Մատչելիության հղումներ

«Ծառուկյանի հայտարարությունները ուղղված են հակաքարոզչություն իրականացնողներին»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարություններն ուղղված են եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ «անպարկեշտ հակաքարոզչություն» իրականացնողներին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին Ծառուկյանի հնչեցրած հայտարարություններին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայտարարել էր. – «Եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք եւ վիրավորողը իմ հետ է գործ ունենալու»:

Այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել սոցցանցերում: Նաիրա Զոհրաբյանը «ակնհայտ» համարեց, որ «որոշ քաղաքական ուժեր հակված չեն ցիվիլ պայքարի» եւ տրամադրված են պայքարը «անձնավորելու», «քաղաքական մրցակցային դաշտից այլ դաշտ տեղափոխելու», ինչին էլ վերաբերել է Ծառուկյանի հայտարարությունը. – «Կարծում եմ՝ շատ հստակ է պարոն Ծառուկյանի ասածը, որ մենք թշնամիներ չունենք ընտրություններում եւ ընդհանրապես թշնամիներ չունենք, մենք գնում ենք քաղաքակիրթ, ցիվիլ պայքարի: Բայց նրանք, ովքեր կփորձեն խախտել քաղաքակիրթ, ցիվիլ պայքարի կանոնները, ովքեր կանցնեն ստի, հերյուրանքի, ապատեղեկատվության զինանոցի, Գագիկ Ծառուկյանը, ով համամասնական ցուցակում չկա, բայց, բնականաբար, պատասխանատվություն է կրում ողջ այս գործընթացի համար, այո դա ընդունելու է որպես կուսակցության եւ կուսակցության նախագահի դեմ ուղղված կոնկրետ քայլ կոնկրետ քաղաքական ուժերի կողմից: Եվ, բնականաբար, համարժեք, եւ մի բան էլ ավելի պատասխան ստանալու է»:

Նաիրա Զոհրաբյանը չկոնկրետացրեց, թե որ քաղաքական ուժին նկատի ունեն, հայտարարելով. – «Որեւէ քաղաքական ուժ թող իրեն արտոնյալ չզգա, որ ԲՀԿ-ն իրեն է համարում լուրջ մրցակից»։ – «Բոլորը մեզ համար հավասար են», – ասաց նա:

Ինչ վերաբերում է քարոզարշավին. քարոզարշավի մեկնարկը երեկ ԲՀԿ-ից բացի ազդարարել են նաեւ Հայ ազգային կոնգրեսը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Օրինաց երկիրը»։

Թեեւ Դաշնակցությունը ապրիլի 7-ին նվիրված տոնական մեկնարկ էր նախատեսել, բայց Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կապակցությամբ կուսակցությունը որեշեց հետաձգել մեկնարկը։

Հայ ազգային կոնգրեսի քարոզարշավը Մարտիրոս Սարյանի արձանի մոտ սկսվեց, «Բարեւ Երեւանինը»՝ Պուշկին-Եկմալյան խաչմերուկի պուրակում, որը ընդդիմադիրների խոսքով, «Ժառանգություն» կուսակցությունը փրկել է շենք դառնալու վտանգից։ Ակցիայի մասնակիցները խորհրդանշական սեւ հող լցրեցին պուրակում եւ ծառ ու ծաղիկ տնկեցին:

«Օրինաց երկիրը» Արմենիա-Մարիոթ հյուրանոցում ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:

Իշխող Հանրապետականը քարոզարշավը սկսեց այսօր` Մալաթիա-Սեբաստիա համայնքում բակային հանդիպմամբ:

Ընդհանրապես, ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը նախընտրում են բակային հանդիպումները: Բոլորը մեզ փոխանցեցին, որ շրջելու են բակ առ բակ: Խոշոր հավաքներ, հանրահավաքներ նախատեսված են քարոզարշավի կեսերից:

Ընդդիմադիրներն արդեն իսկ ահազանգում են անհավասար մրցակցային պայմանների մասին։

«Երկու ամիս է, ինչ գրեթե բոլոր ալիքներով առավոտից երեկո Տարոն Մարգարյան են ցույց տալիս։ Այս պարագայում ես կարծում եմ, որ հավասար պայմաններ չկան, մեկնարկը իրենք վաղուց են տվել», – «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակում ընդգրկված Դավիթ Սանասարյանը:

Հայ ազգային կոնգրեսի ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանն էլ ակնհայտ համարեց, որ ընդդիմությունը պայքարում է ողջ վարչական ռեսուրսի դեմ։

«Ունեն, այո, վարչական ռեսուրսները: Ամբողջ դպրոցները, մանկապարտեզները, տեղական ինքնակառավարման մարմինները, ԲՈՒՀ-երը, բոլոր այն կառավարման մարմինները, որոնք ենթակա են այս իշխանություններին, ամբողջությամբ աշխատում են այդ թեկնածուի օգտին: Բայց դա մեզ չի վախեցնում»,- ասաց նա:

Հանրապետականը հերքում է անհավասար մրցակցության մասին պնդումները, դրանք համարելով «քաղաքական հայտարարություններ»։

«Սա ընդամենը քաղաքական բնույթի հերթական հայտարարությունն է, որը որոշակի խնդիրներ է լուծում: Նախապես ապահովում են իրենց պարտությունը, որ պարտվելու դեպքում կամ մեղքը բարդեն, գցեն այս կամ այն քաղաքական թիմի, այս կամ այն հանձնաժողովի անդամի, հանձնաժողովի գործունեության վրա»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։

Հանրապետականն ամենամեծ ռեսուրսներով է սկսել քարոզարշավը. ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ամենահարուստն է. ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրի, նրա գույքն ու միջոցները գերազանցում են նույնիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցները: ՀՀԿ-ն հայտարարագրել է մոտ 34 միլիոն դրամ, իսկ ԲՀԿ-ն այդ գումարից շուրջ 4 անգամ պակաս` մոտ 9 միլիոն դրամ:

Մյուս ուժերը իրենց ռեսուրսներով զգալիորեն զիջում են. Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը հայտարարագրել են շուրջ 2-ական միլիոն, «Օրինաց երկիր»-ը` 1 միլիոն 366 հազար դրամ: «Բարեւ Երեւան» դաշինքին մաս կազմող «Ժառանգություն»-ը հայտարարագրել է միայն եկամուտները` 25 միլիոն 666 հազար դրամի նվիրատվություններն ու 4 միլիոն 387 հազար դրամի պետբյուջեից ֆինանսավորումը:

Հովհաննես Սահակյանը որեւէ արտառոց բան չի տեսնում նրանում, որ իշխող կուսակցությունը նյութական ամենամեծ ռեսուրսներով է քարոզարշավը սկսում:

«Այստեղ որեւէ նորություն կամ, այսպես ասած, սենսացիա փնտրել չի կարելի, կամ գոնե միտումը պետք է այդ ուղղությամբ չտանել, որովհետեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ձեւավորվել է, հիմնադրվել է դեռեւս 90-ականներին, եւ, կարծում եմ, այս տարիների ընթացքում նաեւ կարող է, ինչու չէ, ոչ միայն քաղաքական կշիռը ավելանալ, այլ նաեւ` գույքային կամ, այսպես ասած, նյութական», - ասաց Հովհաննես Սահակյանը` ընդգծելով.-«Դա իսկապես որեւէ առումով նշանակություն չունի քաղաքական թիմի քաղաքական կշռի հետ կապված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG