Մատչելիության հղումներ

Ավագանու ընտրություններին նախագահականից շատ դիտորդներ կհետեւեն


Մայիսին 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին հետեւելու համար գրացվել են նախագահական ընտրությունների ժամանակ գրանցվածների համեմատ 362-ով ավելի շատ տեղական դիտորդներ։

Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին հանրապետության 1988 ընտրատարածքներում հետեւելու համար գրանցվել էր 6250 դիտորդ, մինչդեռ Երեւանի ավագանու ընտրությունները կազմակերպելու նպատակով ձեւավորված 464 ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն անցկացնելու համար գրանցվել է 6612 տեղական դիտորդ։

Ամենամեծ թվով՝ 1544 դիտորդներով ընտրություններին հետեւելու իրավասություն է ստացել, մասնավորապես, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որը նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն չի իրականացրել։ Այս հասարակական կազմակերպության հիմնադիրը եւ նախագահը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, քաղաքացիական ակտիվությամբ հայտնի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին հաջողվել է գրանցել ընդամենը 134 դիտորդի:

Բացի «Համահայկական երիտասարդական ասոցիացիայից», մեծաթիվ դիտորդներով են ընտրություններին մասնակցելու մի քանի այլ հասարակական կազմակերպություններ եւս։

«Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունն ընդգրկել է 1048 տեղական դիտորդի: Այս կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ այն իրականացնում է առողջապահական, կրթական, մշակութային մի շարք ծրագրեր:

Մայիսի 5-ին մեծաքանակ տեղական դիտորդներ ապահովելու հնարավորություն ունեցող մյուս հասարակական կազմակերպության անվանումն է՝ «Համաչափ Զարգացում Համայնքային Զարգացման» ՀԿ: Վայոց ձորում գրանցված այս կազմակերպությունը 777 դիտորդների է ներկայացրել, իսկ կազմակերպության պաշտոնական կայքի հասցեն է՝ santaclaus.am։

«Համաչափ Զարգացում Համայնքային Զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար, Երիտասարդական խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Մակար Եղիազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ իրենց կազմակերպության գործունեության հիմքում Ձմեռ Պապերի հետ կապված ծրագիրն է։ Հարցին, թե դա ի՞նչ կապ ունի դիտորդական առաքելության հետ, Եղիազարյանը պատասխանեց. - «Մեր կազմակերպության նպատակային ուղղությունների մեջ բազմաթիվ նպատակային կետեր կան, այդ թվում բարի Ձմեռ Պապը եւ ընտրական պրոցեսների իրավական խնդիրները։ Լիովին համապատասխանում է մեր կազմակերպության նպատակային դրույթներին»։

Դիտորդների ոչ կանխակալ գործունեության կարեւորությունն այսօր հիշեցրեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ Մեդիա կենտրոնի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ: Ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրող iditord կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանի կանխատեսմամբ, ավագանու ընտրությունների ժամանակ դրսեւորվելու է՝ «թաղային քուչի ռազմավարական գործընթաց, դրա համար շատ կարեւոր է, որ ամեն տեղ մարդիկ լինեն, որ վերահսկեն»։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահն այս կապակցությամբ իր հորդորն ուղղեց իշխանական շրջանակներին. – «Ակնկալում եմ, որ քաղաքական ուժերը, նախեւառաջ՝ իշխող կուսակցությունը, միջոցներ պետք է ձեռնարկի, որ այն միջադեպերը, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ են եղել, դրանք կանխեն։ Եվ թաղային հեղինակությունների մասին երբ խոսքը գնում է, իսկապես հենց նրանց պետք է սանձել եւ ոչ թե գազանի նման բաց թողնել լրագրողների վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG