Մատչելիության հղումներ

Զոհրաբյան. «Ընտրախախտումների մեխանիզմը բետոնապատ է»


 ԲՀԿ նախընտրական հանդիպումը Նորք մարաշում
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ:

Հանդիպումը Նորքի «Չինարի ծառ» կոչվող վայրում էր: Նորքեցիների առջեւ նախ ելույթ ունեցավ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. - «Երբ գալիս էինք այստեղ, ճանապարհին հանդիպեցին նորքմարաշցիների, որոնք խոսում էին համայնքում վախի մթնոլորտի մասին: Դատապարտված է այն իշխանությունը, որից իր ժողովուրդը վախենում է: Որեւէ մեկից չվախենաք»:

Զոհրաբյանի տպավորությունն այնպիսին է, որ միայն ընտրական փուլում են այսօրվա իշխանությունները հիշում, որ ստանձնել են քաղաքական պատասխանատվություն երկրի կառավարման համար. - «Միայն ընտրական փուլում են իրենք հիշում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրենց գործընկերն է: Մնացած ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այն օբյեկտն է, որին շահագործելով իրենք պիտի կարողանան իրենց բարեկեցության խնդիրը լուծել: Միայն այս ընթացքում են հիշում, որ ինչ-որ քայլ, ինչ-որ գործ իրենք պիտի անեն: Եվ փորձում են իրենց պարտականությունը` այն աշխատանքը, որը իրենք պիտի անեին որպես իշխանություն այս տարիների ընթացքում, որպես լավություն, որպես ողորմություն ընտրական շրջանում վաճառել ձեզ»:

Այս «արատավոր շղթան», Զոհրաբյանի խոսքով, պետք է կոտրվի. - «Այլապես շարունակել այլեւս հնարավոր չէ: Սիրելի ժողովուրդ, պիտի փորձել անընդհատ, պիտի միահամուռ ձեւով փորձել փոխել: Եթե մենք չկարողանանք գոնե այս ընտրությունների ժամանակ սկսել երկրում լրջագույն փոփոխությունների հիմք դնել, ապա վստահ եղեք, որ եւս հինգ տարի Հայաստանը արնաքամ է լինելու»:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, պետք է համախմբվեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց նպատակը մեկն է` որպեսզի երեւանցին կարողանա արժանապատիվ ապրել իր քաղաքում, հայաստանցին` իր երկրում:

Զոհրաբյանի որակմամբ, թեեւ Հայաստանում ընտրախախտումների մեխանիզմը «բետոնապատ» է, այդուհանդերձ իրենք գիտեն, թե ինչպես պայքարել դրա դեմ:

Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքով, ի տարբերություն հարեւան երկրների, այսօր հայաստանցու մոտ կորել է ապագայի նկատմամբ հույսը, որը կվերականգնվի միայն ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու դեպքում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հանդիպմանը ներկա նորքեցիներն ասացին, թե միայն մասամբ են ծանոթ Երեւանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ծրագրերին:

«Խոստումները գոհացնում են, ասա կատարեն: Եթե կատարեն դրա մի որոշ տոկոսը, գուցեեւ գոհ լինենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանդիպման մասնակիցներից մի երիտասարդ կին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG