Մատչելիության հղումներ

Բոստոնի ահաբեկչության «հայկական հետքը»` ամերիկահայերի քննադատության թիրախ


Բոստոնի ահաբեկչությունն իրականացնելու մեջ կասկածվող Ցարնաեւ եղբայրները մարաթոնից առաջ, արխիվ
Բոստոնյան ահաբեկչության «հայկական հետքի» մասին պնդումները գնալով ավելի անորոշ եւ մշուշոտ են դառնում` միաժամանակ արժանանալով ամերիկահայ համայնքի ակտիվ հակազդեցությանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ տեղեկություններ ի հայտ եկան,որոնց համաձայն Բոստոնում պայթյուններն իրականացրած Ցարնաեւ եղբայրների ծայրահեղական հայացքների ձեւավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել իբր հայկական ծագում ունեցող ոմն Միշա: Երեկ այս առեղծվածային հայազգի իսլամիստ քարոզչի մասին Մախաչկալայում հրավիրված ասուլիսի ժամանակ խոսում էր նաեւ Ցարնաեւների հայրը:

«Այդ Միշայի ընտանիքը ռուսալեզու է, նրանք Բաքվից են: Շատ պարկեշտ ընտանքից էր, նրա հայրը մարմնամարզության մարզիչ էր, իսկ եղբայրը` Սերգեյը, պատմության պրոֆեսոր: Միշան հետագայում իսլամ է ընդունել. նա ապրել է Բաքվում, մեծացել է մահմեդականների միջավայրում,հետագայում, երբ Բաքվում պատերազմ սկսվեց նրանք այնտեղից հեռացան»,- պնդում էր Անզոր Ցարնաեւը:

Ամերիկահայերի շրջանում սակայն այս առեղծվածային հայազգի իսլամիստի մասին պնդումները կտրուկ արձագանք են առաջացնում: Երեկ երեկոյան CNN-ի եթերում Միացյալ Նահանգների ամենահայտնի հայազգի փաստաբաններից մեկը` Մարկ Կիրակոսը նշում էր. - «Որպես ազգությամբ հայ ես ցանկանում եմ նաեւ մակնաբանել այն բոլոր շահարկումները,որ վերաբերում են ինչ-որ դավանափոխ եղած մի հայի, որի անունն է Միշա: Նշեմ, ի դեպ,որ դա հայկական անուն չէ: Բացի այդ, բոլոր հայերի, որպես առաջին քրիստոնեական ազգի ներկայացուցիչների համար, նման պնդումները պարզապես վիրավորական են: Ավելին, դրանք հնչում են հենց այն շաբաթ, երբ հայերը նշում են Ցեղասպանության 98-րդ տարելիցը, երբ մեկուկես միլիոն քրիստոնյա հայեր կոտորվեցին մահմեդական օսմանցի թուրքերի կողմից»,- նշում է Մարկ Կիրակոսը` կոչ անելով ավելի «քննադատական մոտեցում որդեգրել բոստոնյան ահաբեկչության մասին շրջանառվող լուրերին»:

Ի դեպ երեկ արդեն հայտնի դարձավ, որ Ցարնաեւ եղբայրները չէին պատրաստվում սահմանափակվել Բոստոնի մարաթոնում իրականացված ահաբեկչությամբ: Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարեց. - « Ողջ մնացած ահաբեկիչը բացահայտել է, որ իրենց հաջորդ թիրախը Նյու Յորքն էր: Նրանց նպատակն էր պայթուցիկ սարք տեղադրել Թայմզ Սքվերում: Հետաքննությունների դաշնային բյուրոն մեզ տեղեկացրել է, որ այդ սարքն արդեն իսկ պատրաստ էր, եւ նրանք ունեին այդ հարձակումն իրագործելու կարողությունը», - հայտարարեց Բլումբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG