Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիոն կառավարության մաս կազմելու «խնդիր չկա»


Ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) հեգնանքով է վերաբերվում Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներին, ըստ որոնց Հայաստանում արձանագրվել է 7.2 տոկոս տնտեսական աճ:

Կուսակցության ղեկավար անդամ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր Շենգավիթ համայնքում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպմանը այս ցուցանիշները որակեց «աբսուրդ» եւ «մանիպուլյացիոն փուչիկ»:

«Պարզվում է մենք աշխարհի առաջին եռյակում ենք տնտեսական աճի ցուցանիշներով: 7.2 տոկոս տնտեսական աճ… Այսինքն նշանակում է, որ մենք այսօր աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից ենք: Հիմա հարց եմ տալիս` հնարավո՞ր է 7.2 տոկոս տնտեսական աճ արձանագրած երկրում գրանցվի վերջին տարիների ամենաաննախադեպ արտագաղթի տոկոսը: Ստացվում է տնտեսագիտական նոնսենս, մարդիկ արտագաղթում են աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկում», - ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը հայաստանի կառավարությանն առաջարկեց «տնտեսագիտական այս նոնսենսը ներառել Գինեսի գրքում»:

«Եթե աշխարհում կգտնվի որեւէ տնտեսագետ, որը կապացուցի, որ մի երկրում, որտեղ նվազում է ՀՆԱ-ն, որտեղ արտագաղթը աննախադեպ տոկոսների է հասնում, այնտեղ հնարավոր է 7.2 տոկոս տնտեսական աճ, առաջարկում եմ տվյալ տնտեսագետին շնորհել Նոբելյան մրցանակ», - ասաց նա:

Ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ խոսեց այն մասին, որ չնայած տնտեսական աճի մասին ներկայացվող պաշտոնական թվերին, Հայաստանի արտաքին պարտքն է 2008-ի համեմատ երեք անգամ աճել: Նրա բնորոշմամբ` յուրաքանչյուր անհատ քաղաքացու վրա այսօր 1200 դոլարի հասնող արտաքին պարտք կա: Արատավոր այս երեւույթների պատճառը Օսկանյանը համարում է քաղաքական մենաշնորհը: ԲՀԿ-ն չի կարծում, որ անցյալ տարիներին իշխանության մասը լինելով իրենք կարող էին որեւէ բան փոխել:

«Մի կուսակցություն նախորդ 15 տարիներին մենաշնորհ է ունեցել կառավարման բոլոր ճյուղերի վրա, բոլոր լծակները եղել են մի կուսակցության ձեռքում` Հանրապետական կուսակցության: Նախագահականը, Ազգային ժողովի մեծամասնությունը, կառավարությունը, մարզպետները, Երեւան քաղաքը, նույնիսկ պետական կառույցներում իրենց մարդիկ են դպրոցներից մինչեւ հիվանդանոցներ, այսինքն մի կուսակցություն ինչ ուզեցել արել է: Որեւէ այլ քաղաքական ուժ լծակ չի ունեցել հակակշռելու այս քաղաքական ուժին, այդպիսի ժողովրդավարություն հնարավոր չի կառուցել», - հայտարարեց Օսկանյանը, հավելելով, որ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու պարագայում ԲՀԿ-ն կարող է շատ լուրջ հակակշիռ ստեղծել այդ քաղաքական մենաշնորհին:

Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ ԲՀԿ-ն, Հայ Ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը համատեղ ջանքերով ընտրատեղամասերում կվերահսկեն ընտրական գործընթացը, այս ուժերի միջեւ աշխատանքային քննարկումներ են վարվում:

Ինչ վերաբերում է այն կասկածներին, որ հնարավոր է ԲՀԿ-ն համաձայնի մանդատներ ստանալ նոր ձեւավորվող կառավարության կազմում, ապա Զոհրաբյանը բացառեց դա. - «Ոչ, հնարավոր չէ, «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական օրակարգում նման խնդիր չկա եւ չի էլ կարող լինել»,- ասաց նա` ընդգծելով, որ որեւէ բանակցություն չի ընթանում:

«Բացարձակապես չկա եւ չի կարող լինել: Եթե վարչապետ է նշանակվում Տիգրան Սարգսյանը, որի տնտեսական քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է ահա այսպիսի վիճակի առջեւ, ինչպե՞ս եք պատկերացնում, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հնարավոր է որեւէ կոնսուլտացիաներ տանի կոալիցիոն կառավարության մաս լինելու համար», - հավելեց Զոհրաբյանը:
XS
SM
MD
LG