Մատչելիության հղումներ

New York Times-ը անդրադարձել է Թուրքիայում հայ կանանց վրա հարձակումներին


«Ագոս» օրաթերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշ, արխիվ
«Ագոս» օրաթերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշ, արխիվ
New York Times ամերիկյան հեղինակավոր պարբերականը ապրիլի 3-ին ծավալուն հոդվածով անդրադարձել է Թուրքիայում մեծահասակ հայ կանանց վրա իրականացված հարձակումներին` նշելով, որ այդ հարձակումները հայ համայնքում վախ են առաջացնում:

Թերթը գրում է, որ բռնությունները կարող են անցյալի խոշտանգումների վերակենդանացում լինել, ինչպես նաեւ հնարավոր է, որ դրանք ապագա լարվածության նշաններ լինեն, քանի որ Թուրքիան պատրաստվում է առերեսվել Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը:

Չնայած 2015-ին դեռ երկու տարի կա, երկրում արդեն հարց է բարձրանում, թե այդ տարելիցը ի՞նչ ազդեցություն կունենա՝ հաշտեցման ու օսմանյան բանակի իրականացրած կոտորածները լիակատար ճանաչելու հնարավորությո՞ւն է, թե առիթ է ավելի մեծ լարվածության եւ ատելության կոչերի համար, ինչպիսիք արդեն հայտնվել են սոցցանցերում հայ կանանց վրա հարձակումներից հետո:

«Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ, միայն այդ դեպքում Թուրքիան ժողովրդավարական երկիր կդառնա», - New York Times-ին ասել է «Ագոս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը:

Վերջին հարձակումների, հայկական թաղամասում տիրող մթնոլորտի մասին Քոփթաշը ասել է, որ «համայնքը միշտ վախով է ապրում, որովհետեւ միշտ ճնշումների տակ է եղել: «Մենք միշտ համարվել ենք օտարներ, երկրորդ դասի քաղաքացիներ», - ասել է նա:

Հոդվածագիրը, նկարագրելով հարձակումների միջադեպերը, մեջբերում է հարձակման ենթարկված կանանցից մեկի խոսքերը. - «Նա նորից ու նորից հարվածում էր ինձ, ի՞նչ էր նրա ուզածը, ի՞նչ էի արել ես նրան», - ասել է 88-ամյա Թուֆանդա Աշիկը, ում մի աչքը կուրացել է հարվածներից, մարմինը պատվել է կապտուկներով:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում կատարված հարձակումների շարքում տիկին Աշիկը առաջին զոհն էր, ով չնայած դաժան ծեծին, բախտավոր է, գրում է թերթը` նշելով, որ հարձակման ենթարկված կանանցից մեկը ստացած վերքերի արդյունքում մահացել է:

Ազգությամբ հայ ծեր կանանց վրա հարձակումների գործով իշխանությունները վերջերս ձերբակալել են մի կասկածյալի, ով, ինչպես ներկայացվեց, հոգեկան խնդիրներ ունեցող հայ է, այլ ոչ թե ատելության դրդապատճառներով հարձակումներ գործած մոլեռանդ թուրք, գրում է թերթը` միաժամանակ նշելով՝ սա Սամաթիայի որոշ բնակիչների մոտ միայն խորը կասկածներ է առաջացրել, որոնց կարծիքով` ոստիկանությունը միայն քավության նոխազ է գտել:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ հունվարի կեսերին մի քանի հարյուր մարդ Սամաթիա թաղամասում ցույց են անցկացրել, աջակցություն հայտնել հայերին: «Հայ ժողովուրդը միայնակ չէ», «Ուս-ուսի ընդդեմ ֆաշիզմի» կարգախոսներով անցկացված ցույցի մասնակիցներից ուսանող Այսեր Դեմիրը ասել է, որ հայերը մշտական վտանգի տակ են եւ կարող են սպանվել: Մեկ ուրիշ ուսանող ասել է, որ Թուրքիայում շատ ռասիստներ կան:

Տաքսու վարորդ, 35-ամյա Սեդաթ Չալիշկանը հարձակումների մասին ասել է, որ տարիների ընթացքում նման միջադեպեր չէին պատահել: «Կցանկանայի հավատալ, որ դրանք առանձին դեպքեր են», - ասել է նա:

Նա ապրում է հարձակման հետեւանքով սպանված հայ կնոջ տան հարեւանությամբ, երեք դուռ այն կողմ: Իսկ սպանված կնոջ տան մուտքին կարմիր մեխակներ են եւ գրություններ` «Ձեռք մի տվեք մեր հարեւան հայերին», «Մի լռեք, մի վախեցեք»:

Թերթը գրում է, որ ժամանակակից Թուրքիայի մի շրջանում եւս հայերի եւ ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսեւորումները լայնորեն տարածված են եղել՝ նրանք ենթարկվել են ազգայնականների հարձակումներին, նրանց համար փակ են եղել ազդեցիկ պաշտոնների հասնելու ճանապարհները, մասնավորապես բանակում բարձրաստիճան սպա դառնալու հնարավորություն չեն ունեցել: Հայերը սովորաբար արհեստավորներ են, առեւտրականներ, մի մասն աշխատում է թաղամասում գտնվող մեծ շուկայի հարեւանությամբ գտնվող խանութներում:

Սակայն Եվրամիությանը միանալու համար Թուրքիայի իրականացրած շատ բարեփոխումների շնորհիվ վերջին շրջանում շատ բան է փոխվել: Քոփթաշն ասել է, որ երիտասարդները, ինչպիսին ինքն է (նա 35 տարեկան է), կողք-կողքի գրում եւ խոսում են թուրք գործընկերների հետ:

«Վախը նվազել է, բայց ավագ սերնդի համար այն միշտ կա», - ասել է «Ագոս»-ի խմբագիը:

New York Times-ը, վերջում եւս մեջբերում է հարձակման ենթարկված 88-ամյա կնոջ խոսքերը, ում հետ տեղի ունեցած միջադեպին հոդվածի սկզբում անդրադարձել էր: «Դա շատ ծանր հարված էր իմ սրտին: Ինչպե՞ս կարող էիք այդքան ուժեղ խփել ինձ, մի՞թե դուք վախ չունեք Աստծուց», - ասում է Թուֆանդա Աշիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG