Մատչելիության հղումներ

Մայիսի 2-ի մամուլ


«Ի՞նչ է որոշել երեւանցին, ինչպե՞ս է նա քվեարկելու այս անգամ: Նախագահական ընտրությունների նման նորից անակնկա՞լ է մատուցելու մեզ՝ անսպասելի քվեարկություն անելով, թե՞ լինելու է կառավարելի ու կանխատեսելի, ինչպես եղավ ԱԺ ընտրությունների ժամանակ». - այս հարցերն է հնչեցնում խմբագրականում «Հրապարակ» օրաթերթը` շարունակելով. - «Կյանքը ցույց է տալիս, որ երբ մի փոքրիկ բան դիպչում է նրա «ներվին», նա դառնում է անհնազանդ, անկանխատեսելի, միասնական ու պայքարող: Եվ դժվար է ասել, թե ինչը կարող է այս անգամ դիպչել նրա «ներվին». Տարոն Մարգարյանի ունեցվածքի «տպավորիչ» ցուցա՞կը, նժդեհական իշխանության չպատճառաբանված ինքնավստահությո՞ւնը, տնետուն թափառող քարոզիչների կպչունությո՞ւնը: Թե՞ իշխանությունն այս պարագայում կլինի ընտրողի համար այն «չարյաց փոքրագույնը», որին քվե տալը կգերադասեն պառակտված, շարունակ դեմքը փոխող, իրար հետ գզվռտվող ընդդիմությանը ձայն տալուց»:

«Հասարակությունն այդպես էլ ականատես չեղավ հասարակական-քաղաքական լուրջ բանավեճերի», - քարոզարշավի ընթացքն է ամփոփում «Ժամանակ»-ը եւ ներկայացնում հետեւյալ բացատրությունը. - «Սրանում, իհարկե, մեծապես առկա է ՀՀԿ պատասխանատվությունը՝ այն առումով, որ իշխող կուսակցությունը կտրականապես հրաժարվեց բանավեճերից, իսկ նախընտրական շրջանում բանավեճի առաջին եւ կարեւոր խնդիրներից մեկը հանրությանը իշխանության եւ այլընտրանքի տարբերությունը ներկայացնելն է: Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ բանավեճից հրաժարվելու մարտավարությունը չի կարող արդարացում լինել մյուս քաղաքական ուժերի համար, առավել եւս, որ ավագանու ընտրությանը մասնակցում է նաեւ ազդեցիկ իշխանական մեկ այլ ուժ, որը, մեղմ ասած, երկրորդական դերում չի եղել թե իշխանական համակարգում, թե նաեւ հավակնում է երկրորդական դերում չլինել հետընտրական գործընթացներում: Խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է: ԲՀԿ-ն, իհարկե, ՀՀԿ-ի պես կտրականապես չի հրաժարվել բանավեճերից, սակայն, խոշոր հաշվով, ԲՀԿ հմուտ եւ, կարելի է ասել, հնարամիտ նախընտրական մարտավարության, ինչպես նաեւ նրա ստվերային եւ ինչ-որ առումով նաեւ բացահայտ դաշնակից Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշման շնորհիվ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ բանավեճերի հեռանկարը հաջողվեց, ըստ էության, չեզոքացնել»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հանրապետականներն այդպես էլ չեն կարողանում հողաբաշխ պատասխան տալ այն հարցին, թե որտեղի՞ց Տարոն Մարգարյանին այդքան ունեցվածք: Խնդիրը, ի դեպ, Տարոն Մարգարյանի ունեցվածքը չէ: Վերջին հաշվով` նույն ՀՀԿ-ի վերնախավում մարդիկ կան, ովքեր իրենց անձնական վարսավիրներին Տարոնի ունեցվածքի չափ «չայավո» են տալիս: Խնդիրն այս հարցի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքն է: Գալուստ Սահակյանը, օրինակ, փորձել է պատասխանել այդ հարցին, մտածել-մտածել է ու հայտարարել է, թե եթե ինքը լիներ գլխավոր դատախազի տեղը, բոլոր նախկին գործերը կհաներ ջրի երես` թե ժամանակին ինչպես են գործարանները թալանվել, ովքեր ինչպես են հարստացել եւ այլն: Գալուստ Գրիգորիչը, պետք է ենթադրել, նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիները, որովհետեւ այդ հայտարարությունն արել է ի պատասխան Կոնգրեսի դիմումի: Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ է ընդամենը բանավոր հայտարարություն արել: ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է, երկրի նախագահը (ով, ի դեպ, նշանակում է գլխավոր դատախազին) ՀՀԿ-ի ղեկավարն է, այնպես որ հայտարարության փոխարեն իշխող կուսակցությունը կարող էր գլխավոր դատախազին ուղղակի հրահանգել «ջրի երես հանել բոլոր գործերը»: Հարց է ծագում` ինչո՞ւ իշխանություններն այդպես չեն վարվում… Այդ դեպքում շատ արագ կպարզվի, որ թալանչիների մի մասը վաղուց Հայաստանում չէ, մյուս մասը վաղուց դարձել է հանրապետական, առանցքային պաշտոններ է զբաղեցնում տարբեր ոլորտներում եւ Սերժ Սարգսյանի հիմնական քաղաքական հենարանն է»:

«Հայոց Աշխարհ» թերթը զրուցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: «Շահարկվող թեմաներից մեկն էլ ընտրացուցակներում հավելագրված՝ մի հասցեի վրա գրանցված տասնյակ եւ ավելի անհայտ քաղաքացիների, մարզերից «բերված» հազարավոր ընտրողների «հիմնախնդիրն» է». լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան Մուկուչյանը նշում է. - «Այդ կապակցությամբ ոստիկանությունն արդեն իսկ իր պարզաբանումները տվել է՝ փաստելով, որ այդ ամենը որեւէ առնչություն չունի իրականության հետ։ Եթե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժը ընտրական համակարգին վերաբերող նման հայտարարություններ է անում՝ նշելով ինչ-որ փաստական հանգամանքներ, նախ, պետք է ունենա եւ ներկայացնի այդ մասին վկայող կոնկրետ փաստեր։ Աշխարհում երեւի թե չկա որեւէ այլ երկիր, որտեղ ընտրողների ցուցակները կարելի է ներբեռնել համացանցից։ Ինչի՞ համար է սա արվում. որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ծանոթանալ եւ, թերություններ հայտնաբերելու դեպքում, դիմել լիազոր մարմնին եւ փորձել վերացնել անճշտությունները։ Խոսում են մարզերից «բերված» 8 հազար, 10 հազար ընտրողների մասին. եթե այդ փաստերը կան, ինչո՞ւ են լռում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG