Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը չի մասնակցի նախագահի երդմնակալությանը


Դաշնակցություն խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
Դաշնակցություն խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը այսօր հայտարարել է, որ չի մասնակցելու Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը:

«Երկրում արդարության հաստատմանը, քաղաքացու ազատ ապրելուն, աշխատելուն եւ արարելուն ուղղված խոչընդոտները, ահագնացող աղքատությունն ու սոցիալական բեւեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, բավարար վստահություն չներշնչող ընտրական եւ միահեծան նախագահական համակարգերը խարխլում են ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը, ջլատում ազգային միասնությունը եւ թուլացնում հայոց պետականությունը», - ասված է խմբակցության հայտարարությունում: - «Այս իրողություններին հակառակ` գործող իշխանությունն անհաղորդ է մնում համակարգային, արմատական փոփոխություններ կատարելու` հասարակական պահանջին։ Ցավալիորեն այն դեռեւս բավարար չափով ընկալում չի գտնում նաեւ քաղաքական տարբեր շրջանակների կողմից»:

«Համոզված ենք` ստեղծված վիճակից ելքը Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից առաջադրված` իշխանություն - ընդդիմություն քաղաքական միասնական օրակարգով արմատական եւ խորքային բարեփոխումներն են», - հայտարարում է Դաշնակցության խմբակցությունը` շարունակելով. - «Իշխանությունները պարտավոր են, սթափ գնահատելով առկա իրավիճակը, գիտակցել արմատական համակարգային փոփոխություններ կատարելու` համընդհանուր հրամայականը»։

Մեկնելով այս հաստատումներից` Դաշնակցության խմբակցությունը հայտարարում է, որ «չի մասնակցելու Հայաստանի Հանրապետության նախագահի երդման արարողությանը նվիրված` Ազգային ժողովի 2013 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստին», եւ որ «արմատական եւ խորքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ իշխանությունների կողմից քաղաքական կամք դրսեւորելու եւ գործուն քայլեր ձեռնարկելու պարագայում կցուցաբերի համարժեք վերաբերմունք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG