Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի նվազեցնում ակտիվությունը Ղարաբաղի հարցում


Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր առավոտյան հանդիպել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի, այնուհետեւ՝ Պետդումայի եւ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ։

Լավրովի հետ հանդիպմանը հետեւեց մամուլի ասուլիս, որի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը պատասխանեց նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ մտադի՞ր է արդյոք Ռուսաստանը քայլեր ձեռնարկել ղարաբաղյան խնդրի կարգավորման դե ֆակտո սառեցված գործընթացը ակտիվացնելու համար։

«Ռուսաստանի դիրքորոշումը կարգավորման հարցում քաջ հայտնի է. Ռուսաստանը աշխատում է Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների հետ միասին, անկախ այն բանից, թե որ փուլում որ երկիրն է այս կամ այն նախաձեռնությամբ հանդես գալիս», - պատասխանելով մեր հարցին՝ ասաց Լավրովը, - «Այսօր էլ մենք միասին աշխատում ենք բանակցային գործընթացը վերսկսելու համար, իսկ նախարարների մակարդակով հանդիպումներ անընդհատ կազմակերպվում են։ Մենք մեր ակտիվությունը չենք նվազեցնում, շարունակելու ենք աշխատել»:

Լավրովը այսօր նաեւ հայտարարեց, որ ղարաբաղյան հարցում առաջընթաց չկա:

Հայաստանի արտգործնախարարն, ի տարբերություն իր ռուսաստանցի գործընկերոջ, ավելի լավատես էր, ասաց` թեեւ առաջընթաց չկա, բայց բանակցային գործընթացը փակուղում չէ:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ հայտարարեց, որ մայիսին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ նոր հանդիպում տեղի կունենա Կրակովում, սպասվում է նաեւ հանդիպում նախագահների մակարդակով։

Ասուլիսում Նալբանդյանը նաեւ հայտարարեց, որ վերջին տարիներին ռուսական նախաձեռնությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումները տապալվել են ադրբեջանական կողմի դիրքորոշման պատճառով։

Ասուլիսում Նալբանդյանն ու Լավրովը նաեւ հայտարարեցին, որ արդյունավետ բանակցություններ են անցկացրել, քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով առեւտրատնտեսական, ռազմավարական եւ հումանիտար ոլորտներին։

Ռուսաստանի արտգործնախարարը չշրջանցեց նաեւ Եվրասիական միության հետ Հայաստանի համագործակցության խնդրին՝ նշելով, որ այստեղ առկա է առաջընթաց եւ հույս հայտնելով, որ Հայաստանի ու Մաքսային միության մերձեցման գործընթացին դինամիկա կհաղորդի Հայաստանի կառավարության ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ ապրիլի 10-ին ստորագրված հուշագիրը:

Նալբանդյանի այցը շարունակվում է, վաղը Հայաստանի արտգործնախարարը կայցելի Դիվանագիտական ակադեմիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG