Մատչելիության հղումներ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Ագօս»-ի խմբագրի եւ գրողի դեմ


«Ագօս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշ, արխիվ
«Ագօս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշ, արխիվ
Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել հայկական «Ագօս» («Ակոս») թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի եւ գրող Ումիթ Կիվանչիի դեմ` թուրքերի ինքնությունը վիրավորելու մեղադրանքով, որը ներկայացրել է Անթալիայի մի բնակիչ:

Այդին Թաշին 2012 թվականի մայիսին դատախազությանը արդեն ցուցմունքներ է տվել: Հայցվորը պնդում է, որ Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռից անմիջապես հետո հեռուստատեսային մի հաղորդման ընթացքում Քոփթաշը եւ Կիվանչին վիրավորել են թուրքերի ինքնությունը` Դինքի սպանության համար մեղադրելով պետությանը:

«Որպես Թուրքիայի քաղաքացի` ես ցանկանում եմ նշել, որ չեմ ընդունում նրանց խոսքերը, թե Թուրքիա պետությունն է մարդասպանը, որ այն շարունակում է սպանությունները, ինչպես նաեւ անընդունելի են դատավարության ընթացքում նրանց արած արտահայտությունները», - դատախազությանը գրել է Թաշին:

Այս մասին տեղեկացնում է Radikal թերթը, նշելով, որ իր աղբյուրների համաձայն` դատախազությունը հիմա ապացույցներ հավաքելու փուլում է, եւ անցած շաբաթ դատախազություն են հրավիրվել նաեւ Քոփթաշը եւ Կիվանչին:

Միաժամանակ, թուրքական թերթը նշում է, որ նոր օրենքի համաձայն` թուրքերի ինքնությունը վիրավորելու 301-րդ հոդվածով ցանկացած գործ հարուցելու համար դատախազությունը պարտավոր է թույլտվություն ստանալ արդարադատության նախարարությունից: Նախարարությունից Radikal-ին ասել են, որ Քոփթաշի եւ Կիվանչիի դեմ գործ հարուցելու համար ոչ մի դիմում չեն ստացել:

Քոփթաշի եւ Կիվանչիի փաստաբանը ասել է, որ այդ բողոքը չպետք է քննարկվի, չպետք է ուշադրության արժանանա: Փաստաբանը նշել է, որ Դինքի սպանության գործով պետական ծառայողների պատասխանատվությունը որոշված է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում: Նույնիսկ Թուրքիայի դատախազությունն է ընդունում, որ Դինքի սպանության գործը լիարժեքորեն չի հետաքննվել:

Քոփթաշն ու Կիվանչին արտահայտել են իրենց կարծիքները, ընդգծել է փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG