Մատչելիության հղումներ

Պռոշյանում պղծվել է ազատամարտիկների հուշարձանը


Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել. պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը, փոխանցում է ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը:

«Այսօր գյուղի կենտրոնում, պատերից մեկի վրա, լկտիացած հանցագործները հայհոյական գրություններ են թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին», - ասված է Դաշնակցության գերագույն մարմնի` երեկ երեկոյան տարածած հայտարարությունում:

Կատարվածը, ըստ Դաշնակցության գերագույն մարմնի, «երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսեւորումը չէ միայն. - «Այն Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական մարմիններին, պռոշյանցիներին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»:

«Մեզ համար ակնհայտ է. նմանօրինակ ցինիզմ հնարավոր է, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ», - ասված է հայտարարությունում:

«Ամեն ժամ պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրում Ազատամարտի զոհերի հիշատակի պղծումը բարոյական անկման վերջին սահմանն է, որ խարխլում է պետականության հիմքերը», - ընդգծում է Դաշնակցության գերագույն մարմինը` դատապարտելով «վանդալիզմի, ստորության այս ցուցադրական գործողությունը», իրավապահ մարմիններից պահանջելով արագ բացահայտել ե՛ւ այս վանդալիզմի, ե՛ւ Հրաչ Մուրադյանի սպանության հեղինակներին, իսկ երկրի ղեկավարությունից` գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի անվերահսկելիություն թույլ չտալու համար:

Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել է ապրիլի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG