Մատչելիության հղումներ

Փոխվել է Հատուկ քննչական ծառայության պետը


Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյան
Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյան

ՀՀ Նախագահի այսօրվա հրամանագրով Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ազատվել է պաշտոնից:

Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում վկայակոչված է Հատուկ քննչական ծառայության մասին օրենքի այն կետը, որը նշանակում է՝ Հատուկ քննչական ծառայության պետն ազատվել է իր դիմումի համաձայն: Ըստ մեկ այլ հրամանագրի՝ Հատուկ քննչական ծառայության նոր պետի պաշտոնում է նշանակվել Վահրամ Շահինյանը։

Նախքան ՀՔԾ պետ նշանակվելը Շահինյանը Հայաստանի գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն էր, ավելի վաղ եղել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազը:

Փաստաբանները ՀՔԾ պետի փոփոխության մեջ դրական միտումներ չեն տեսնում։

«Եթե պարոն Շահինյանը կնշանակվի Հատուկ քննչական ծառայության պետ, ապա մենք բոլորս շատ բարի բառերով կհիշենք Անդրանիկ Միրզոյանին։ Չեմ հիշում եւ երբեք չեմ հանդիպել մի փաստաբանի, մի քննիչի, որը գոհ կլիներ այդ դատախազից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ իր համար նաեւ զարմանալի էր Միրզոյանի պաշտոնանկությունը, քանի որ «Մարտի 1»-ի գործով նա որոշակի ծառայություններ է մատուցել իշխանություններին։

Փաստաբան Սեդա Սաֆարյանը համակարծիք է. - «Ես կադրային փոփոխությունները ողջունում եմ, եթե մի կադրին ավելի օբյեկտիվ կադր է փոխարինում։ Ի՞նչը դուր չի եկել Անդրանիկ Միրզոյանի, ինչ ասել են՝ հավատարիմ ծառայել է... ժողովրդին չի ծառայել, իշխանությանն է ծառայել»։

Նշենք, սակայն, որ փաստաբանները, տնտղելով իրենց փորձը, հիմնականում դժգոհություններ են հայտնում Հատուկ քննչական ծառայության գործունեությունից:

Հիշեցնենք, որ վերջերս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը եւ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել էին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով քննության առարկա դարձնել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի գործողությունները՝ Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ լցոնման փաստ արձանագրած դիտորդ, ԱՄՆ քաղաքացի Նարինե Իսմայելիի հարցաքննության կապակցությամբ: Իր հարցաքննության ժամանակ Անդրանիկ Միրզոյանի միջամտության մասին էր վկայել դիտորդ Նարինե Իսմայելին, ով նշել էր, որ «ագրեսիվ մթնոլորտ էր» եւ Միրզոյանը փորձել էր իր վրա հոգեբանական ճնշում գործադրել։ Դիտորդի հետ հանդիպել էր Միացյալ Նահանգների դեսպանը եւ ԱՄՆ դեսպանատունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ իրենք հետեւում են ԱՄՆ քաղաքացուն վերաբերող գործին:

Հավելենք, որ Էթիկայի հանձնաժողովը հասարակական կազմակերպություններին պատասխանել էր, որ օրենքով Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը ներառված չէ այն անձանց ցանկում, որոնց վերաբերյալ հարցեր քննելու իրավասություն ունի Հայաստանի նախագահի նստավայրում ձեւավորված հանձնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG