Մատչելիության հղումներ

Հայաստանին նվիրված կոնֆերանս Իսպանիայի Սենատում


Իսպանիայի Սենատում անցած հինգշաբթի օրը կայացել է կոնֆերանս` «Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին» խորագրով:

Ինչպես այսօր փոխանցում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, Հայաստանից կոնֆերանսին մասնակցելու համար հրավիրված էին Ազգային ժողովի պատգամավորներ` Հայաստան - Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա էին Իսպանիայի երկպալատ Խորհրդարանը ներկայացնող սենատորներ եւ կոնգրեսականներ, երկրի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, այդ թվում` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան ներկայացնող բարձրաստիճան դիվանագետներ, Լիտվայի եւ Իռլանդիայի դեսպանները, քաղաքական փորձագետներ, իսպանացի գործարարներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառումը վարել է Իսպանիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մունյոս-Ալոնսո Լեդոն: Իր ողջույնի խոսքում նա անդրադարձել է հայ - իսպանական պատմական կապերին, խոսել է նաեւ Հայաստանի խորհրդայնացումից հետո Ստալինի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու մասին՝ որակելով այն որպես «բաժանիր, որ տիրես» սկզբունքի վառ օրինակ:

Իսպանիայի խորհրդարանի անունից բանախոսող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում իսպանական պատվիրակության նախագահ Խոսե Մարիա Բենեյտոն նշել է, որ Իսպանիան իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Սամվել Ֆարմանյանը ներկայացրել է Հայաստանի արձանագրած հաջողությունները եվրաինտեգրման ճանապարհին՝ կարեւորելով մոտ ապագայում Եվրամիության հետ Ասոցիացման պայմանագրի ստորագրումը:

Վահան Հովհաննիսյանի ելույթը կրում էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. ակունքներ, զարգացումներ եւ ներկայիս իրավիճակ» խորագիրը:

Ելույթով է հանդես եկել նաեւ հայ ժողովրդի մեծ բարեկամ, իսպանացի ճանաչված գրող եւ լրագրող, Հայոց ցեղասպանության թեմային նվիրված բազմաթիվ գրքերի եւ հոդվածների հեղինակ Խոսե Անտոնիո Գուռիարանը:

Միջոցառումն ավարտվել է բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւայի նկարահանած` Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG