Մատչելիության հղումներ

Ապրիլի 12-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Ո՞րն է այցելության նպատակը՝ պարզ չէ: Այսինքն՝ պարզ չէ, թե հատկապես որ գործընթացի հարցն է Մոսկվայում քննարկելու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահական ընտրությունների՞, թե՞ Երեւանի ավագանու ընտրությունների: Նաեւ հայտնի չէ, թե ում հետ են լինելու քննարկումները: Շատ հավանական է, որ լինի այցի, այսպես ասած, տեսանելի եւ անտեսանելի հատված, այսինքն՝ հանդիպումներ, որոնց մասին պաշտոնական որեւէ տեղեկատվություն չի լինի, բայց որոնք կարող են լինել ամենակարեւորը այդ այցի ընթացքում: Փոքր-ինչ պարզունակ կլինի մոսկովյան այցը դիտարկել միայն, այսպես ասած, Կրեմլի «դաբրո» ստանալու տեսանկյունից: Այս այցելությունն ավելի շատ վկայությունն է այն բանի, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները թելադրված են արտաքին կենտրոնների գործողություններով կամ ծրագրերով, եւ այդ իսկ պատճառով էլ զարգացումներն ի վերջո հանգեցրին արտաքին որեւէ այցի, տվյալ դեպքում՝ դեպի Մոսկվա»:

«Առավոտ»-ի խմբագիրը, հիշեցնելով ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե պատրաստ է գնալ Վլադիմիր Պուտինի մոտ` հետ բերելու հայ ժողովրդի հաղթանակը, գրում է. - «Ի՞նչ է նշանակում, օրինակ, Պուտինին այցելելով «հետ բերել հայ ժողովրդի հաղթանակը»: Պուտինը, որն, ի դեպ, երեկ Ուլան-Ուդեում էր, պետք է գրավոր հավաստիացնի, որ նա սխալվե՞լ է, եւ Հայաստանի իրական նախագահը Րաֆֆի Հովհաննիսյա՞նն էր: Կամ այսօր բանավոր կհայտարարի դա Ազատության հրապարակո՞ւմ: Ժամանակը չէ՞ հրաժարվել մշուշոտ, պոետիկ ձեւակերպումներից, փոխաբերական, խորհրդանշական իմաստներից եւ խոսել ավելի պարզ, հասկանալի լեզվով: Երբ ինչ-որ բան ասվում է բանավոր, մանավանդ՝ հարթակից, էմոցիաների ազդեցության տակ, կարող է շատ գեղեցիկ եւ նույնիսկ բավականին տրամաբանական թվալ: Բայց երբ նույն տեքստը ձայնագրում ես, վերծանում եւ հանձնում ես թղթին, տպավորությունդ կարող է փոխվել»:

«Ազգ» թերթը գրում է. - «Թե ի՞նչ է անում Մոսկվայում «հայ ժողովրդի հաղթանակը», անկեղծ ասած, դժվարանում ենք ասել, ու սա այս պարագայում էական էլ չէ: Էականն այն է, թե Րաֆֆին ո՞ւմ պետք է հանդիպի ՌԴ մայրաքաղաքում: Րաֆֆիին Մոսկվայում ՌԴ քաղաքական վերնախավը չի սպասում, ու դատելով հանգամանքից, որ ապրիլի 9-ին համալիրում` Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, այլ ոչ թե հրապարակում «հաղթահավաքին» ներկա էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, նաեւ ստացվում է, որ Մոսկվայում Րաֆֆիին չեն սպասում նաեւ Ռուսաստանի հայերը, գոնե այդ հայերի` քաղաքականապես ու հասարակական կյանքում ակտիվ մասը: Փաստորեն, Րաֆֆին Մոսկվա է մեկնել ոչ մեկին չհանդիպելու կամ իրեն միայն հայտնի մեկին հանդիպելու համար»:

«Հայկական ժամանակ» թերթը չի բացառում, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ հավանական ֆորս մաժորի դեպքում Սերժ Սարգսյանը ավագանիում ՀՀԿ-ի մեծամասնությունը պահպանելու համար, հնարավոր է, ստիպված լինի ԲՀԿ-ին կրկին կոալիցիա հրավիրել, թեեւ այս պահին ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես հերքում են, որ կոալիցիոն գործընկերությունը նրանց միջեւ կարող է վերականգնվել. - «Մինչ այդ ԲՀԿ-ն փորձելու է իր քարոզարշավը տանել ամենաընդդիմադիր շեշտադրումներով: Մյուս ուժերը եւս` փորձելով հնարավորինս փոշիացնել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: Եվ արդեն երկու օր Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ իրականացվող հարձակումները պայմանավորված են հենց մայիսի 5-ին սպասվող ավագանու ընտրություններով: Մինչեւ օրս բոլոր հարցումներով առաջատարն է «Բարեւ, Երեւան» դաշինքը, ինչը, բնականաբար, իշխանական եւ ընդդիմադիր ուժերի սրտովը չէ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG