Մատչելիության հղումներ

Կոժարա. «Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրությունը խիստ դժվարին է»


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարա, արխիվ
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարա, արխիվ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը վերահաստատում է Հարավային Կովկաս այցելելու իր մտադրությունը:

«Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրությունը խիստ դժվարին է», - նախօրեին Վաշինգտոնում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ում նախագահող Լեոնիդ Կոժարան, ով հաշվետվություն է ներկայացրել Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովին` պաշտոնական Կիեւի առաջնահերթությունների ու առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ելույթ ունենալով ամերիկացի հեղինակավոր փորձագետների ու կոնգրեսականների առջեւ՝ Կոժարան փաստել է, որ նախագահությունը ստանձելու առաջին իսկ օրից ինքը որոշակի քայլեր է ձեռնարկել Մերձդնեստրի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ եւ հանգել որոշակի արդյունքների: Ղարաբաղյան հարցում, սակայն, իրավիճակը բավական բարդ է՝ խոստովանել է Ուկրաինայի արտգործնախարարը:

«Իրադրությունը ծայրահեղ դժվարին է, մենք տեսնում ենք, որ լարվածությունը աճում է՝ երկու կողմերից արվող քաղաքական հայտարարությունների պատճառով: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը բարեկամ երկրներ են Ուկրաինայի համար, այդ պատճառով մենք չենք կարող կողմերից որեւէ մեկին աջակցել, սակայն կարծում եմ, որ պատերազմին հաջորդած տասնամյակի ընթացքում հավասարակշռության որոշակի լծակներ են ստեղծվել, եւ իմ խնդիրն է` որպես նախագահող, ոչ թե թուլացնել այդ լծակները, այլ առաջ տանել բանակցությունները», - ասել է Կոժարան:

Հատկանշական է, որ հանձնաժողովի անդամների կողմից ԵԱՀԿ-ի նախագահողին ուղղված առաջին հարցը եւս վերաբերում էր ղարաբաղյան հակամարտությանը: «Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն այժմ հզորացնում են իրենց ռազմական ներուժը, եւ մեզնից շատերն են մտահոգված՝ ինչի կարող է ի վերջո այս ամենը հանգեցնել», - հարցրեց Հելսինկիի հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիսթոֆ Սմիթը:

Կիսելով վերջինիս մտահոգությունը՝ Լեոնիդ Կոժարան տեղեկացրեց, որ խնդրի կարգավորմանը նպաստելու նպատակով մտադիր է հունիսի երկրորդ կեսին մեկնել Հարավային Կովկաս:

«Հունիսի 17-20-ը կատարելիք այդ այցի ընթացքում ես մտադիր եմ ընդգծել հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ իմ աջակցությունը հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, որոնք կոչ են անում ակտիվացնել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ», - հայտարարեց ԵԱՀԿ-ում նախագահող երկրի արտգործնախարարը:

Հելսինկիի հանձնաժողովից բացի, Լեոնիդ Կոժարան ղարաբաղյան խնդրի շուրջ այս օրերին քննարկումներ է ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ՝ կրկին ընդգծելով, որ Ուկրաինան ուզում է նոր թափ հաղորդել սառեցված բանակցություններին:

Ակնկալվում է, որ այսօր էլ ԵԱՀԿ-ում նախագահող երկրի արտգործնախարարը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG