Մատչելիության հղումներ

Ալի Ահմեդով. «Մինսկի խումբը մեզ չի պաշտպանում»


«Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդով
«Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդով

Ադրբեջանում նորից խոսում են միջնորդական թիմի ձեւաչափը փոխելու մասին։

Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը երեկ հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը չի կարողանում արժանապատիվ կերպով կատարել միջնորդի պարտավորությունները, եւ այդ խմբի համեմատությամբ շատ ավելի առարկայական ու անկողմնակալ է Թուրքիայի դիրքորոշումը։

Նրա խոսքերով, Ադրբեջանը բազմիցս է ընդգծել, որ Թուրքիան կարող է մեծ դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ահմեդովն ասել է, որ Մինսկի խմբի բուն ձեւաչափն արդար չէ։

«Եթե դիտարկենք միջնորդների կազմն, ապա կտեսնենք, որ այնտեղ չկա եւ ոչ մի կողմ, որը կպաշտպաներ Ադրբեջանի շահերը։ Բայց միջնորդները չեզոք չեն», - ասել է Ահմեդովը եւ ավելացրել.- «Ուստի, մի կողմից անկողմնակալ չեն, մյուս կողմից էլ չկա մեկը, որ պաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը։ Այս վիճակում Թուրքիայի նշանակությունն էլ ավելի է ընդգծվում»։

Ահմեդովը երեկ անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի` ապրիլի 18-ին Ներկայացուցիչների պալատում արտահայտած այն մտքին, որ Թուրքիան կարող է կառուցողական դերակատար դառնալ Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերում։

«Մենք որպես Ադրբեջանի քաղաքացիներ, միանգամայն արդար ենք համարում այդ մոտեցումը եւ բնավ պատահական չէր Ջոն Քերիի այդ մեկնաբանությունը»,- ասել է Ալի Ահմեդովը։

Էլ ավելի կոշտ կարծիք է հայտնել Ադրբեջանի քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն։ Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը քննադատում են նույնիսկ հայամետ ռուսաստանցի փորձագետները։

Ահմեդօղլուի խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «փորձում է մոռացության մատնել ղարաբաղյան հակամարտությունը, առաջացնել Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի բախում»։

Միջնորդության առաջարկներ են արել Չեխիան, Վրաստանը, Իրանը, միջազգային կառույցներ։ Այլընտրանքային միջնորդությունը, Մուբարիզ Ահմեդօղլուի կարծիքով, անհրաժեշտություն է, քանի որ Մինսկի խումբը չի կարողացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում հանդես գալ որպես չեզոք կողմ եւ մտադիր էլ չէ ակտիվ աշխատել։

«Լավագույն լուծումը կլիներ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի լուծարումը»,- հայտարարել է Ադրբեջանի քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն։

Հայկական կողմը կտրականապես դեմ է խնդրի կարգավորումը մեկ այլ միջնորդի հանձնարարելու կամ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու առաջարկներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG