Մատչելիության հղումներ

Մայիսի 9-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը «Ոչ տոնական մտորումներ» վերնագրի ներքո գրում է. - «Չեմ ուզում հերթապահ բառեր գրել մայիսի 9-ի մասին` «եռատոն», «հաղթանակների ամիս» եւ այլն: Արժանին մատուցենք բոլորիս` մեր երեք նախագահներին, Վազգեն Սարգսյանին, ազատամարտիկներին, ամբողջ հայ ժողովրդին, որոնց շնորհիվ մենք կարողացել ենք ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը: Մինչ այդ դարեր շարունակ կորցրել ենք, 20-րդ դարի վերջում կարողացանք ինչ-որ բան վերադարձնել` չգնահատել այդ փաստը անխոհեմություն է: Սակայն ձեռք բերածը պահպանելը երբեմն ավելի բարդ գործ է լինում: Իսկ այդ վտանգը միշտ ել առկա է: Հատկապես մեր դեպքում` հաշվի առնելով մեր տնտեսական, բարոյական եւ, հետեւաբար, ժողովրդագրական վիճակը: Մասնագետները պնդում են, որ բնակչության քանակի որոշակի ներքեւի շեմն անցնելուց հետո տվյալ պետությունը կորցնում է իր պաշտպանունակությունը, որքան հրաշալի բանակ էլ ունենա: Իսկ մեր երկու հարեւանները ամեն ինչ կանեն, որպեսզի այս տարածաշրջանում հայկական պետություն գոյություն չունենա: Երբ ենք մենք անցնելու այդ շեմը` 10, թե 20 տարի հետո` հատուկ հաշվարկներ են պետք: Բայց պարզ է, որ այսպես շարունակվելու դեպքում մենք այդ աղետաբեր սահմանին վաղ թե ուշ կհասնենք, եւ դրանից հետո մեզ այստեղից («այստեղից» ասելով, իհարկե, նկատի ունեմ նաեւ Արցախը) ամբողջապես քշելը հիշյալ երկու պետությունների համար տեխնիկական խնդիր կլինի: Իսկ այդ դեպքում մայիսի 9-ը, Շուշիի ազատագրումը եւ մնացած բոլոր հաղթանակները կմնան որպես դասագրքային փաստեր, այսպես ասած` «էջեր մեր հերոսական անցյալից»:

Թեման արծարծվում է նաեւ «168 ժամ» թերթում. - «Այսօր բազմաթիվ տոնական միջոցառումներ են տեղի ունենալու ինչպես` Հայաստանում, այնպես էլ` Լեռնային Ղարաբաղում: Պաշտոնյաները խոսելու են Շուշիի ազատագրման մասին, պաթետիկ ճառեր են ասելու մեր հաղթանակի, անկոտրում ոգու, միասնականության եւ նման առիթների համար նախատեսված այլ հնչեղ երեւույթների մասին: Դա միանգամայն նորմալ է, գուցե անհրաժեշտ: Բայց լավ կլիներ, որ բոլոր այդ պաշտոնյաները գոնե ոչ բարձրաձայն մտածեին` իսկ արդյոք այսօր Հայաստանում առկա՞ են բոլոր այն երեւույթները` հավատը, միասնականությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը, քաղաքացի ու հայրենիքի տեր լինելու զգացողությունը, որի շնորհիվ հնարավոր դարձավ Շուշիի ազատագրումը: Արդյոք իշխանության անմիջական ուղղորդմամբ ու մասնակցությամբ այսօր տեղի ունեցող արժեքային, բարոյահոգեբանական դեգրադացիայի պայմաններում, Աստված մի արասցե, անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի՞ արձանագրել նույն հաղթանակը: Որովհետեւ հաղթանակը ոչ թե տարվա մեջ ընդամենը մի օր նշելով ու ուրախանալով, այլ այդ հաղթանակը պահպանելով, դրանով նոր հաղթանակներ ապահովելով է հաղթանակ»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Նախագահական ընտրություններից հետո աշխատել ենք առանձնապես խիստ չլինել նորահայտ ընդդիմության առաջնորդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ: Փորձել ենք 100 օր ժամանակ տալ դրսեւորվելու եւ հաջողելու համար: Երեւանի ընտրություններից հետո կարող ենք արձանագրել, որ ավարտվեց սպասումի ժամկետը, եւ այժմ արդեն կարելի է իրերն իրենց անուններով կոչել: Մանավանդ վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե ինչքան սխալ հաշվարկներ արեց եւ ինչպիսի բացասական դերակատարում ունեցավ «Բարեւի հեղափոխության» առաջնորդն ընդդիմադիր դաշտում: Մի բան պարզ է, որ մեր երկրում իշխանության դեմ պայքարի միակ գործուն մոդելն ընդդիմադիր դաշտի համախմբումն է: Չկա համախմբում, չկա արդյունք: Եվ հաջողության կարող է հասնել միայն այն անձը կամ ուժը, որն ունակ կլինի համախմբել բոլոր ոչ իշխանական ուժերին եւ միավորելով բոլոր ռեսուրսները՝ կազմակերպված ու նպատակային պայքարել իշխանության համար: Այս պարագայում աղջկական սեթեւեթանքները, սրա-նրա վարքուբարքի մեջ թերություններ տեսնելը, հին ու մոռացված վիրավորանքներն ու տարաձայնությունները հիշելը կամ մանկամտություն է, կամ՝ մեծամտություն: Ցավոք, «Ժառանգությունը» կարծես երկու ախտով էլ տառապում է»:

«Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Վերջերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2012 թվականին Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին տեղեկանք: Ըստ այդ տեղեկանքի` անցած տարի Հայաստանում իրականացվել էր 751 միլիոն դոլարի ներդրում: Միայն վերջին եռամսյակում ֆրանսիական ծագման մոտ 200 միլիոն դոլար էր ներդրվել ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում: Սա չափազանց ուշագրավ էր եւ երկար փորձեր արեցին գտնելու, թե ֆրանսիացիները որտեղ են ներդրել այդ ահռելի գումարը: Դա իրոք ահռելի ներդրում է առանձին վերցրած ոլորտում, եւ դա կնշանակեր, որ մի ինչ-որ խոշոր ընկերություն գալիս է Հայաստան: Պարզեցինք, որ դա ֆրանսիական «Օրանժը» չէ: Եվ ուրեմն` այդ ի՞նչ ներդրում է: 200 միլիոն դոլարի ներդրում բառացիորեն օդից վերցրել եւ դրել են տեղեկանքի մեջ: Այդ 200 միլիոն դոլարի շնորհիվ ստացվել է, որ օտարերկրյա ներդրումները 8 տոկոսով: Առանց այդ 200 միլիոնի նվազումը կկազմի 34 տոկոս: Մի խոսքով` ապացուցված կարելի է համարել, որ Հայաստանում որեւէ պաշտոնական ցուցանիշ իրականության հետ ոչ մի կապ չունի: Կեղծվում են համատարած բոլոր ցուցանիշները` Համախառն ներքին արդյունքից եւ ՀՀ բնակչությունից սկսած, մինչեւ ընտրություններ եւ օտարերկրյա ներդրումներ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը «Մի խումբ անձինք նշանակվեցին նախարարներ» վերնագրի ներքո գրում է. - «Եվ այսպես, կառավարության նոր կազմը հրապարակվեց: Մեր մեջ ասած` կարող էին նաեւ չհրապարակել, որովհետեւ մեծ հաշվով` որեւէ նշանակություն չունի, թե այդ կազմից ով հատկապես որ նախարարությունն է ղեկավարելու: Կարող էին նույնիսկ անուններ չնշել եւ պաշտոնական հաղորդագրության մեջ գրել, որ «մի խումբ անձինք նշանակվեցին նախարարներ»: Ինչո՞ւ: Որովհետեւ մեր կառավարությունը, մեծ հաշվով, հասարակության հետ ոչ մի կապ չունի: Եվ եթե որեւէ նախարարի ազատում են աշխատանքից ու մի ուրիշին նշանակում, դրանից ուրախանում կամ տխրում են միայն այդ մարդկանց հարազատ-բարեկամներն ու «մոտիկները», իսկ մյուսների համար բացարձակապես միեւնույն է: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում մարդիկ գոյատեւում են ոչ թե կառավարության ջանքերի շնորհիվ, այլ ի հեճուկս կառավարության: Իշխանություններն ընդհանրապես հասարակության նկատմամբ որեւէ պարտավորություն չունեն եւ չեն էլ ուզում ստանձնել»:

«Ժողովուրդ»-ը «Ո՞վ է գրպանել Տաշիրի Սամոյի փողերը» վերնագրի ներքո գրում է. - «Հասարակական հետաքրքրության կիզակետում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի մասին «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ֆինանսական բուրգի բացահայտումից հետո Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ազատվեց պաշտոնից: Ըստ «ՀԺ»-ի` այդ կառույցը խաբեությամբ 2.5 միլիոն դոլար է կորզել մարդկանցից եւ «պայթել»: Եվ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «քցվածներից» մեկը ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է, որը Սերժ Սարգսյանի մոտ «պատռել է» «բուրգի» որոշ բարձրաստիճան անդամների դիմակը, որոնք գրպանել են իր փողերը: ՀՔԾ-ից, սակայն, «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ այս քրգործով կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են վկաներ, իրականացվում են քննչական այլ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու եւ մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ. - «Քրեական գործով որեւէ տվյալ ձեռք չի բերվել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կողմից ՀՀ-ում կատարած ներդրումներն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից յուրացնելու դեպքի վերաբերյալ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG