Մատչելիության հղումներ

Մարտիրոսյանը պնդում է, որ բախումները հրահրել են սադրիչները


Ոստիկանությունը ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում
Ոստիկանությունը ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մեկնաբանելով ապրիլի 9-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության պաշտոնական գնահատականները, հայտարարեց, որ խաղաղ երթի ժամանակ բախումներ հրահրել են սադրիչները, որոնք կարող էին լինել հենց ոստիկանության ներդրած մարդիկ:

Ոստիկանությունը երեկ տարածած հաղորդագրության մեջ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը բացատրել է այսպես` «ապօրինի երթի առանձին, անգամ հավաքի կազմակերպիչների համար անկառավարելի դարձած, հավաքի խաղաղ ընթացքը կոպտորեն խախտած քաղաքացիների վարքագիծը ոստիկանությանը հարկադրեց ուժ կիրառել իրավախախտների նկատմամբ»:

Մարտիրոսյանը, ով ոստիկանների կողմից ծեծի ենթարկվեց այդ օրը եւ արյունլվա դեմքով բերման ենթարկվեց բաժին, հակադարձում է, որ իրավապահները սադրանքներ էին հրահրում դեռ այդ օրն առավոտից` «հետագայում ինչ-որ գործողություններ իրականացնելու համար»: Երեկոյան բախումների վերաբերյալ տարածված տեսանյութերում էլ, ըստ նրա, հստակ երեւում են թե «սադրիչները», թե ժողովրդին հրմշտող քաղաքացիական հագուստներով ոստիկանները, եւ թե ոստիկանական համազգեստով անհամաչափ ուժ կիրառողները:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` այդ օրը երեկոյան դեպի Ծիծեռնակաբերդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդած երթի ժամանակ ժողովրդի մի մասի` Բաղրամյան պողոտայում մնալու պատճառն էլ եղել են «սադրիչները», որոնք այդտեղ մնալու կոչեն են արել, ինչպես նաեւ նրա բնորոշմամբ «սաբոտաժ» անող, «իրենց հասարակական գործիչների տեղ դրած անձինք», ովքեր, ըստ Մարտիրոսյանի, եկել են իրենց առանձին օրակարգը «Րաֆֆի Հովհաննիսյանին պարտադրել փորձելու»:

Ի պատասխան ոստիկանության հավաստիացմանը, որ իրավապահները արդյունավետ են աշխատել` կանխելով իրավիճակի սրումը, «Ժառանգության» փոխնախագահը հակադարձում է. - «Ոստիկանությունը նախկինի պես որպես մահակ է ծառայում եւ պաշտպանում է ոչ թե ժողովրդի, այլ մի խմբի անվտանգությունը»: Տեղեկացանք, որ դեռեւս քրեական գործ չի հարուցվել իրեն ծեծած ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու` Մարտիրոսյանի հաղորդման հիման վրա: Ըստ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ակտիվիստների բացահայտումների, ոստիկանը Մերձավանի 23-ամյա բնակիչ Արթուր Ղազարյանն է:

Ոստիկանները բերման են ենթարկում Արմեն Մարտիրոսյանին, լուսանկարը` News.am-ի
Ոստիկանները բերման են ենթարկում Արմեն Մարտիրոսյանին, լուսանկարը` News.am-ի
«Լրատվամիջոցները իմ դեպքի հետ կապված նոր տեսանյութ են տարածել, վերնագիրն էլ դրել են` «Եթե Արմեն Մարտիրոսյանը իմանար նման տեսանյութ կա, ապա ձայն չէր հանի»: Շատ շնորհակալ եմ իրենց այդ տեսանյութը տեղադրելու համար, որովհետեւ դրանից հետո իմ ձայնը ավելի բարձր է հնչելու, հենց այս տեսանյութում շատ ավելի ակնհայտ է դառնում ինձ` արդեն երկու հոգով հարվածելու փաստը, եւ թե ինչպես են ոհմակի նման հարձակվում վրաս», - ասաց նա` շարունակելով. - «Այլ կադրեր էլ կան, որ քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ էլ ոչ իրավաչափ գործողություններ են կատարում ցուցարարների նկատմամբ: Վերջապես օրենք փոփոխեցինք Մարտի 1-ից հետո, որ որեւէ իրավապահ քաղաքացիական հագուստով չմոտենա քաղաքացուն, բացառապես լինեն ոստիկանական համազգեստով, բայց օրենքն իրենք չեն կատարում, բարդում են քաղաքացու վրա»:

Ի դեպ, ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու կամ անհամաչափ գործելու հայտարարությունները ոստիկանությունը բնորոշել է «մեղմ ասած, ժամանակավրեպ եւ մասնագիտական հիմնավորումներից զուրկ», հիշեցնելով Բաղրամյան պողոտայով երթի արտոնված չլինելու մասին:

«Հավաքների ազատության իրավունքը որեւէ կերպ չի պաշտպանում հավաքի անցկացման արգելված վայր բռնի կերպով մուտք գործելու` հավաքի մասնակիցների որեւէ իրավունք», - ասված է ոստիկանության հայտարարությունում:

Ապրիլի 9-ի իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պարզաբանումներ է խնդրել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Մասնավորապես, նա հետաքրքրվել է 21 հոգու ոստիկանության Արաբկիրի եւ Էրեբունու բաժիններ բերման ենթարկելու իրավական հիմքերով:

«Միաժամանակ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ձեր կողմից ձեռնարկված /ձեռնարկվող/ միջոցառումների վերաբերյալ: Խնդրում եմ հայտնել նաեւ, թե ինչ իրավական հիմնավորվածությամբ է 2013 թ. ապրիլի 9-ին Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտան փակվել, ինչի արդյունքում սահմանափակվել են այլոց ազատ տեղաշարժման իրավունքը», - նշել է օմբուդսմենը` ոստիկանապետից պատասխան ակնկալելով եռօրյա ժամկետում:

Ինչ վերաբերում է իշխանական թեւին, ապա Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության համար «զարմանալի են» ոստիկանության հասցեին հնչեցվող քննադատությունները:

«Եթե ցանկացած ժողովրդավարական երկրում` ԱՄՆ-ից մինչեւ Ֆրանսիա, մատով չէ է, կես մետրի վրա ոստիկանին մոտենաս, տեսեք` ինչ են անում: Եվ այդ դեպքում լինեն մարդիկ, ովքեր որ ոստիկանությանը քննադատեն, ինձ համար զարմանալի է: Ես ոստիկանության պաշտպանը չեմ, ոստիկանությունը իմ պաշտպանության կարիքը չունի, բայց ես` որպես քաղաքացի, հիացած եմ ոստիկանության պրոֆեսիոնալիզմով, ոստիկանապետի պրոֆեսիոնալիզմով եւ մարդկային բարձր հատկանիշներով: Եվ նաեւ մեր հասարակության այն հատվածի պահվածքով, ովքեր չգնացին սադրանքների: Ի վերջո իրար ծեծելով, իրար հայհոյելով խնդիր չենք լուծում », - այսօր հայտարարեց Հանրապետականի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
XS
SM
MD
LG