Մատչելիության հղումներ

Վահագն Խաչատրյան. Ժողովուրդը իշխանության դեմքը տեսնել չի ուզում


Ֆեյսբուքյան ասուլիս.Վահագն Խաչատրյան
please wait

No media source currently available

0:00 0:55:31 0:00

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը:

Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը, պատասխանելով «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկի հարցին, թե ինչո՞ւ նա միայն իշխող Հանրապետականին եւ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին քննադատության թիրախ է ընտրել, ինչո՞ւ չի քննադատում նաեւ «Բարգավաճ Հայաստանին» (ԲՀԿ), որը ավագանու կազմում որեւէ որոշման դեմ չի քվեարկել, Խաչատրյանը պատասխանեց. - «Որեւէ սահմանափակում չունենք: Ինչ վերաբերում է կոնկրետ ավագանու աշխատանքին, մեր քննադատական խոսքը ուղղված է նաեւ ավագանու բարգավաճային անդամներին, ովքեր այս տարիների ընթացքում, եւ հատկապես այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ ինքը այլեւս իշխանական կոալիցիայի մաս չէ, ոչ մի անգամ իրենց քվեարկությունների ժամանակ տեսակետներ, մոտեցումներ չեն հայտնել»:

Նախկին քաղաքապետի խոսքով` ժողովուրդը չի ցանկանում տեսնել գործող իշխանությանը:

«Եվ մի իրականություն կա, որի մասին տեղյակ է նաեւ իշխանությունը. ժողովուրդը ի վերջո չի ուզում այս իշխանությանը տեսնել, այդ մարդկանց դեմքերը տեսնել», - ասաց Խաչատրյանը` հավելելով, որ բազմաթիվ քաղաքացիներ հենց իրեն են ցանկանում տեսնել քաղաքապետի պաշտոնում:

Հարցին` մի՞թե իր կառավարման տարիներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը որեւէ լավ գործ չի արել, Խաչատրյանը պատասխանեց` արել է, բայց ինչ էլ արել է, դրանք իր պարտականություններ են:

«Այսօր լավ բան չեմ տեսնում, ոչ թե չեմ ուզում, այլ պարզապես դրանք չկան», - քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն:

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե իր քաղաքապետ եղած տարիներին քաղաքապետարանում ի՞նչ թերություններ կային, դրանք այսօր վերացե՞լ են, թե՞` բազմապատկել: Խաչատրյանն ասաց, թե հնարավոր չէր անթերի ու առանց բացթողումների աշխատանք, պարզապես այդ տարիներին ողջ երկիրն էր գտնվում ճգնաժամի մեջ: Լույս, ջեռուցում, ջրամատակարարում` սրանք այն հարցերն էին, որոնք այդ տարիներին ամենաշատն էին բարձրացվում քաղաքային իշխանությունների առջեւ, ասաց Խաչատրյանը` հավելելով, որ շատ հարցեր դեռ այսօր էլ արդիական են. - «Այն ժամանակ մեր ձեռքը չէր հասնում բնակարանային տնտեսության վերանորոգման խնդիրներին, որը հիմա էլ կա: Վերելակների խնդիրը այն ժամանակ էլ կար, բայց հիմա ավելի է բարդացել»:

Եթե ՀԱԿ-ը հաղթահարի վեց տոկոսանոց շեմն ու անցնի ավագանի, սակայն քիչ տեղեր ունենա, քաղաքապետ ընտրվելու համար ո՞ւմ կտա իր ձայնը Վահագն Խաչատրյանը` ԲՀԿ-ին, թե` «Բարեւ, Երեւան» դաշինքին, հետաքրքրվել էր օգտատերերից մեկը:

«Մենք պետք է մտածենք հաղթահարել այս արգելքը, հետագայում էլ միասնական թեկնածու ունենանք: Եթե, իհարկե, մենք հնարավորություն ունենանք, որ երկու ուժով, ասենք, ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ, կամ ՀԱԿ-ը «Ժառանգության» հետ, թեկնածու ունենանք, այդ դեպքում, խնդրեմ, կքննարկենք: Բայց ես կարծում եմ, որ մենք այսօրվա հնարավորությունները համատեղելով պետք է ունենանք միասնական թեկնածու», - ասաց Խաչատրյանը:

ՀԱԿ-ի քաղաքապետի թեկնածուն նաեւ ասաց, որ երբ ինքը քաղաքապետ ընտրվի, նախ կլուծի կանաչապատման, ծառերի պահպանման, տրանսպորտի խնդիրները:

«Ես չգիտեմ` ում հիվանդագին պատկերացումն էր վերացնել տրամվայը, հիմա պետք է վերականգնել տրամվայները այն տեղերում, որտեղ երեւեկությունը դա թույլատրում է: Միգուցե այս պայմաններում տրամվայները նաեւ փոխարինողներ գտնեն, օրինակ, էլեկտրոբասերը, որոնք 30 տոկոսով խնայում են վառելիքը», - ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը, իր ընտրվելու դեպքում խոստացավ սուպերմարկետները տեղափոխել քաղաքից դուրս, որպեսզի նպաստեն մանր ու միջին բիզնեսի զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG