Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 44 տոկոսը։
- Հեղինակ՝ Նարինե Ղալեչյան
Կոնգրեսը «սադրանք» է որակում իր օգտին ընտրակեղծիքի լուրը
Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակը «սադրանք» է որակում կուսակցության օգտին ընտրակեղծիք կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը։Երեւանի ավագանու ընտրություններում, ըստ ՀՀ ոստիկանության, 8/23 ընտրատեղամասի ընտրողներից մեկի մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են եղել հօգուտ Հայ Ազգային Կոնգրեսի: Հարուցվել է քրեական գործ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղի ունեցածը որակեց որպես «էլեմենտար սադրանք»` փաստարկելով, թե կատարվածի մասին բարձրաձայնել է հանձնաժողովում ՀԱԿ-ը ներկայացնող անդամը:
«Այդ ընտրողը, կարծեմ, ցույց է տվել ՕԵԿ-ի կողմն ու նշել, որ նա է իրեն տվել քվեաթերթիկները: Հետո քվեաթերթիկները տարել են ու ասել, որ քվեարկած է եղել Կոնգրեսի օգտին», - ասաց Մուսինյանն ու հավելեց, որ իրենք պահանջել են ոստիկանությունից պարզել, թե ովքեր են սադրանքի կազմակեպիչները:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատություն» ռադիոկայանին հավաստիացրեց, որ «համակողմանի քննություն կկատարվի»։
- Հեղինակ՝ Նանե Սահակյան
ՀԱԿ-ը շուրջ 70 ընտրախախտումների մասին է հաղորդում
Այսօր ողջ օրվա ընթացքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պարբերաբար հաղորդագրություններ էր տարածում իրենց դիտորդների նկատած խախտումների վերաբերյալ: Մինչեւ ժամը 19-ը ՀԱԿ–ը հաղորդել է մոտ 70 ընտրախատումների մասին:
Մի շարք դեպքերում խախտումների վերաբերյալ հանձանժողովի նախագահները հրաժարվել են արձանգրություններ կազմել, որոշ տեղամասերում, ըստ ՀԱԿ–ի, ՀՀԿ-ականները փորձել են ահաբեկել ՀԱԿ-ի դիտորդներին, բազմաթիվ ընտրատեղամասերի առջեւ հավաքված են անհայտ անձինք՝ «որոնք ուղղորդում են քաղաքացիներին՝ ինչպես քվեարկել»:
9/28 ընտրատեղամասում «արձանագրվել է տեւական բաց քվեարկություն», 11/36-ում ծեծկռտուք է տեղի ունեցել. ընտրատեղամաս այցելած մի քանի անձ քաշքշել, հարվածել են ՀԱԿ-ի վստահված անձ Վարդան Հարությունյանին: Նշվում է, որ ոստիկանությունը չի միջամտել:
Դիտորդները նկատել են երթուղայիններով մարդկանց տեղամաս բերելու բազմաթիվ դեպքեր, օրինակ՝ 7/32-ում, 07/15-ում, 08/08-ում, 07/15-ում, 12/28-ում, 12/29-ում: Արաբկիրի թաղապետարանի մոտակայքում երթուղային մեքենաների կուտակումներ են նկատվել՝ 71 համար (2-3 ական), 39 համար (5-6 ական), 40 համար (2-3 ական):
Որոշ տեղաասերի առջեւ նկատվել են ցուցակներով մարդիկ: Նշվում է, որ 13/24 ընտրատեղամասում լրագրողին դուրս են հանել տարածքից, ինչին ակտիվ մասնակցել է նաեւ ոստիկանությունը:
Երկու ընտրատեղամասերի դիտորդներ հաղորդել են, որ հանձնաժողովի անդամները քաղվածք են կատարել ստորագրված ցուցակներից եւ տրամադրել տեղեկությունը տեղամասից դուրս անհայտ մարդկանց: Հաղորդվում է, որ «Հարմոնիա», «Կյանք», «Մարդու իրավունքները Հայաստանում», «Տնեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն» դիտորդական առաքելությունները համագործակցում են ընտրատեղամասի ՀՀԿ-ական ներկայացուցիչների հետ՝ չքվեարկած քաղաքացիների մասին ինֆորմացիան դուրս բերելու եւ դրսում կուտակված անհայտ անձանց հաղորդելու գործում:
ՀԱԿ–ի տարածած հաղորդագրությունում կան տեղեկություններ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
07/15 ընտրատեղամասի վերաբերյալ ՀԱԿ-ի հաղորդագրությունում ասված է. – «Տեղամասից 10 մետր հեռավորության վրա գտնվող ավտոտնականման կառույցում, որն ամբողջովին պատված է Տարոն Մարգարյանի պաստառներով, մի խումբ երիտասարդներ՝ «թաղի տղաներ», 50–ն անց տատիկ-պապիկների հետ մտնում են ներս, որից հետո, ծերերին ներկայացնելով որպես անտառաճանաչների, գնում են ընտրատեղամաս եւ նրանց հետ միասին քվեարկում: Երբ դիտորդը տեսախցիկով մոտենում է ավտոտնակին, դուռը փակում են եւ թաքնվում դռան հետեւում: Իսկ քվեարկողները դուրս գալուց առաջ հանձնաժողովի անդամ ոմն տիկին Սեւիլ Պապոյանին ասում են` «մեր պարտքը արեցինք»:
ՀԱԿ–ի պնդմամբ, ընտրակաշառք բաժանողներ են նկատվել նաեւ 9/05 եւ 12/09 ընտրատեղասերի առջեւ եւ 4-րդ ընտրատարծքում Թբիլիսյան 7 շենքի բակի խանութի երկրորդ հարկում: «Մարդիկ անձնագրերով բարձրանում են երկրորդ հարկ, այնուհետեւ նստում 71 երթուղային տաքսին եւ գնում ընտրատարածք», - ասված է հաղորդագրությունում։
Նույն աղբյուրի պնդմամբ, 3/19 ընտրատեղամասում ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները եւ դուրս եկել տեղամասից: Հանձնաժողովի ՀԱԿ-ի ներկայացուցիչը, նկատելով տեղի ունեցածը, զանգահարել է նախագահին, որն ասել է, թե դուրս է եկել մարդ տեսնելու: ՀԱԿ-ի հաղորդագրությունում այս առնչությամբ ասված է. – «Քանի որ հանձնաժողի անդամների շրջանում կասկածներ են առաջացել, որ նախագահն ապագա ընտրակեղծիքներին է նախապատրաստվում, զանգահարել են թիվ 3 ԸԸՀ: Տեղամաս ժամանած ԸԸՀ անդամին հանձնաժողովի անդամները տեղեկացրել են, որ հնարավոր ընտրակեղծիքները կանխելու համար պահանջում են հավելյալ՝ 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա, որպեսզի, եթե անգամ նախագահը հասցրել է օգտագործել դուրս բերված 3 կնիքները, իրենք կարողանան տարբերել իրական քվեաթերթիկները կեղծվածներից: ԸԸՀ անդամը, սակայն, չի թույլատրել՝ նշելով, թե դա օրենքի խախտում է, մինչդեռ որեւէ օրենքի խախտում չկա 4-րդ ստորագրությունը դնելու մեջ»:
- Հեղինակ՝ Նարինե Ղալեչյան
Եվս մեկ քրեական գործ՝ բազմակի քվեարկության փաստով
Այսօր անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանություն եւ տեղեկացրել, որ թիվ 97 միջնակարգ դպրոցում տեղակայված 11/32 ընտրատեղամասում ընտրողներից մեկի մոտ երկու քվեաթերթիկ է հայտնաբերվել: Հանձնաժողովի նախագահը փաստել է տեղի ունեցածն ու ընտրատեղամաս եկած ոստիկաններին պատմել, որ այսօր ժամը 08.20-ին ինքը թույլ չի տվել, որպեսզի միանգամից 2 քվեաթերթիկով (մեկն արդեն նախապես քվեարկած) քվեատուփին մոտեցող տղամարդը թերթիկները արկղ գցի:
Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանությունը ոչ հերքում ոչ հաստատում է այն տեղեկությունը, որ հայտնաբերված քվեաթերթիկը նախապես քվեարկված է եղել ՀՀԿ-ին օգտին:
- Հեղինակ՝ Նարինե Ղալեչյան
ՀՀԿ–ն եւս հաղորդում է մի շարք ընտրախախտումների մասին
ՀՀԿ ներկայացուցիչներն Արաբկիր վարչական շրջանի տարբեր ընտրատեղամասերում արձանագրել են ընտրախախտումների դեպքեր: ՀՀԿ-ականները «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» թեժ գիծ են զանգահարել եւ ահազանգել մի քանի խախտումների մասին։Մասնավորապես, նրանք հայտնել են, որ 05/32 տեղամասում նկատվել են լցոնման դեպքեր, Ավան վարչական շրջանի 01/20 ընտրատեղամասում՝ դիտորդներից մեկը դիտորդի վկայականի փոխարեն ներկայացրել է դրա պատճենը: Ավան վարչական շրջանի մեկ այլ՝ 1/27տեղամասում, ընտրողը բացահայտել է, որ ընտրացուցակում իր տեղն արդեն լրացված եւ ստորագրված է եղել:
Բոլոր այս արձանագրություններն ուղարկվել են ԿԸՀ:
Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց ներկայացուցիչները լցոնման դեպքերից բացի արձանագրել են կաշառք բաժանելու դեպքեր:
Մեր հարցին, թե կոնկրետ որ կուսակցության կողմից եւ ինչ կաշառք է բաժանվել՝ Սարդարյանը պատասխանեց, որ այդ բոլոր տվյալներն իրենք հետագայում ամփոփ տեսքով կներկայացնեն: Սարդարյանը հավելեց, նաեւ, որ այս պահի դրությամբ ավելին ասել չի կարող:
Քվեարկությունը ավարտվեց
Ժամը 20-ին ավարտվեց Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունը, ընտրատեղամասերը փակվեցին։
- Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Ազատություն TV-ի ուղիղ եթերում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը քիչ առաջ պատասխանեց լրագրողների հարցերին եւ ներկայացրեց ոստիկանության կողմից արձանագրված ընտրախախտումների դեպքերը:
Հունան Պողոսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ հարուցված է 3 քրեական գործ, կրկնակի քվեարկության փորձ կատարողները բերման են ենթարկվել ոստիկանություն, մեկը փախուստի է դիմել, սակայն արդեն հայտնի է նրա անձը:
ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այս ընտրություններում ոստիկանության աշխատանքը գնահատեց բացարձակ անկախ: Նրա խոսքով՝ ոստիկանությունը որեւէ մեկի շահերը չի պաշտպանում:
Հունան Պողոսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ հարուցված է 3 քրեական գործ, կրկնակի քվեարկության փորձ կատարողները բերման են ենթարկվել ոստիկանություն, մեկը փախուստի է դիմել, սակայն արդեն հայտնի է նրա անձը:
ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այս ընտրություններում ոստիկանության աշխատանքը գնահատեց բացարձակ անկախ: Նրա խոսքով՝ ոստիկանությունը որեւէ մեկի շահերը չի պաշտպանում:
Ժամը 20-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 53.53 տոկոսը
Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում ժամը 20-ի դրությամբ, երբ փակվեցին ընտրատեղամասերը, քվեարկել է 437 հազար 21 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի մոտ 53.53 տոկոսը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալներով, ընտրողների ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 61.33 տոկոս, ամենից պասիվ ընտրողները եղել են Մալաթիա-Սեբաստիայում՝ 44.90 տոկոս։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվում են ընտրությունների նախնական արդյունքները։ Ձայների մեծ առավելությամբ առաջին տեղում է իշխող Հանրապետական կուսակցությունը, որին հետեւում են «Բարգավաճ Հայաստանը» եւ «Բարեւ Երեւան» դաշինքը։
Իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթանակ է տանում Երեւանի ավագանու ընտրություններում (Սեղմեք նկարը` այն մեծացնելու համար):
