Մատչելիության հղումներ

Ադամ Շիֆը Կոնգրեսում ելույթ է ունեցել հայերեն


Կոնգրեսական Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, արխիվ
Կոնգրեսական Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, արխիվ
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների տան դահլիճում, երբ խոսքը տրվեց Կալիֆորնիայից դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին, նա մոտեցավ ամբիոնին ու ելույթ ունեցավ հայերեն:

Չորս րոպեից ավելի խոսելով հայերեն` կոնգրեսականն ասաց, որ խոսում է նրանց լեզվով, ովքեր չկան, բայց որոնց ձայները դեռ լսվում են, եւ ովքեր խնդրում են հիշել իրենց:

«Կխոսեմ իրենց գեղեցիկ լեզվով, որովհետեւ այսօր մենք բոլորս հայ ենք», - ասաց կոնգրեսականը:

Նշելով, որ Թուրքիան մոտ մեկ դար ուրանում է հայերի ցեղասպանությունը, Ադամ Շիֆն ասաց, որ ելույթ է ունենում Ներկայացուցիչների տան ամբիոնից, որովհետեւ Ամերիկայի ժողովուրդը սարսափները միշտ կոչել է իրենց անուներով եւ սպասում է այն օրվան, երբ իր ղեկավարները եւս նույնը պետք է անեն:

«Ես վստահ եմ այդ օրը պիտի գա», - հայերենով հայտարարեց կոնգրեսական Շիֆը:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ Կոնգրեսի երկու ազդեցիկ հանձնաժողովների նախագահները` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ դեմոկրատ Բոբ Մենենդեսը ու Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ հանրապետական Էդ Ռոյսը միացել են ապրիլի 24-ին Կոնգրեսում անցկացված հավաքին ու իրենց միանշանակ աջակցությունը հայտնել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը:

Իր խոսքում Մենենդեսն ասել է, թե ցեղասպանության բնորոշման հարցում ոչ մի երկիմաստություն չպետք է լինի:

«Ուրիշ բառեր չկան, մեղմացնող, խուսափող, արդարացնող բառեր չկան: Մենք պետք է լիարժեքորեն հանձնառու լինենք ընդունելու հիմնարար ճշմարտությունը. այն ինչ տեղի է ունեցել 1915-1923 թվականներին, դա ակնհայտորեն ցեղասպանություն է, որը պետք է ընդունեն Թուրքիան եւ մեր կառավարությունը», - ասել է Մենենդեսը:

Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ասել է, որ Օսմանյան կայսրության իշխանությունները նույնիսկ ջանքեր չեն գործադրել թաքցնելու հայ ժողովրդին ոչնչացնելու իրենց մտադրությունը: Նա հիշեցրել է այն ժամանակ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները, ով ասել էր, թե տեղահանումների նպատակը մի ռասայի ոչնչացումն էր, ու հրաման արձակողները դա գիտակցում էին ու չէին էլ փորձում թաքցնել:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ապրիլի 24-ի հիշատակի հավաքին մասնակցելու հրավերներ էր ուղարկել նաեւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ պետքարտուղար Ջոն Քերրին, բայց պետքարտուղարությունից պատասխանել են, թե որպես քաղաքականության մաս, Օբամայի վարչակազմը չի ընդունում պաշտոնյաների մասնակցության հրավերը:

Միաժամանակ Հայ դատի հանձնախումբը նշում է, որ չնայած իրենց բողոքին, պետքարտուղարությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին ուղարկում է մասնակցելու ապրիլի 26-ին Վաշինգտոնում կայանալիք թուրք-ամերիկյան ընկերակցության հանդիպմանը, կազմակերպություն, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG