Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն հավանություն է տվել վարչապետի վերանշանակման առաջարկին


Իշխող Հանրապետական կուսակցությունը Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկելով ապագա կառավարության ձեւավորման հարցը, միաձայն հավանություն է տվել Հայաստանի վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանին վերանշանակելու` նախագահի առաջարկին:

Ինչպես ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ գործադիր մարմինն ու խորհուրդը նաեւ երաշխավորել են, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւս մնան իրենց տեղերում: Մյուս պաշտոնյաների հարցը առայժմ չի քննարկվել:

Սահմանադրության համաձայն, նախագահը իր պաշտոնը ստանձնելուց հետո տասնօրյա ժամկետում է վարչապետ նշանակում, իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: Իշխող կուսակցությունը համոզված է, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությանը հաջողվել է լուծել իր հիմնական խնդիրները եւ առաջիկայում էլ Տիգրան Սարգսյանին կհաջողվի ավելի մեծ ցուցանիշներ արձանագրել:

«Բնականաբար, այս կառավարությունը, ինչպես բոլոր երկրների բոլոր կառավարությունները, իդեալական չէ: Այս կառավարությունը եւս ունեցել է իր բացթողումները, իր թերությունները: Բայց հիմնականում մենք համամիտ ենք այն գնահատականի հետ, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել հիմնական մարտահրավերները եւ հույս ունենք, հավատացած ենք, որ էլ ավելի մեծ էներգիայով, էլ ավելի մեծ փորձառությամբ Տիգրան Սարգսյանին կհաջողվի ապագա տարիների ընթացքում էլ ավելի մեծ ցուցանիշների հասնել»,- ասաց Շարմազանովը:

Իշխող կուսակցության ներկայացուցիչը հիշեցրեց, որ 2012 թվականին հանրապետության նախագահը հստակ խնդիր էր դրել, որ տնտեսական աճը լինի ոչ պակաս, քան 7 տոկոս եւ «բոլոր խնդիրներով հանդերձ», ըստ Շարմազանովի, Տիգրան Սարգսյանի կառավարությունը այդ հարցը լուծեց:

«Այսօր եւս թե՛ Գործադիր մարմնի նիստում նիստում, թե՛ խորհրդի նիստում խնդիր է դրվել, որպեսզի թե՛ սոցիալական քաղաքականության առումով, թե՛ արտագաղթի կանխարգելման առումով, թե՛ տնտեսական աճի առումով, թե՛ սոցիալական արդարության, թե՛ նոր աշխատատեղերի ստեղծման առումով Կառավարությունը պետք է էլ ավելի արդյունավետ աշխատի: Եվ, ինչպես 2012-ին, 2013-ին էլ քաղաքական մեծամասնությունը նախագահի գլխավորությամբ խնդիր է դրել վարչապետի առջեւ, որպեսզի մեր տնտեսական աճը 7 տոկոսից պակաս չլինի»,- նաեւ ասաց Էդուարդ Շարմազանովը:

Արձագանքելով ոչ իշխանական քաղաքական ուժերի այն հայտարարություններին, որ Տիգրան Սարգսյանի վերանշանակումը կլինի «ապտակ մեր հասարակությանը», Շարմազանովը «բնական» համարեց ընդդիմության քննադատությունները քաղաքական իշխանության հասցեին` մեկնաբանելով. - «Քաղաքական ընդդիմության հիմնական գործառույթն է խիստ քննադատել քաղաքական իշխանությանը, բայց քաղաքագիտական նորմ է նաեւ, որ քաղաքական իշխանությունն է առաջադրում վարչապետի թեկնածուին: Եվ քաղաքական իշխանությունը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ, այո՛, մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, բայց Տիգրան Սարգսյանի կառավարությանը հաջողվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներից հետո ապահովել որոշակի դրական արդյունք: Իսկ այն, որ քաղաքական այլընտրանքը քննադատում է, իրենց խնդիրն է, մենք պատրաստ ենք լսել ցանկացած առողջ քննադատություն»:

Նիստից հետո նախագահն ու վարչապետը հեռացան այլ մուտքով, չշփվեցին լրագրողների հետ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրագհամյանը ներկա չէր, արձակուրդում գտնվելու պատճառով: Նիստից հետո նախարարներն ու մարզպետները վստահեցնում էին, որ ողջունում են Տիգրան Սարգսյանին վերանշանակելու որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG