Մատչելիության հղումներ

Սարգսյանը կառավարության գործունեությունը ձախողված չի համարում


Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում, արխիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում, արխիվ
Հրաժարական ներկայացրած կառավարության Ազգային ժողովում այսօր կայացած վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը, գործադիրի անցած հինգ տարիների գործունեությունը գնահատելիս, ասաց, որ իրենք չեն ձախողել:

«Առաջին հերթին համաձայն չեմ, որ մենք ձախողել ենք, որովհետեւ մենք արել ենք առավելագույնը, ինչ կարողացել ենք, որպեսզի այդ բացասական երեւույթները, որոնք առկա ենք Հայաստանում, մեղմենք: Ինչ-որ միջոցառումներ, ինչ-որ ծրագրեր կարող էինք ավելի արդյունավետ անել, ինչ-որ ծրագրեր կարող էինք անել, որ չենք արել, բայց ռազմավարությունը եւ ընդհանուր ուղղությունը ճիշտ է եղել», - հայտարարեց վարչապետը:

Սարգսյանն այս դիտարկումն արեց ի պատասխան ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գնահատականների, ով մատնացույց արեց երկրում գրանցված 36 տոկոսից ավելի աղքատությունը, մեծ ծավալների հասնող արտագաղթը, ստվերային տնտեսության բարձր ցուցանիշը:

Տիգրան Սարգսյանը ընդունեց, որ թերացումներ եղել են. - «Կարծում եմ, մեր հիմնական թերացումներից մեկը կայացել է նրանում, որ մենք չենք կարողացել ձեզ հետ միասին գալ համաձայնության այն հարցի շուրջ, թե որոնք են այդ պրոբլեմների բուն պատճառները: Եվ այստեղ են, որ մեր քաղաքական ընկալումները ձեզ հետ էապես տարբերվում են, եւ սա մեր լրջագույն բացթողումներից մեկն է, որ չենք կարողացել ձեզ համոզել, որ մեր ախտորոշումները իրականությանը ավելի մոտ են, քան ձեր ախտորոշումները: Բայց փառք Աստծո, մեր բնակչությունը տվել է իր ճիշտ գնահատականը մեր կողմից կատարվածի եւ չկատարվածի, մեր դրականի եւ բացասականի համար, եւ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք առաջնորդվել հենց այդ գնահատականներով, որ տալիս է մերը ընտրողը», - ասաց նա:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում տարբեր ոլորտներին առնչվող այլ հարցեր եւս հնչեցին: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու հարցին, սոցիալական այլ խնդիրների լուծմանն ուղղված քայլերին եւ այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG