Մատչելիության հղումներ

Ընտրական գործընթացը մտահոգում է Օսկանյանին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանը քվեարկելուց հետ լրագրողների հետ զրույցում մտահոգիչ գնահատեց ընտրական գործընթացը:

«Հանուն երկրի ապագայի» քվեարկած նախկին արտգործնախարարի մտահոգությունների պատճառը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական շտաբի ստացած ահազանգերն են:

«Լուրջ մտահոգութուն ու կասկած կա, որ ընտրություներն ուղղորդվում են», - ասաց Օսկանյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ ուժն է ուղղորդում:

Նա նշեց, որ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո, երբ պարզ կլինի քվեարկության օրվա պատկերը, իրենք ավելի կոնկրետ գնահատականներ կհնչեցնեն:

Օսկանյանը նաեւ նշեց, թե իրենք ահազանգեր են ստացել, որ որոշ տեղամասերում կան ընտրողների կուտակումներ, ընտրողներին բաժանվում են գունավոր գրիչներ: Նրա համար «անբացատրելի» է ընտրողների ակտիվությունը օրվա տվյալ ժամի համար:

«Այս ամենը կասկածանքի տեղիք են տալիս», - հայտարարեց ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն: - «Սպասենք, տեսնենք օրվա ընթացքում ինչպիսի զարգացումներ կլինեն: Վստահ եմ, որ բոլոր քաղաքական ուժերը իրենց համապատասխան գնահատականը կտան»:

ԲՀԿ-ի ղեկավար անդամը եւս մեկ անգամ շեշտեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական են` ի տարբերություն ՀՀԿ-ի պնդման, թե դրանք ընդամենը համայնքային ընտրություններ են. - «Բոլորս լավ գիտակցեցինք, որ այս ընտրությունները կարեւորագույն ընտրություններ են եւ իրոք Երեւան քաղաքից հնարավոր է փոփոխություններ սկսել: Հուսով եմ, որ իրոք կկարողանանք այնպիսի արդյունքներ ունենալ, որ սկիզբ դրվի երկրում առավել հիմնարար փոփոխությունների»:

Վարդան Օսկանյանը նշեց նաեւ, որ իրենք համագործակցվում են ոչ իշխանական այլ ուժերի հետ՝ տեղեկատվություն փոխանակելով, որպեսզի «հնարավորինս մոտ լինեն արդյունքները ժողովրդի ցանկության ու կամքի հետ»:

Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Քանի դեռ մնացել են հաշված ժամեր, ես ուզում եմ հորդորել, որպեսզի կարգի հրավիրեն իրենց ենթականերին ու պատասխանատուներին, որ գոնե վերջին ժամերի ընթացքում չլինեն այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել այս կամ այն տեղամասում ընտրությունների որակի վրա»:

«Մարդկանց ազատ կամարտահայտման վրա ազդեցությունն առկա է` ե'ւ օրինական, ե'ւ ապօրինի ճանապարհներով», - հայտարարեց Ուրիխանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG