Մատչելիության հղումներ

Ղարաբաղ է այցելել գերմանացի բարձրաստիճան պաշտոնյա


Լուսանկարը` Լեռնային Ղարաբաղի նախագահի գրասենյակի
Լուսանկարը` Լեռնային Ղարաբաղի նախագահի գրասենյակի

Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսը Ստեփանակերտում հանդիպեց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

Երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ է այցելել Գերմանիայի Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսը՝ այդ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի ուղեկցությամբ:

Չնայած Ադրբեջանից պարբերաբար հնչող սպառնալիքներին ու նախազգուշացումներին՝ ուղղված արտասահմանցի պաշտոնյաներին, ովքեր կհամաձակվեն այցելել Լեռնային Ղարաբաղ, գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան հինգշաբթի օրը հանդիպել է Ղարաբաղի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ ու համագործակցության պատրաստակամություն հայտնել:

«Սա իմ արդեն երրորդ այցելությունն էր Հայաստան, եւ մենք հնարավորություն ստեղծեցինք նաեւ անպայման Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու», - Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Մաթիաս Վիլկեսը` շարունակելով. - «Մեզ համար իրոք նախ մեծ պատիվ է, որ մենք նաեւ ընդունվեցինք Lեռնային Ղարաբաղի նախագահի կողմից: Մենք քննարկեցինք մշակութային եւ կրթական ոլորտում համագործակցություն սկսելու որոշ հարցեր»:

Նա տեղեկացրեց նաեւ, որ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում խոսել են համագործակցության այնպիսի ուղիներ գտնելու մասին, որոնք կարող են առաջիկայում Լեռնային Ղարաբաղի քաղաքական կյանքի մասին իրական վիճակը ներկայացնել Եվրոպային՝ նկատելով, որ ներկայումս Ղարաբաղի մասին տեղեկատվությունը սակավ է:

Առաջին անգամ է, երբ Լեռնային Ղարաբաղ է այցելել գերմանացի բարձրաստիճան պաշտոնյա:

Վարչապետ Արա Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում է` սեփական աչքերով տեսնելու երկիրը եւ առաջին ձեռքից ստանալու երկրում տիրող իրավիճակի մասին տեղեկատվություն:

Գերմանական պատվիրակության անդամները Լեռնային Ղարաբաղի կառավարության ղեկավարին հրավիրեցին իրենց վարչական շրջան, որտեղ կկազմակերպվի ֆորում` Ղարաբաղի մասին մանրամասն տեղեկատվություն տարածելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG