Մատչելիության հղումներ

Աննախադեպ «Ալիեւապատում»


Այսօր Ադրբեջանում մեծ շուքով նշում են «համաժողովրդական լիդեր, հանճարեղ մարդ» Հեյդար Ալիեւի ծննդյան 90-ամյակը։

Ադրբեջանում նրա անվամբ են կոչել փողոցներ, հրապարակներ, օդանավակայան, մարզահամերգային համալիրներ, բազմաթիվ այլ հիմնարկներ։ Նրա ղեկավարման ժամանակը անվանում են «Հեյդար Ալիեւի դարաշրջան»։ Այսօր` մայիսի 10-ին, լրանում է նրա 90-ամյակը։
Քաղաքական գործիչները մրցում են Ալիեւին մեծարելու ասպարեզում։

«Մեր երկրի զարգացումը Մեծն Ալիեւի աշխատանքի արդյունքն է», - հայտարարել է «ԱզերԹաջ» լրատվական գործակալության տնօրեն Ասլան Ասլանովը եւ շարունակել. - «Նրա ղեկավարման տարիներին ամրապնդվեց հավատը ապագայի հանդեպ, դրա բանաձեւն էր` «Հեյդարը ժողովուրդն է, ժողովուրդը` Հեյդարը»։ Նրա քաղաքական հանճարով է ուրվագծվել այսօրվա Ադրբեջանի ուղին»։

Ադրբեջանի գլխավոր լրատվական գործակալության ղեկավարը, բնականաբար, ներբողների մի բաժին էլ նվիրել է կրտսեր Ալիեւին. - «Մեր ժողովուրդը համոզված է, որ անկախ Ադրբեջանն ամուր ձեռքերում է։ Իլհամ Ալիեւը երկիրը տանում է Հեյդար Ալիեւի ճանապարհով` դեպի ավելի լուսավոր ապագա»։

Ասլանովից ետ չի մնում հեռուստատեսությունը, որի այսօրվա ռեպորտաժներն այն մասին են, թե ինչքան է սիրում ժողովուրդը լիդերին։

Մեծարման գործում իր խոսքն է ասել ազգային անվտանգության նախարարությունը։ «Մենք հպարտ ենք, որ ապրում ենք համազգային լիդեր Հեյդար Ալիեւի ստեղծած եւ նախագահ Իլհամ Ալիեւի ջանքերով զարգացող Ադրբեջանում։ Իլհամ Ալիեւը ասել է, որ Ադրբեջանը հզորանում է քաղաքական, տնտեսական եւ ռազմական ուղղություններով, ամեն օրը մոտեցնում է մեր հաղթանակը», - ասել է նախարար Էլդար Մահմուդովը։

Նա իր հոդվածում նշել է, թե ավագ Ալիեւը խորհրդային տարիներին «անհաշտ պայքար է մղել Ղարաբաղը պոկելու նպատակ հետապնդող հայ անջատողականների եւ դաշնակների դեմ եւ հետեւողականորեն կանխել է հայերի դավադիր քայլերը»։

Ալիեւի մեծարման գործի եռանդուն մասնակիցները արվեստագետներն են։ Այսօր Ադրբեջանում եւ ադրբեջանական դեսպանատների աջակցությամբ` տասնյակ այլ երկրներում տեղի են ունենում ցուցահանդեսներ, համերգներ, ընթերցվում են բանաստեղծություններ եւ կատարվում երգեր։

Նախօրեին Իլհամ Ալիեւը կնոջ` Մեհրիբան Ալիեւայի ուղեկցությամբ, այցելել է «Հեյդար Ալիեւի անվան կենտրոնի Հեյդար Ալիեւի թանգարան»։ Խոսքը եռահարկ շենքի մասին է, որտեղ, ըստ «Թրենդ» լրատվական գործակալության, ցուցադրվում են Հեյդար Ալիեւի անձնական իրերը, նվերները եւ պետական շքանշանները։

Բնականաբար, Հեյդար Ալիեւի կենտրոնի Հեյդար Ալիեւի թանգարանի կինոսրահում ցուցադրվող ֆիլմը Հեյդար Ալիեւի մասին է։

«Ալիեւապատումը» շարունակել է Ադրբեջանի բջջային օպերատոր «Նար Մոբիլը», որի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հեյդար Ալիեւի 90-ամյակին նվիրված վոլեյբոլի մրցաշար։ Հաղթել է «Ենի Ազերբայջան» կուսակցության Յասամալի շրջանային կազմակերպության թիմը։ Իշխող կուսակցության հիմնադիր նախագահը Հեյդար Ալիեւն էր, հիմա կուսակցության նախագահը Իլհամ Ալիեւն է։

Հեյդար Ալիեւին նվիրված երգեր, արձաններ, բանաստեղծություններ, գրքեր, գորգեր, ֆիլմեր` դա, թերեւս, բավական չէր, անհրաժեշտ էր նաեւ վոլեյբոլի մրցաշար...

Հոբելյանական միջոցառումները շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG