Մատչելիության հղումներ

Կրթության ոլորտի լուծված ու չլուծված խնդիրները


Չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվեց պատաասխանել քաղաքական թեմայով որեւէ հարցի եւ խոսեց միայն միայն կրթության ոլորտից:

Արմեն Աշոտյանն ասաց, որ իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում եղել են մի շարք ձեռքբերումներ. դրանցից են` Հայաստանի շուրջ 140 համայնքներում նախադպրոցական կրթության հնարավորության ստեղծումը, երկու անգամ կրճատվել են մասնավոր բուհերի թիվը, առանց «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու նվազեցվել է տարկետում ստացող երիտասարդների թիվը, Հայաստանը դարձել է եվրոպական բարձրագույն կրթության մայրաքաղաքը` պաշտոնապես ստանձնելով Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի քարտուղարությունը:

Ըստ կրթության եւ գիտության նախարարի` չլուծված են մնացել կրթության որակի խնդիրն իր բոլոր մակարդակներում, կրթության ֆինանսավորումն ու արդյունավետությունը:

Հատկապես դպրոցի տնօրեն նշանակելու հարցում կամ նախընտրական շրջանում հաճախ են մեղադրանքների սլաքներն ուղղվում մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետարանին, որ այդ կառույցները դպրոցները դարձրել են իրենց համար ազդեցության օղակներ:

Աշոտյանից հետաքրքրվեցինք` մի՞թե նախարար լինելուց բացի, ՀՀԿ փոխնախագահի պաշտոնը չի կարող օգնել, որպեսզի հիմնական դպրոցները դուրս բերվեն քաղաքապետարանի եւ մարզպետարանների ենթակայությությունից եւ հանձնվեն կրթության նախարարությանը: Աշոտյանն ասաց, որ ինքը երազում է, որպեսզի Հայաստանի բոլոր դպրոցները լինեն ԿԳ նախարարության պատասխանատվության ներքո, եւ հավելեց, որ ոչ մի երկրում ոչ մի պետական կառավարման մարմին պատրաստ չէ սիրահոժար հրաժարվել ազդեցության լծակներից: Այս կերպ փաստորեն նախարարը նաեւ չբացառեց, որ հիմնական դպրոցները մարզպետների համար հաճախ հանդիսանում են նաեւ որոշ առումով ազդեցության լծակներ: Ըստ նախարարի` այս հարցը լուծելու համար նախ հարկավոր է մի քանի փորձնական ծրագիր իրականացնել, իսկ կառավարությունում այս ուղղությամբ կարծիքները տարբեր են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG