Մատչելիության հղումներ

NDI.Վրացիների 63 տոկոսը կողմ է աբխազական երկաթուղու վերաբացմանը


Վրաստանի բնակիչների 63 տոկոսը դրական է տրամադրված աբխազական երկաթուղով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման գաղափարի հանդեպ: Սա են վկայում ամերիկյան Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի պատվերով անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվեցին երեկ Վրաստանի մայրաքաղաքում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Հետազոտության հեղինակների նպատակն էր պարզել, թե ինչպես են գնաահատում Վրաստանի քաղաքացիները 2012-ի հոկտեմբերին տեղի ունեցած մասնակի իշխանափոխությունից հետո արձանագրված իրադարձությունները: Նշենք, որ Իվանիշվիլիի կառավարության գրեթե բոլոր նախաձեռնությունները համընդհանուր աջակցություն են վայելում, եւ դրանց ընդդիմացողների թիվը չի հատում 10 տոկոսի սահմանագիծը: Միակ բացառությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող աբխազական երկաթուղու վերաբացման հարցն է, որին ընդդիմանում է վրացիների 13 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, սակայն, Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, եթե հավատանք NDI-ի հարցման արդյունքներին, բավական դրական է գնահատում Բիձինա Իվանիշվիլիի կառավարության արտաքին քաղաքական նախաձեռնությունները, նախեւառաջ` Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը: Ռուսական շուկան վրացական գինիների համար վերաբացելուն միտված բանակցություններին հավանություն է տալիս հարցվածների 84 տոկոսը: Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնի ստեղծումն արժանացել է վրացիների 78 տոկոսի հավանությանը:

Չնայած այդ ամենին, հարեւան երկրի բնակիչների մեծամասնությունը բավարարված չէ հարաբերությունների այն մակարդակով, որն այսօր առկա է Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ: Ռուս-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը չի բավարարում ամեն երկրորդ հարցվածին:

Հարկ է նաեւ նկատել, որ թեեւ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, այնուհանդերձ հյուսիսից եկող վտանգի զգացողությունը վրացական հանրության շրջանում պահպանվում է: Հարցման մասնակիցների միայն 23 տոկոսն է նշել, թե Ռուսաստանի Դաշնությունը Վրաստանի համար որեւէ վտանգ չի ներկայացնում: Հարցված վրացիների 42 տոկոսը պնդում է, որ ռուսական վտանգն առկա է, սակայն այն փոքր-ինչ չափազանցված է: Վրաստանի բնակչության 26 տոկոսը պնդում է, որ ռուսական վտանգը երկրի համար իրական է եւ չի վերացել:

Վրաստանի բնակիչների զգալի մասը շարունակում է հավատարիմ մնալ դեռ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք ընտրված արտաքին քաղաքական ուղուն` աջակցելով եվրատլանտյան ինտեգրման նախագծերին: Այսպես, հարցվածների 76 տոկոսը կողմ է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, 73 տոկոսը` ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին: Վերջին դեպքում, սակայն, վրացիների գերակիշռ մեծամասնությունը լավատես չէ: NDI-ի հարցմանը մասնակցած Վրաստանի բնակիչների միայն 16 տոկոսն է կարծում, որ երկիրը առաջիկա չորս տարում կանդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին: 17 տոկոսը կարծում է, որ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին, սակայն 2016 թվականից ոչ շուտ: Վրացիների 12 տոկոսի համոզմամբ էլ, իրենց երկիրը երբեք մաս չի կազմի աշխարհի ամենահզոր ռազմաքաղաքական այդ դաշինքին:

Ուշագրավ է, որ վրացիների կեսից ավելին` 55 տոկոսը, ազնվորեն խոստովանել է, որ պատկերացում չունի, թե երբ Վրաստանն ի վիճակի կլինի անդամակցել ՆԱՏՕ-ին, եւ ընդհանրապես կանդամակցի՞ դաշինքին, թե՞ ոչ:

Ի դեպ, հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը` 58 տոկոսը համոզված է, որ Վրաստանը 2012-ի հոկտեմբերյան ընտրություններից հետո լիովին կամ գոնե մասնակիորեն ճիշտ ուղով է շարժվում: Հակառակ տեսակետին է հարցվածների միայն 8 տոկոսը:

Ուշագրավ է, որ ընդդիմության հաղթանակով ավարտված խորհրդարանական ընտրություններից երկու ամսի առաջ վրացիների ավելի քան 20 տոկոսն էր պնդում, որ երկրիը սխալ ուղղությամբ է ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG