Մատչելիության հղումներ

«Բարեւ, Երեւան»-ը հակված է ավագանու մանդատները վերցնելուն


Արմեն Մարտիրոսյան «Բարեւ, Երեւան» դաշինքի հանրահավաքում, 29-ը ապրիլի, 2013
Արմեն Մարտիրոսյան «Բարեւ, Երեւան» դաշինքի հանրահավաքում, 29-ը ապրիլի, 2013
«Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը հակված է, որ դաշինքը չհրաժարվի մանդատներից` աշխատանքի անցնելով Երեւանի նոր ավագանիում:

Այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Մարտիրոսյանը միաժամանակ ընդգծեց, թե վերջնական որոշում այս հարցով առայժմ չկա, քանի որ դաշինքի անդամ կուսակցությունների հետ պետք է քննարկում անցկացնեն:

«Եթե մանդատները վայր ես դնում, ընդդիմադիր դաշտի միասնական ճակա՞տ է ձեւավորվում... որպես Արմեն Մարտիրոսյան քաղաքական գործիչ` ես այն կարծիքին եմ, որ ավագանու մանդատները պետք է վերցնել: Ես համոզված եմ, որ ինչպես խորհրդարանում «Ժառանգությանը» հնարավոր եղավ շատ խնդիրներ լուծել, այս դեպքում եւս անհրաժեշտ է աշխատել», - հայտարարեց նա:

Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ` ունենք դեֆակտո իշխանություն եւ հիասթափված քաղաքացի, ուստի «Բարեւ, Երեւան» դաշինքի ստացած քվեն (նախնական արդյունքներով` 8.43 տոկոս) վստահությունից բացի նաեւ պատասխանատվություն է, որը պետք է ստանձնել ի շահ երեւանցու: Ինչպես «Ժառանգության» փոխնախագահը վստահեցրեց, «Բարեւ, Երեւանը» ներկայացնելու է նաեւ Հայ ազգային կոնգրեսի եւ ՀՅ Դաշնակցության ընտրազանգվածի շահերը: Մինչ այդ դաշինքում սպասում են վերահաշվարկի ավարտվի, թեեւ Մարտիրոսյանը չթաքցրեց, որ էական ակնկալիքներ չունի բողոքարկումից:

«Փիլիսոփայության մեջ մի այսպիսի կատեգորիա կա` անհրաժեշտ է, դա անհրաժեշտ պայման է, պետք է անես: Այս պահին չէի ցանկանա ասել, թե դրանով ինչ ենք ուզում լուծել, բայց մի խնդիր կա, փորձում ենք տեսնել վերահաշվարկով հնարավոր է, թե` չէ, որը պարզ կլինի այս երկու օրը», - ասաց Մարտիրոսյանը:

«Բարեւ, Երեւանը» ընտրությունները գնահատում է ամբողջությամբ կեղծված` պնդելով, որ արձանագրվել են ճնշումների, կաշառքի հարյուրավոր դեպքեր, մինչդեռ ոստիկանությունը անգործության է մատնված եղել: Առանց ընտրակեղծիքների միայն «Բարեւ, Երեւան» դաշինքին է հաջողվել հաղթահարել անցողիկ շեմը, այսօր հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը` իրատեսական չհամարելով համագործակցությունը ավագանի ընտրված ոչ իշխանական մեկ այլ ուժի` «Բարգավաճ Հայաստանի» հետ:

«Բարգավաճը ինքը իր ներսում որոշելու խնդիր ունի` ինքը քաղաքական դաշտի որ հատվածում է գտնվում, ինչ խնդիրների շուրջ է ուզում պայքարել: Երբ այդ ամենը պարզ կլինի իրենց համար, մնացածը արդեն քննարկելու խնդիր է: «Բարգավաճ Հայաստանը» առայսօր չի հայտարարել, որ ինքը ընդդիմություն է: Ինչ վերաբերում է կաշառք բաժանած ուժի հետ համագործակցությանը, ապա համատեղ աշխատանքը հնարավոր է, որովհետեւ մենք համատեղ աշխատել ենք բոլորի հետ», - ընդգծեց «Բարեւ, Երեւան» դաշինքի առաջին համարը:

Այսօր ինտերնետում է տեղադրվել ապրիլի 9-ին նկարահանված մի տեսանյութ, որում Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է թե իրեն 100 հազար դոլար կաշառք են առաջարկել, բայց ինքը հրաժարվել է: Տեսագրությունը կատարվել է ոստիկանական մեքենայում, երբ Բաղրամյան փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանները նրան բաժին էին տեղափոխում: Տեսանյութում զայրացած Մարտիրոսյանը նախատում է ոստիկաններին, ասում. - «Դեմներդ հայ է էսօր, դեմներդ թուրք չկա, ո՞նց եք ապրելու 110 հազար դրամով, ո՞նց եք տուն պահելու, մարդ էլ չի լինելու, գիշերը տաքսի քշեք: Մեզ են 100 հազար դոլարով կաշառք առաջարկել, ձեր համար չենք վեկալել, խի՞ չեք հասկանում…»:

Արմեն Մարտիրոսյանն այսօր հրաժարվեց մատնանշել, թե կոնկրետ ով է իրեն փող առաջարկել. - «Ոչ թե ասում եմ 100 հազար դոլարով են փորձել, այլ 100 հազար դոլարներով մեզ փորձել են կաշառել, ոչ միայն ինձ, ես «մեզ» բառն եմ օգտագործում: Ով է փորձել կաշառել, ես, իհարկե, չեմ ասի: Իմ քաղաքական գործունեությունը ինձ թույլ է տալիս չբացահայտել ոչ մեկ անգամ ինձ առաջարկված կաշառքի փաստը: Ես քաղաքական գործիչ եմ, եւ առաջարկը եղել է քաղաքական դաշտից կամ կառավարման համակարգից», - ասաց նա:

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն հերքեց նաեւ շրջանառվող խոսակցությունները, թե ոստիկաններն են նկարահանել այս դրվագը: Մարտիրոսյանը սակայն չցանկացավ բացահայտել նկարահանողի ինքնությունը, ասաց` նույնիսկ չգիտեր, որ նկարահանում են, եթե իմանար, չէր հայհոյի, նկարահանողն էլ, նրա խոսքով, շատ նորմալ անձնավորություն է:

«Բայց ես կարծում եմ, այնտեղ իմ գնահատականները շատ քիչ են տարբերվում իմ հրապարակային խոսքերից», - ընդգծեց Մարտիրոսյանը:

Ոստիկանությունը այսօր ծառայողական քննություն է իրականացրել, ու ինչպես պաշտոնական հաղորդագրությունում է նշվում, Արմեն Մարտիրոսյանի հետ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել մի քաղաքացի եւս: Նրա ինքնությունը պարզվել է, սակայն այդ անձը այս պահին հանրապետությունում չէ: Ոստիկանությունն իր հերթին տեսանյութ է տեղադրել կայքէջում, մի դրվագում երեւում է այդ անձը` նստած Արմեն Մարտիրոսյանի առջեւ ոստիկանական մեքենայում:
XS
SM
MD
LG