Մատչելիության հղումներ

Ապրիլի 6-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվատաբանելու, չվիրավորելու պատրաստակամությունը իմ մեջ եւ, վստահ եմ, շատ-շատերի մեջ հարգանք եւ համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման ընկեր, եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան եւ ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը ձեւակերպի ինչ-որ իրատեսական, շոշափելի նպատակներ: Երբ այդ նպատակները ձեւակերպում է Րաֆֆի Հովհաննիսյանի հարգարժան պապը, ես դրա դեմ ընդվզում եմ (հասկանալով, իհարկե, որ իմ սփյուռքահայ եղբայրները այլ կարծիքի են): Ես էլ եմ, իհարկե, ուզում, որ մեր փոքր Հայաստանը դառնա ավելի մեծ՝ ընդհուպ մինչեւ «ծովից ծով»: Բայց ես նաեւ հասկանում եմ, որ քաղաքական օրակարգում նման էմոցիոնալ զեղումների ձեւակերպումն անիմաստ է, եթե ոչ՝ վտանգավոր: Անձամբ ես չեմ ընդունում որեւէ հասարակական պարտավորվածություն, որը չի բխում օրենքի պահանջներից: Մնացածը ցանկություններ են, տեսակետներ են, իրավունքներ են: Պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ լավ եք անում, ձեր իրավունքն է: Պահանջո՞ւմ եք Թուրքիայից, Իրանից եւ Վրաստանից մեր պատմական հայրենքը՝ էլի նորմալ է: Գտնո՞ւմ եք, որ բոլոր թուրքերին պետք է պայթեցնել՝ որպես վրեժ Ցեղասպանության համար՝ այդ տեսակետն էլ գոյության իրավունք ունի: Բայց մի՛ պահանջեք, որ աշխարհի բոլոր հայերը նույն կերպ մտածեն»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Շարժումը մարում է՝ տագնապած ասում են Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները: Շարժումը մարում է՝ իր հրճվանքը չի թաքցնում իշխանությունը: Իհարկե, շարժումը պետք է մարեր՝ հաղթանակած ասում են անցյալում հրապարակը զբաղեցնող ուժերը, որոնք, մի կողմից, չեն մասնակցում նոր շարժմանը, մյուս կողմից՝ չարախնդում են, թե հանրահավաք անելը «թթու թան չէ, ամեն մեկի բան չէ». մենք կարողացանք գոնե մի քանի տարի հրապարակը լեցուն պահել, հսկայական թվով մարդիկ հավաքեցինք, մի կես քայլ էր մնում իշխանափոխությունից՝ չստացվեց: Նորօրյա շարժման ղեկավարները հույս ունեն, որ ապրիլի 9-ին, այնուամենայնիվ, մեծաթիվ բազմություն է հավաքվելու հրապարակում, եւ իրենց մինչ օրս գերգաղտնի պահվող ծրագիրը հաջողվելու է իրականացնել: Թե ինչու պետք է ապրիլի 9-ին հավաքվի այդ բազմությունը, եթե ապրիլի 5-ին չի հավաքվում՝ ոչ ոք չի ասում»:

«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը, խոսելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին «Բարեւի» շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված առաջարկի մասին, ասում է. - «Ի՞նչ է նշանակում իշխանությունը կիսել ժողովրդի հետ: Եթե փորձենք քաղաքագիտական իմաստ դնել դրա մեջ` պետք է ասենք հետեւյալը. Կամ հրաժարական եւ նոր ընտրություններ, ինչպես գրված է, կամ էլ իշխանության սահուն հանձնում ժողովրդին»: Ըստ քաղաքագետի` Հովհաննիսյանի առաջարկի հիմքում դրված է կամ հիմա նախագահի հեռացում, կամ իշխանության սահուն փոխանցում հասարակությանը տրամաբանությունը: Սակայն այս առումով Մանվել Սարգսյանը լավատես չէ: Քաղաքագետը նշում է նախկինում ընդդիմության եւ իշխանության միջեւ եղած երկխոսության նախադեպերը` հիշեցնելով, որ 2011 թվականին ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը բերեց նրան, որ շարժումը ամբողջովին մարեց եւ ժողովուրդը դա չընդունեց:

«Ժամանակ»-ը գրում է. - «Երեւանի ավագանու ընտրություններին դանդաղորեն ձեւավորվում է երկու հիմնական բեւեռ` Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան»: Նախագահական ընտրություններին աննախադեպ բարձր` 37 տոկոս ստացած Րաֆֆի Հովհաննիսյանին կարծես թե չի հաջողվում դառնալ Հանրապետականի հիմնական մրցակիցը: Այդ դերը վերստին իրեն է վերադարձնում ԲՀԿ-ն` իր կուսակցական եւ ֆինանսական հսկայական միջոցներով անցած տարվա խորհրդարանական ընտրությունների նման այս անգամ եւս փորձելով գոնե երկրորդ ուժը դառնալ: Փաստորեն թե իշխանությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացան օգտագործել ընձեռնված պատմական հնարավորությունը եւ ազատվել երկուստեք գլխացավանք դարձած ԲՀԿ-ից: Իսկ ԲՀԿ-ն էլ երկուսի համար իսկապես գլխացավանք է, հատկապես իշխանությունների համար, քանի որ անընդհատ նրա գլխին թափահարվող մահակ է, թե այլ ուժերի հետ միասին կարող է մեծ խնդիրներ առաջացնել իր համար: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է իր կողմից ստեղծված այս ուժը օգտագործել, նորից իշխանության գալ: Մեծ է հատկապես տագնապը, որ քաղաքական դաշտում ԲՀԿ-ի միջոցով Ռոբերտ Քոչարյանը կարող է շատ ավելի վաղ եւ շատ ավելի ակտիվ գործունեություն ծավալել»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը տպագրել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը ilur.am կայքին, որտեղ նա անդրադարձել է Հանրապետական կուսակցության ստրատեգիային Երեւանի ավագանու ընտրություններում. - «Իշխանությունները իրենք էլ հասկանում, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ, ՀՀԿ-ի նկատմամբ, իշխանությունների նկատմամբ ատելությունը շատ մեծ է եւ փորձում են հիմա առաջ մղել Տարոն Մարգարյանի անունը` ստեղծելով այն հեքիաթը, որ իբր նա սիրված, մաքուր տղա է, լավ քաղաքապետ է: Փորձում են համոզել ժողովրդին, որ եթե անգամ ատում եք Սերժ Սարգսյանին, գնացեք քվեարկեք Տարոնի օգտին, որովհետեւ նա լավ տղա է: Իրականում սակայն, սա բացարձակ կեղծիք է: Տարոն Մարգարյանը ոչնչով չի տարբերվում թալանչի վարչախմբի որեւէ պաշտոնյայից: Նա իրականում այս կոռումպացված շղթայի մի օղակ եւ կոռուպցիայի ապահովման բնագավառում բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները: Ընդհանրապես տարանջատել իշխանության որեւէ օղակ ուղղակի խաբեություն է եւ ռեժիմի իրականացման ամենակարեւոր բաղադրիչներից էլ մեկն էլ Երեւանի քաղաքապետարանն է: Այն ունի հսկայական իշխանական լծակներ եւ բիզնեսի բնագավառում, եւ դպրոցների, եւ հիվանդանոցների, եւ հողահատկացումների ոլորտում: Երեւանի քաղաքապետարանի իշխանությունը առնչվում է ցանկացած երեւանցու կյանքի հետ: Տարոն Մարգարյանը բոլոր կոռուպցիոն սխեմաների մասնակիցն է եւ իրականացնողը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG