկատմամբ, խախտում եք անում, իսկ այն, ինչ ես անում եմ ժողովրդի հետ, անում ենք ուղիղ, շիտակ, հրապարակային»:
XS
SM
MD
LG