Մատչելիության հղումներ

Ապրիլի 18-ի մամուլ


«Ժամանակ» թերթը գրում է. - « Երեւանի ավագանու ընտրությունները չքաղաքականացնելու մասին ՀՀԿ-ական հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ քաղաքական անմեղսունակության պարզ դրսեւորում, տարրական վկայություն: Ավելին` այստեղ կարծես թե ավելին է, քան զուտ քաղաքական անմեղսունակությունը: Այստեղ ընդհանրապես բանականության հետ կապված ակնհայտ խնդիրներ են ի հայտ գալիս` այն պարզ պատճառով, որ չքաղաքականացնելու մասին հայտարարում է մի ուժ, որը ինքն է ընդունել Երևանի ընտրությունների մասին օրենքը՝ իր խորհրդարանական քվեարկությամբ: Իսկ այդ օրենքում սեւով սպիտակի վրա գրված է, որ Երեւանի ավագանին ընտրվում է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով, որին կարող են մասնակցել կուսակցությունները կամ դաշինքները: Իսկ խնդիրն այն է, որ կուսակցություններն ու դաշինքները քաղաքական միավորներ են, եւ եթե անգամ նրանց համամասնական ցուցակներում տեղ գտնեն բացառապես օպերային երգիչներ ու երգչուհիներ, կամ ամբողջական պարային համույթներ կամ սպորտային թիմեր, միեւնույն է` այդ ցուցակները քաղաքական են, քանի որ դրանց վրա քաղաքական միավորների անուններ են»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Բարեբախտաբար, թե քաղաքագետների ու թե որոշ խելամիտ կուսակցականների շուրթերից վերջերս առիթ եմ ունեցել լսելու, որ պետք է պատրաստվել բուն ընտրություններին, ոչ թե հետընտրական պրոցեսներին, եւ հույս չդնել վերջիններիս վրա: Սակայն, ցավոք, առայժմ քարոզչության մեծ մասն ուղղված է հենց հետընտրական պրոցեսների՝ ցույցերի, բողոքների արդարացմանն ու հիմնավորմանը: Այստեղից՝ իրար ոչնչացնելու թաքնված եւ բացահայտ խոստումները: Մինչդեռ ես վերջերս պազեցի, որ Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ հակասությունները չափազանցված են: Երկուսն էլ, օրինակ, պնդում են, որ Հայաստանում օլիգարխներ չկան՝ կան խոշոր գործարարներ, որոնք իրենց ունեցվածքը վաստակել են բացառապես սեփական քրտինքով, ինտելեկտով, տաղանդով: Դե, մոտավորապես Բիլ Գեյթսի կամ Սթիվ Ջոբսի նման: Եվ մեր խոշոր գործարարները, բնականաբար, երազում են մտնել հարկային դաշտ, այսինքն՝ ոչ թե «նալոգ» տալ կոռումպացված իշխանավորներին եւ զբաղվել նախընտրական բարեգործությամբ, այլ դրանից մոտավորապես 10-20 անգամ ավելի մեծ գումարներ մուծել պետական բյուջե: Բայց ինչ-որ մեկը խանգարում է, որ այդ երազանքը իրականություն դառնա: Ըստ երեւույթին, լրագրողները»:

«168 ժամ» թերթի հետ զրույցում անդրադառնալով Երեւանի ավագանում առաջիկա ընտրություններին` Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, մասնավորապես, նշում է. - «Մենք հույս ունենք, որ ընդդիմությունը խաղաղ կպայքարի, հույս ունենք, որ իշխող կուսակցությունը եւ բոլոր կուսակցությունները կխուսափեն ընտրակաշառքներից եւ վարչական ռեսուրսների չարաշահումից: Մենք հույս ունենք, որ ընտրություններն ազատ եւ արդար կլինեն, եւ Երեւանի բնակիչները կկարողանան ընտրել քաղաքի ավագանուն, որը հետո կընտրի քաղաքապետին այնպես, որ յուրաքանչյուրին ձեռնտու կլինի: Հույս ունեմ՝ հենց սա տեղի կունենա»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի սենսացիոն պաշտոնանկությանը հետեւեց նույնքան սենսացիոն պարզաբանումը: Պարզվեց նա պաշտոնանկ է արվել պաշտոնը եւ բիզնեսը համատեղելու եւ հասարակության որոշակի շերտերի սերտաճելու համար: Այս պարզաբանումը սենսացիոն է առաջին հերթին այն պատճառով, որ Ներսես Նազարյանի մոտ, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, թղթերով ամեն ինչ կարգին էր, բիզնեսները գրանցված էին այլոց անուններով: «Մոսկվիչկա» ցանցն, օրինակ, թղթերով պատկանում է նրա որդուն: Բայց հասկանալի է, որ Նազարյանը Գասպարյան Վովային դատի չի տա ու ընդհանրապես հազիվ թե ծպտուն հանի: Այդ շրջանակներում նման բաներն ընդունված չեն: Մյուս կողմից, սակայն, եթե Գասպարյան Վովան որոշեր աշխատանքից ազատել բոլոր այն բարձրաստիճան ոստիկաններին, ովքեր ծառայությունն ու բիզնեսը համատեղում են, ապա առաջիկայում ոստիկանական համակարգում կապիտանից բարձր կոչում ունեցող չի մնա»:

«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանում է Գյուղատնտեսության նախարարության` նախօրեին տարածած պարզաբանումը, թե ինչու է Հայաստանում առաջացել պանրի դեֆիցիտ - «Ըստ նախարարության` պանիրը վերջացել է, քանի որ դրա հումքի` կաթի արտադրությունը խիստ սեզոնայնություն ունի: Այսինքն, քանի որ ձմռանը մեր կովերը կաթ քիչ են տվել, ուստի պանիրն էլ քիչ է արտադրվել: Նախարարությունը երեւի ծանոթ չէ Հայաստանի պաշտոնական վիճակագրությանը, ըստ որի մեր սիրելի կովերը այս ձմռան ամիսներին, անցած տարվա ձմռան համեմատ, կտրուկ մեծացրել են կաթի ծավալները: Ու ընդհանրապես, դատելով մեր պաշտոնական վիճակագիրների տվյալներից, Հայաստանում պանրի դեֆիցիտ առաջանալ ուղղակի չի կարող այն պարզ պատճառով, որ մեկ շնչի հաշվով արտադրված կաթի ծավալով մրցում ենք ԱՄՆ-ի հետ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG