Մատչելիության հղումներ

ՀՀԿ–ն չի շտապում քննարկել կառավարության նոր կազմը


Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանով
Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում կառավարության նոր կազմի հետ կապված որեւէ հարց չի քննարկվել։ Այս մասին նիստից հետո ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ Հանրապետական կուսակցությունը դեռ ժամանակ ունի եւ իրենք առաջիկայում կքննարկեն եւ կներկայացնեն կառավարության իրենց թեկնածուներին։

Սահմանադրության համաձայն, կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին ապրիլի 19–ին, եւ իշխող կուսակցությունը շուրջ երկու շաբաթ ժամանակ ունի նոր կառավարության կազմը քննարկելու համար։

Երեկ տեղի ունեցած նիստի ընթացքում Հանրապետականները քննարկել են Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների հետ կապված հարցեր։

ՀՀԿ–ն դատապարտում է


Անդրադառնալով ilur.am լրատվական կայքի եւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ կապված միջադեպերին՝ Շարմազանովն ասաց, որ Հանրապետականը եւս մեկ անգամ դատապարտում է նման միջադեպերը։

«Կուսակցությունը կարեւորում է ընտրությունների ժողովրդավարական ընթացքը», – լրագրողների հետ զրույցում նշեց Շարմազանովը, - «Որեւէ ոտնձգություն ազատությունների վրա, բնականաբար, անթույլատրելի է»։

ՀՀԿ խոսնակը նշեց, որ կուսակցությունը գոհ է քարոզարշավի ընթացքից՝ «կարեւոր է նաեւ, որ այն անցնում է դրական հունի մեջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG