Մատչելիության հղումներ

Տավուշի զորամասի միջադեպի առնչությամբ զինվոր է ձերբակալվել


Տավուշի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի առնչությամբ, որի հետեւանքով մեկ զինծառայող սպանվել է եւ մեկը` ծանր վիրավորվել, ձերբակալվել է վերջիններիս ծառայակիցը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, ձերբակալվածը 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանն է:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 15:30-ի սահմաններում, զորամասի պահակախմբում: Պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է, ինչի հետեւանքով Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել է, Հրաչյա Սարգսյանը` նույնպես գլխից ծանր վիրավորվել: Ե՛վ Ստեփանյանը, ե՛ւ Սարգսյանը պահակախմբում ընդգրկված 19-ամյա զինծառայողներ են:

Ըստ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված տեղեկատվության, Սարգսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:


Իրինա Հովհաննիսյան

Առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG