Մատչելիության հղումներ

«Ռեալ» - «Բորուսիա». երկու հսկաների ճակատամարտ


Գերմանիա - «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տոնում է «Բորուսիա»-ին խփած գոլը, Դորթմունդ, 24-ը ապրիլի, 2013թ.
Գերմանիա - «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տոնում է «Բորուսիա»-ին խփած գոլը, Դորթմունդ, 24-ը ապրիլի, 2013թ.

Այսօր երեկոյան Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը։

Եզրափակիչ անցնելու համար Մադրիդի «Ռեալ»-ը պետք է 3:0 հաշվով հաղթի Դորթմունդի «Բորուսիա»-ին, քանի որ առաջին հանդիպումը Գերմանիայում տանուլ է տվել 1:4 հաշվով։ Եթե «Ռեալ»-ը հաղթի 4:1 հաշվով, ապա խաղը կշարունակվի ու գուցե հասնի 11-մետրանոցների։

Արդյո՞ք դա հնարավոր է։ «Ռեալ»-ի երդվյալ երկրպագուները համոզված են, որ խնդիրը շատ ծանր է, բայց թիմն այն կլուծի։ «Ինչքան կուզենք կխփենք»` սա է «Ռեալ»-ի պարծենկոտ երկրպագուների կարգախոսը։

Մարզական թեժ թեմաներ քննարկող «Բլիչեր Ռիփորթ» էկելտրոնային պարբերականը հարցում է անցկացրել։ Հարցվածների 44 տոկոսը համոզված է, որ «Ռեալ»-ը կհաղթի եւ կանցնի եզրափակիչ, 29 տոկոսի կարծիքով` կհաղթի, բայց չի անցնի, 18.5 տոկոսը ենթադրում է, որ կհաղթի «Բորուսիա»-ն, իսկ 8 տոկոսի համոզմամբ էլ` խաղը կավարտվի ոչ ոքի եւ, հետեւաբար, եզրափակիչ անցնելու ուղեգիրը կնվաճի Դորթմունդի ակումբը։

«Դուք եք մեր ուժը, երբեւէ այսքան չենք ունեցել ձեր աջակցության կարիքը, որքան այսօր», - ասում է «Ռեալ»-ի արգենտինացի հարձակվող Գոնզալո Իգուաինը հատուկ տեսահոլովակում, որը մարզադաշտի հսկայական հեռուստաէկրանին կցուցադրվի հանդիպման մեկնարկից առաջ։

«Ձեր սիրտը` մեր սիրտն է», - երկրորդում է Սերխիո Ռամոսը: «Ձեզ հետ միասին անհնարին բան չկա», - ավելացնում է Չաբի Ալոնսոն։

Մինչդեռ, գերմանացի երկրպագուները շատ հպարտ են, նրանց համոզմամբ` եզրափակիչը «գերմանական» կլինի։

«Բարսելոնա»-ի առջեւ է՛լ ավելի բարդ խնդիր է դրված, կատալոնացիներն առաջին խաղը Մյունխենում տանուլ են տվել 0:4 հաշվով, ուստի, գերմանացի մեկնաբանների համոզմամբ, առավել քան հավանական է, որ Լոնդոնում մայիսի 25-ին Չեմպիոնների լիգայի գավաթի համար կպայքարեն «Բորուսիա»-ն եւ «Բավարիա»-ն։

2001 թվականին այդ գավաթը շահած «Բավարիա»-ի ավագը Շտեֆան Էֆենբերգն էր։

«Համոզված եմ, որ «Բավարիա»-ն կանցնի, թույլ չի տա, որ Բարսելոնայում աղետ լինի։ «Բորուսիա»-ն էլ շատ ուժեղ թիմ է, բայց «Ռեալ»-ն իր դաշտում ամեն ինչ կանի հաղթելու համար։ «Գերմանական» եզրափակիչը երազի իրականացում կլինի», - ասել է Էֆենբերգը։

Բրիտանական մամուլի փոխանցմամբ` այսօրվա վճռական հանդիպման մասին «Ռեալ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ այն չափազանց լարված կլինի։

«Սա այս տասնամյակում «Ռեալ»-ի համար ամենակարեւոր խաղն է, ես ճիշտ այդպես էի մտածում նաեւ Դորթմունդում, բայց, դժբախտաբար, մենք այնտեղ այնպես էինք խաղում, կարծես դա ընկերական հանդիպում էր։ Մադրիդում մենք պարտավոր ենք պայքարել առաջին րոպեից մինչեւ խաղի վերջին վայրկյանը», - ասել է Մոուրինյոն։

Վաղը Բարսելոնայում կատալոնացիները կխաղան «Բավարիա»-ի հետ։ Եզրափակիչ անցնելու համար նրանք պետք է հաղթեն 5:0 հաշվով...

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG