Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն մեծ նշանակություն է տալիս Երեւանի ավագանու ընտրություններին


«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար անդամ Աղվան Վարդանյանն էր:

Օգտատերերից մեկի հարցին, թե մայրաքաղաքի ավագանու ընտրություններում անհրաժեշտ ձայներ հավաքելու դեպքում արդյոք ՀՅԴ ցուցակում ընդգրկված պատգամավորները պատրաստ են հրաժարվել ԱԺ մանդատներից ու աշխատել ավագանու կազմում, Վարդանյանն արձագանքեց. - «Եթե մենք կարողանանք ընդդիմադիր չորս ուժերով մեծամասնություն կազմել ավագանիում, բնականաբար, այդ պարագայում մեզ համար իշխանությանը, Հանրապետական կուսակցությանը հակակշիռ ստեղծելու եւ Երեւանով Հայաստանում փոփոխություններ ստեղծելու խնդիրը կկարեւորվի»:

«Եթե վաղը Երեւանը ղեկավարում է Դաշնակցությունը կամ ընդդիմությունը` միասին, քաղաքապետարանի բոլոր վերահսկողական գործառույթները հանձնելու ենք քաղաքապետարանում նոր ընդդիմությանը, այսինքն` իշխող կուսակցությանը», - հայտարարեց Վարդանյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատակին, թե Տարոն Մարգարյանը Երեւանի լավագույն քաղաքապետն է վերջին 20 տարիների ընթացքում, Աղվան Վարդանյանն ասաց. - «Ես վստահ եմ, որ այդ գնահատականին եփած հավի ծիծաղն էլ կգա, որովհետեւ նման բան չկա: Մարդը պիտի մի քիչ չափի զգացողություն ունենա, մի քիչ ամոթ ունենա նման գնահատական տալուց առաջ»:

Օգտատերերի` վարչապետի վերանշանակմանը վերաբերող հարցերին ի պատասխան ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչը պատասխանեց. - «Ցավոք, պարոն Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը ձախողել է նախորդ տարվա ծրագիրը: Կառավարությունը փորձում է այս ամեն ինչը պատճառաբանել համաշխարհային ճգնաժամով… Իհարկե, դրանք իրենց ազդեցությունն ունեցել են: Բայց մենք համոզված ենք, որ նույնիսկ այդ պարագայում կարելի էր շատ ավելի արդյունավետ աշխատել: Եվ մեզ համար անհասկանալի է Տիգրան Սարգսյանի վերանշանակումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG