Մատչելիության հղումներ

Ռուստամյանը հստակեցում է պահանջում ընդդիմադիր ուժերից


Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ընտրացուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը ընդգծեց, որ ընդդիմադիր այլ ուժերը պետք է կարեւոր մի հայտարարությամբ հանդես գան:

«Թող հայտարարեն, որ եթե մտան ավագանի, իրենց ձայները գումարելով իշխանության ձայներին` չեն համագործակցի նրա հետ, որպեսզի պարզ դառնա երեւանցուն, որ թաքուն կերպով իր ձայնը չի տվել իշխանությանը, այլ ընդհակառակը պետք է միավորվի ընդդիմության հետ ու ավագանի ընտրի»,- հայտարարեց Ռուստամյանը:

Նա նշեց, որ այս պարագայում երեւանցու մոտ լուրջ հույս կառաջանա, որ ակտիվ մասնակցելով ընտրությանը, իր ձայնը տալով ընդդիմադիր ուժի, ոչ ասի իշխանություններին ու որոշի, թե որ ընդդիմադիր ուժին իր քվեն տա:

Շարունակելով` Երեւանի քաղաքապետի աթոռին հավակնող դաշնակցական գործիչը նշեց, որ այս մասին միայն Դաշնակցությունն է հստակ խոսում, մնացած ընդդիմադիր ուժերը «կամ ծամծմում են, կամ խուսափում են սրա մասին հստակ հայտարարելուց»:

Ոչ իշխանական մեկ այլ ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ ԲՀԿ օրակարգում կոալիցիոն կառավարության մաս կազմելու «խնդիր չկա»:

Դաշնակցության ներկայացուցիչը քարոզարշավի շրջանակներում այսօր նշեց, որ այնուամենայնիվ, ընդդիմադիր ուժերը համագործակցելու են մայիսի 5-ին` պահելու իրենց վստահված քվեները: Ռուստամյանն հայտարարեց, որ թեեւ իշխող քաղաքական ուժը Երեւանի ավագանու ընտրությունները չի համարում քաղաքական, նրա դրսեւորած վարքագիծն այլ բան է ասում:

«Մենք արդեն ահազանգեր ենք ստանում ընտրախախտումների մասին»,- զեյթունցիների հետ հանդիպմանը նշեց ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն:

Նա նշեց, որ այս ընտրությունները համայնքային որակելով` իշխանությունը փորձում է մոլորեցնել ընտրողներին: Կարծելով այդպես, թե այս ընտրություններով քաղաքական իրավիճակը չի փոխվի, կառաջանա մի իրավիճակ, երբ ընտրազանգվածը կձեւավորվի բարեկամախնամիական ձեւերով ու այստեղ կաշխատեն վարչական ռեսուրսներն ու իշխանությունը հեշտությամբ կվերարտադրվի, պարզաբանեց Ռուստամյանը:

Եվ որպեսզի թույլ չտան իշխանությանը կրկին ստանձնել մայրաքաղաքի կառավարումը, Ռուստամյանը ընտրողներին կոչ արեց չքվեարկել նրա օգտին: Նա ընտրողներին խորհուրդ տվեց չմոլորվել` հավատալով, թե այս ընտրություններն ընդամենը համայնքային են:

«Այս ընտրություններով վաղ թե ուշ իշխանությունը կվերադարձնենք հայաստանցուն: Սրա այն ընտրություններն են, որով մենք կարող ենք հասնել նրան, ինչին չհասանք նախագահական ընտրություններում` փոխել իրավիճակը»,- ասաց Ռուստամյանը` համոզմունք հայտնելով, որ նույնը կարելի է անել փոխելով Երեւանի քաղաքապետին:

Դաշնակցությունում կարծում են, որ եթե Երեւանում հաստատվի ընդդիմության իշխանություն, ապա այն կդառնա այն հիմքը, հարթակը, որով հնարավոր կլինի այդ փոփոխությունը տարածել նաեւ Հայաստանով մեկ: Դաշնակցությունն այս համոզմանն է եկել` նկատի ունենալով մայրաքաղաքի նշանակությունն ու դերը Հայաստանի քաղաքական կյանքում:

Դաշնակցությունը իր նախընտրական ծրագիրը մրցակիցների ծրագրերից համարում է ամենակենսունակը` առաջարկելով մայրաքաղաքի տարածաշրջանային զարգացման ռազմավարական ծրագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG