Մատչելիության հղումներ

Փոքրամասնությունների խնդիրների քննարկում Ստամբուլում


Տեսարան Ստամբուլից
Տեսարան Ստամբուլից

Հայազգի լրագրողի վկայությամբ` առաջին անգամն էր, երբ փոքրամասնությունների ներկայացուցիչները ռադիկալ պահանջներ էին ներկայացնում Թուրքիայի իշխանություններին:

Վերջերս Թուրքիայի իշխանությունները մտավորականներից բաղկացած հանձնաժողով ստեղծեցին, որի հիմնական նպատակը քրդերի հետ հաշտեցման գործընթացը առաջ մղելն է եւ ընդհանրապես փոքրամասնությունների խնդիրները ուսումնասիրելը:

63-հոգանոց այս հանձնաժողովում ընդգրկվել է նաեւ հայազգի լրագրող Էթիեն Մահչուբյանը: Հանձնաժողովում 7 ենթահանձնաժողովներ են ձեւավորվել` յուրաքանչյուրը մի ուղղությամբ աշխատելու համար:

Հանձնաժողովի «Մարմարա» խումբը` փոքրամասնությունների հարցերով ենթահանձնաժողովը, անցած կիրակի օրը Ստամբուլի Փերիքյոյ շրջանում Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցու սրահում հանդիպել է ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումը լուսաբանած` Hurriyet Daily News պարբերականի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ հանդիպումը տեւել է երեք ժամ, ապա հավելեց. - «Ինձ համար` իբրեւ պրոֆեսիոնալ լրագրող, շատ հետաքրքիր էր այդ ժամկետը, որովհետեւ բավականին մեծ ժամանակամիջոց է»:

Նա ասաց, որ փոքրամասնությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց պահանջները, ներառյալ` եկեղեցիների, դպրոցների, ազգային հիմնադրամների ունեցվածքի վերադարձ, դասագրքերի հետ կապված խնդիրներ, որտեղ տեղ են գտնում փոքրամասնությունների նկատմամբ թշնամանք սերմանող ձեւակերպումներ:

Հարություն Սանլին հանդիպման ժամանակ ասել է, թե այդ արտահայտությունները որքան հնարավոր է շուտ պետք է հանվեն դասագրքերից: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի ներկայիս իշխանության` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օրոք շրջադարձ է տեղի ունեցել փոքրամասնությունների նկատմամբ, կառավարությունը հիմա ավելի մոտ է, բայց նաեւ նշել է, որ կառավարության եւ փոքրամասնությունների միջեւ դեռ «կարմիր գիծ» կա:

Սանլին ընդգծել է, որ մոտավորապես երկու տարի առաջ հիմնադրամների օրենքի փոփոխությունով առաջին հերթին պետք է վերադարձվեին համայնքների սեփական տարածքները, բայց Ստամբուլի քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե կանաչ տարածքների կարիք ունեն:

Փոքրամասնությունների ներկայացուցիչները նաեւ մտահոգություն են հայտնել` հիշելով Թուրքիայի անցյալի դեպքերը, երբ հաշտեցման ձախողված փորձերից հետո սկսվել են բռնաճնշումները: Մասնավորապես, նրանց անհանգստացնում է քրդերի հետ հաշտեցման ներկայիս գործընթացի ձախողման դեպքում փոքրամասնությունների հանդեպ նոր բռնաճնշումների հնարավորությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցելով այս մանրամասները` Վերջիհան Զիֆլիօղլուն, միաժամանակ, նշց, որ առաջին անգամն էր, երբ փոքրամասնությունների ներկայացուցիչները ռադիկալ պահանջներ էին ներկայացնում Թուրքիայի իշխանություններին. -
«Սա պետք է ասել, որ փոքրամասնությունները առաջին անգամ գրեթե այսքան ռադիկալ իրենց պրոբլեմները, խնդիրները ի հայտ բերեցին»:

Ակնկալվում է, որ հանձնաժողովը իր զեկույցը Թուրքիայի իշխանություններին կներկայացնի հունիսի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG