Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա` Երեւանի քաղաքապետարանի դիմաց


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցությունն այսօր բողոքի ցույց անցկացրեց Երեւանի քաղաքապետարանի առջեւ` պահանջելով պաշտոնանկ անել գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության ցուցակի առաջատար Տարոն Մարգարյանին:

Կոնգրեսը վկայակոչում է Մարգարյանի հայտարարագրած բնակարանները, շինությունները, ավտոմեքենաները, որոնք ընդդիմադիր կուսակցության հաշվարկներով շուրջ 6 միլիոն դոլար են գնահատվում: ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հիշեցնում էր` կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանություններն իրենք են խոսում. - «Հիմա երեւանցիները ուզում են իմանալ` այդ երիտասարդը որտեղից է կուտակել նման կարողություն, եթե ինքը բիզնեսով չի զբաղվել եւ եղել է միայն պետական պաշտոնյա»:

Հայ ազգային կոնգրեսը Տարոն Մարգարյանին հրավիրում է հրապարակային բանավեճի քաղաքապետի իրենց թեկնածուի` Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ: Վլադիմիր Կարապետյանն ասաց` ցանկանում են ունեցվածքին վերաբերող հարցերը դեմ առ դեմ ուղղել գործող քաղաքապետին:

Տարոն Մարգարյանը, հիշեցնենք, հակադարձելով այս քննադատություններին` ընդդիմադիրներին խորհուրդ էր տվել իրավապահներին դիմել:

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է առնվազն հրապարակել Վերահսկիչ պալատի կողմից քաղաքապետարանում անցկացված ստուգումների արդյունքները: Այսօրվա ակցիան պարբերաբար ուղեկցվում էր միջադեպերով. ոստիկանները նախ թույլ չէին տալիս մոտենալ քաղաքապետարանի շենքին, ապա երբ Կոնգրեսի ակտիվիստներին հաջողվեց ճեղքել ոստիկանական պատնեշը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ենթականերին ցուցում տվեց բացել քաղաքապետարանի մուտքը, ինչից հետո հրմշտոց սկսվեց:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի գնահատմամբ` ոստիկանության գործողություններն ամբողջությամբ ապօրինի էին.- «Մենք թեկնածուներ ունեինք, այդ ինչպե՞ս ես թեկնածուներին փակում: Սա տեղավորվում է լրիվ նախընտրական քարոզչության շրջանակներում, բոլորը պաշտպանված են օրենքով, բոլորը թեկնածուներ են: Ավագանու ցուցակում գտնվող մարդիկ էին ակցիա անողները, եւ որեւէ ոստիկան իրավունք չունի արգելակելու նրանց գործողությունները»:

Արամ Մանուկյանը լիահույս է, որ մայիսի 6-ին Երեւանը նոր քաղաքապետ կունենա, եթե ոչ Կոնգրեսը միայնակ, ապա գոնե ոչ իշխանական ուժերի համատեղ ուժերով:

«Ազգային ժողովի ընտրությունները մեզ օրինակ` 38 տոկոս էր հավաքել Հանրապետական կուսակցությունը, մնացածը ոչ իշխանականն էին: Ես կարծում եմ հիմա ավելի լավ թվեր կլինեն, որովհետեւ իշխանությունը նախ թեկնածուով վարկաբեկված է, ակցիա չի կարողանում անել, միջոցառում չի կարողանում անել, եւ վերջին ընտրությունների ժամանակ խայտառակ պարտություն է կրել: Այս ամենը ձնագնդիի նման էֆեկտ կտա եւ իշխանությունը 20-30 տոկոսից ավելի չի կարող հավաքել», - մեկնաբանեց ընդդիմադիր գործիչը:

Ընտրակեղծիքների դեմ միասնաբար պայքարելու` Կոնգրեսի նախաձեռնության մասին Արամ Մանուկյանն ասաց` դրական շարժեր կան, վերջնական արդյունք` ոչ:

Այսօրվա ակցիան շարունակվեց երթով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով` Հայ ազգային կոնգրեսի նախընտրական կարգախոսի ներքո` «Իշխանությունը` քաղաքացուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG