Մատչելիության հղումներ

Կոնգրեսը «սադրանք» է որակում իր օգտին ընտրակեղծիքի լուրը


Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակը «սադրանք» է որակում կուսակցության օգտին ընտրակեղծիք կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը։

Երեւանի ավագանու ընտրություններում, ըստ ՀՀ ոստիկանության, 8/23 ընտրատեղամասի ընտրողներից մեկի մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են եղել հօգուտ Հայ Ազգային Կոնգրեսի: Հարուցվել է քրեական գործ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղի ունեցածը որակեց որպես «էլեմենտար սադրանք»` փաստարկելով, թե կատարվածի մասին բարձրաձայնել է հանձնաժողովում ՀԱԿ-ը ներկայացնող անդամը:

«Այդ ընտրողը, կարծեմ, ցույց է տվել ՕԵԿ-ի կողմն ու նշել, որ նա է իրեն տվել քվեաթերթիկները: Հետո քվեաթերթիկները տարել են ու ասել, որ քվեարկած է եղել Կոնգրեսի օգտին», - ասաց Մուսինյանն ու հավելեց, որ իրենք պահանջել են ոստիկանությունից պարզել, թե ովքեր են սադրանքի կազմակեպիչները:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատություն» ռադիոկայանին հավաստիացրեց, որ «համակողմանի քննություն կկատարվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG