Մատչելիության հղումներ

Գյումրիում նախատեսում են «Սպորտ սիթի» կառուցել


Գյումրիի կենտրոնական հրապարակը
Գյումրիի կենտրոնական հրապարակը
Գյումրիում նախատեսվում է «Սպորտ սիթի» կառուցել: Հողատարածքը` 12.5 հեկտարը, հատկացված է, նախագիծը արդեն պատրաստ է, բայց ամենակարեւորը` գումարը դեռ չկա:

Ծրագրի իրականացման համար պահանջվում է 300-400 միլիոն դոլար: Ծրագիրը նախաձեռնել է Նովոսիբիրսկում բնակվող գյումրեցի գործարար Հրանտ Պետրոսյանը:

Գործարարը այժմ ներդրողների փնտրում: Վերջերս իր նախագիծը ներկայացրել է Ռուսաստանում եւ նախնական համաձայնություն ձեռք բերել, որ հունահռոմեական ըմբշամարտի եւ երկամարտի օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինը Գյումրիի «Սպորտ սիթիում» լողավազան եւ սահադաշտ կկառուցի: Մայիսի կեսերին Կարելինը կայցելի Գյումրի:

Գործարար Հրանտ Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, առաջիկայում կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ կբարձրացնի ներդրողներին հատուկ արտոնություններ տալու հարցը, քանի որ առանց դրանց ներդրողը դժվար թե գա Գյումրի:

«Խոսք են տվել մինչեւ մայիսի 15-ը, որ մենք պարոն նախագահի հանդիպենք, որովհետեւ պետք է, որ ստանանք այդ արտոնությունները: Հայաստանը` որպես ներդրումային գոտի, ռիսկային է, յուրաքանչյուր ներդրողի պետք է ինչ-որ բանով անպայման շահագրգռել», - ասում է Պետրոսյանը:

Պետրոսյանը, սակայն, համոզված է, որ ամռան ավարտին արդեն կսկսի «Սպորտ սիթիի» կառուցումը: Գործարարը պատրաստվում է առաջիկայում մեկնել Միացյալ Նահանգներ` գործարար ամերիկահայերին նախագիծը ներկայացնելու նպատակով:

Օրերս էլ չինաստանից մի գործարար պատվիրակություն էր այցելել Գյումրի: Նրանց Հայաստանի երկրորդ քաղաք բերել էր Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը, որը Գյումրիով էլ է անցնելու:

«Չինաստանի միջազգային բիզնես կոնսորցիում» կազմակերպության ղեկավարը հայտարարեց, որ իրենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համար բավականին հետաքրքիր առաջարկներ են ներկայացրել, եւ այժմ բանակցություններ են ընթանում ծրագրին մասնակցելու համար: Նրանց հետաքրքրել էր նաեւ Գյումրիի «Սպորտ սիթի» ծրագիրը: Չինացի գործարարները կարող են նաեւ քաղաքի լուսավորության ոլորտում ներդրումներ անել, ինչպես նաեւ գյուղատնտեսական շուկաներում:

please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG