Մատչելիության հղումներ

Ներկայացուցչական հավաք Ադրբեջանում


Երեքշաբթի օրը Բաքվում բացվում է «Մադրիդի ակումբ» միջազգային կենտրոնի Հարավկովկասյան ֆորումը, որը տեղի է ունենում Նիզամի Գյաջեւիի կենտրոնի աջակցությամբ։

Ֆորումի օրակարգում ժողովրդավարության կայացմանը եւ մշակութային համագործակցությանը վերաբերող խնդիրներ են։

Հավաքին մասնակցում են գործող եւ պաշտոնաթող պետական պաշտոնյաներ, գիտնականներ, փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ` մոտ 200 մարդ։

«Մադրիդի ակումբը» հիմնադրել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված եւ ներկայումս պաշտոնաթող նախագահներն ու վարչապետները։

Այս տարվա հավաքին ներկա կլինեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Հորդանանի թագուհի Նուրը, հույն պատգամավոր Դորա Բակոյանիսը, «Մադրիդի ակումբի» նախագահ, Նիդերլանդների նախկին վարչապետ Վիմ Կոկը, ՅՈւՆԵՍԿՕ-ի նախկին գլխավոր տնօրեն Ֆեդերիկո Մայոր Սարագոսան, Իսրայելի նախկին վարչապետ եւ պաշտպանության նախկին նախարար Էհուդ Բարաքը, Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը, Ֆինլանդիայի, Լատվիայի, Էստոնիայի նախկին նախագահներ Տարյա Հալոնենը, Վաիրա Վիկե-Ֆրայբերգան, Առնոլդ Ռյույտելը, ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի աշխատակազմի նախկին ղեկավար Սյուզեն Շերը եւ ուրիշներ։

Նիզամի Գյանջեւիի կենտրոնը, News.az լրատվական կայքի փոխանցմամբ, հասարակական, մշակութային կազմակերպություն է, որն անվանել են ի պատիվ պոետ Նիզամի Գյանջեւիի եւ որը գործում է Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի աջակցությամբ։

Հավաքի երկու ժողովները տեղի կունենան Բաքվում, մեկն էլ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյանջայում, որտեղ օրակարգում հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքում կանանց դերի հզորացման եւ «Մադրիդի ակումբի» երկրների փորձը ադրբեջանական կողմին փոխանցելու հարցն է։

«Մադրիդի ակումբի» Հարավկովկասյան առաջին ֆորումը կփակվի մայիսի 8-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG